Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՏՆՎԵՑ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ

Հունվար 23,2003 00:00

ՄԱՏՆՎԵՑ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Մոսկվայում ընթացող ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների ֆուտբոլային չեմպիոնների միջեւ անցկացվող ավանդական «Համագործակցության գավաթի» խաղարկությունից, որն անցկացվում էր 11-րդ անգամ, տուն վերադարձավ։ 2002 թ. Հայաստանի լավագույն թիմը, որ ընդգրկված էր «B» խմբում, խմբային մրցաշարն անցկացրեց անհաջող եւ երեք հանդիպումներում կրելով երկու պարտություն, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, մեկ միավորով եզրափակեց «B» խմբի մրցաշարային աղյուսակը։ «Փյունիկը», որի համար 2002 թ. մրցաշրջանը բավականին հաջող էր, որի ընթացքում թիմը նվաճեց հանրապետության չեմպիոնի կոչումը, երկրի գավաթը, արժանացավ նաեւ սուպերգավաթին ու, որ անչափ կարեւոր է, հաղթահարեց Չեմպիոնների լիգայի ընտրական մրցաշարի առաջին փուլը՝ երկու անգամ հաղթելով Ֆինլանդիայի չեմպիոնին, Մոսկվայում հուսախաբ արեց իր երկրպագուներին։ Հայաստանի թիվ մեկ ակումբը նախ 1։2 հաշվով զիջեց Ռիգայի (Լատվիա) «Սկոնտոյին», այնուհետեւ անակնկալ պարտություն կրեց Տաջիկստանի չեմպիոն «Ռեգար-Թադազից» եւ միայն խմբային մրցաշարի եզրափակիչ խաղում ոչ-ոքի՝ 1։1, խաղաց «Բատեի» (Բելառուս) հետ։ Ինչ խոսք, «Փյունիկի» ցուցանիշները մոսկովյան մրցաշարում մտահոգությունների տեղիք են տալիս։ Հավանաբար, մեր չեմպիոնը դեռ երբեք այսքան անհաջող հանդես չէր եկել «Համագործակցության գավաթի» խաղարկությունում։ Սակայն անհրաժեշտ է լինել օբյեկտիվ, վերլուծել ձախողման իրական պատճառները, որոնք, անկեղծ ասած, քիչ չեն։ Սկսենք թիմի մարզիչներից։ Արգենտինացի մասնագետ Օսկար Լոպեսը դեռ դեկտեմբեր ամսին, մրցաշրջանի ավարտից հետո մեկնելով հայրենիք, այդպես էլ չվերադարձավ Հայաստան։ Նրա այդ քայլը, ճիշտն ասենք, տհաճ, անցանկալի անակնկալ էր թե՛ թիմի, թե՛ ակումբի ղեկավարության համար, որի հետեւանքով «Փյունիկի» ղեկավարությունը հայտնվել է ցայտնոտային տհաճ իրավիճակում։ Փաստորեն, թիմն այս տարի դեռ պատշաճ մակարդակով չի սկսել նախապատրաստվել նոր մրցաշրջանին։ Ճիշտ է, ֆուտբոլիստների մարզումային գործընթացը ժամանակավորապես ստանձնել ու իրականացնում են ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանն ու Սամվել Պետրոսյանը, սակայն նույնիսկ նրանց աշխատանքը չի կարող տալ ու առայժմ չի տալիս ցանկալի արդյունք։ Ըստ էության, Հայաստանի չեմպիոնն այսօր մարզիչների, նախ եւ առաջ՝ գլխավոր մարզչի, կարիք ունի։ Ու այդ ուղղությամբ ակումբի ղեկավարությունն աշխատում է։ Հաջորդ պատճառը, որ թիմը ձախողվեց Մոսկվայում, սերնդափոխությունն է ու նոր կազմի ընտրության ծանր խնդիրը։ Հայտնի է, որ «Փյունիկի» կազմում արմատական փոփոխություններ են տեղի ունենում ու դրանք դեռ շարունակվում են։ Թիմից հեռացել են մի շարք առանցքային խաղացողներ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Փյունիկի» գլխավոր հարվածային ուժը կազմող Քարամյան եղբայրներին, որոնք պայմանագրով տեղափոխվել են Հունաստան։ Դեռ մոսկովյան մրցաշարից առաջ ակումբի ղեկավարությունը փորձարկման էր հրավիրել արտասահմանցի մի ամբողջ շարք ֆուտբոլիստների, որոնք եկել էին Բրազիլիայից, Ռուսաստանից, Հարավսլավիայից… Սակայն այդ 11 հոգուց, ըստ վերջին տվյալների, թիմում մնացել է միայն Էդուարդ Պարցիկյանը (Ռուսաստան)։ Այնպես որ, «Փյունիկը» Մոսկվայում հանդես եկավ միանգամայն հում կազմով, մի պարագա, որի պայմանում հաջողություն դժվար էր ակնկալել։ Այդուհանդերձ, Ռուսաստանի մայրաքաղաքում վերջնականապես պարզ դարձավ, որ Հայաստանում էլ աճում են, կան շնորհալի, հեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնցից, թերեւս, արժե նշել Էդգար Մանուչարյանին։ Ինչեւէ, Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջանը դեռ չի սկսվել։ Այժմ մեզ մոտ նախապատրաստական ամենաեռուն ժամանակաշրջանն է։ Հուսանք, որ մինչ առաջնության մեկնարկը մեր բոլոր թիմերն արդեն լուծած կլինեն իրենց հիմնական խնդիրները եւ հանրապետության առաջնությունում կմրցեն առնվազն 4-5 մոտավոր հավասար ուժեր ունեցող թիմեր։ Մրցաշարային աղյուսակ Սկոնտո 3 2 1 0 6-2 7 Բատե 3 1 2 0 4-2 5 Ռ.-Թադ. 3 1 0 2 3-6 3 Փյունիկ 3 0 1 2 3-6 1 Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել