Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՐԻՄԱԿՈՎԻ ՄՈՏ. ՀԱՐՑՄՈՒՆՔԻՑ 14 ՏԱՐԻ ԱՆՑ

Հունվար 25,2003 00:00

ՊՐԻՄԱԿՈՎԻ ՄՈՏ. ՀԱՐՑՄՈՒՆՔԻՑ 14 ՏԱՐԻ ԱՆՑ Ռուս հայտնի քաղաքական գործիչ Եվգենի Պրիմակովը 1999թ. լույս տեսած իր «Մեծ քաղաքականության տարիները» գրքում անդրադարձ է կատարում Հայաստանին, ԼՂՀ կոնֆլիկտին: Նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորման խաղաղ գործընթացը կարելի էր բաժանել երեք մասի. հարցը լուծելու փորձեր կատարել մինչ մեծամասշտաբ ռազմական գործողությունների սկսելը, կրակի մարման ուղղությամբ բարդ գործունեության ծավալում, դիվանագիտական նախաձեռնությունների կիրառում՝ բազմակողմանի կայուն կարգավորման համար՝ արդեն պատերազմի արդյունքները հաշվի առնելով: Նա անձամբ առնչվել է այդ կոնֆլիկտի կարգավորման գործընթացին մինչ ԱԳՆ աշխատանքի տեղափոխվելը, այնպես որ՝ դատողություններ է կատարում ականատեսի դիրքերից: «Մինչ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանում, 1989-ի գարնան իմ ելույթը, Մոսկվայում ես հանդիպեցի Ղարաբաղյան շարժման երկու ռեալ ղեկավարների. ես չեմ խոսում նրանց մասին, ովքեր Ստեփանակերտից հեռու գտնվելով՝ իրենց այդպիսիների տեղ էին դնում, եւ որոնք հաճախ սադրիչ դեր էին կատարում՝ երբեք եւ ոչ մի հանգամանքում իրենք իրենց ռիսկի չենթարկելով եւ շրջանցելով իրենց իսկ ստեղծած հրդեհի բոցը: ԽՄԿԿ ԿԿ ղեկավարներից մեկի հետ հանդիպման էին եկել Ռոբերտ Քոչարյանն ու Մաքսիմ Միրզոյանը: Հին հրապարակում զրույցից հետո, Նամի Միկոյանի միջոցով, որի հետ ես եւ իմ հանգուցյալ կինը սերտ ընկերության մեջ էինք, նրանք ինձ հետ՝ այն ժամանակ ես ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ էի, առանձնազրույց խնդրեցին: Հանդիպեցինք իմ բնակարանում: Անմիջապես հարցրի՝ պատրա՞ստ են, արդյոք, անկեղծ զրույցի: Պատասխանեցին համաձայնությամբ: Հանգամանալից եւ անկեղծ երկխոսության ընթացքում ես կարծիք հայտնեցի, որ լավագույն ելքը կլիներ Ադրբեջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության հատուկ կարգավիճակը: Հավելեցի, որ մեր տեղեկություններով, ադրբեջանական ղեկավարությունը, մանավանդ Սումգայիթում հակահայկական պայթյունից հետո, որը ցնցեց ԽՍՀՄ հասարակությանը, դրան պատրաստ է: Ընդգծեցի, որ նոր կարգավիճակը ղարաբաղցիներին կտա մեծ առավելություններ, բայց հաշվի առնելով ԽՍՀՄ տարածքում զարգացող գործընթացները, ինչը ավելի կարեւոր է, այդ հանրապետական կարգավիճակը նրանց Ադրբեջանի սահմաններում ապագայում կտա էլ ավելի իրավունքներ: Այդ զրույցին ներկա էին իմ ուսանողական ընկերը՝ «Իզվեստիայի» մեկնաբան Կոստյա Գեյվանդովը, Ն. Միկոյանը եւ նրա որդին՝ արդեն հայտնի երաժիշտ Ստաս Նամինը: Հյուրընկալ տանտիրուհին իմ դուստրն էր, որն այդ հրաշալի գիծը ժառանգել էր մորից: Զրույցն այնքան ազատ էր, որ ես ասացի՝ ռիսկ չանելով իմ հյուրերին վիրավորել. հայերը պատմականորեն փառավորվել են որպես գիտնականներ, խոշոր առեւտրականներ, որպես մշակույթի եւ արվեստի գործիչներ, հրամանատարներ, բայց ոչ որպես քաղաքական գործիչներ: Միգուցե հենց այդ պատճառով են եղել այդքան կորուստները, ինչպես՝ Օսմանյան կայսրությանն անցած Արեւմտյան Հայաստանը: Մաքսիմ Միրզոյանը հակված էր, որ այսօրվա դրությամբ, հանարավոր է, լավագույն լուծումը հենց ինքնավար հանրապետության կարգավիճակն է: Ռոբերտ Քոչարյանը դրան հակադրվեց, թե. «Մեր ժողովուրդը Ղարաբաղում դա չի ընդունի»: Մինչ այդ, դրությունը շիկանում էր: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շրջանային խորհուրդը որոշում ընդունեց Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ Հայաստանին միանալու մասին: Երեւանը պատրաստակամություն ցուցաբերեց ԼՂԻՄ-ն ընդունել իր կազմում՝ ուղղորդվելով՝ ԽՍՀՄ գործող Սահմանադրությամբ: Նույն Սահմանադրությամբ ուղղորդվելով, Բաքուն կտրուկ դեմ արտահայտվեց դրան: Արդյունքում, տարածաշրջանում կրքերը ծայրաստիճան շիկացան: Ամենասկզբից էլ պարզ էր, որ պրոբլեմի կոմպրոմիսային լուծումն այլընտրանք չունի: 1989 թ. հունվարի 12-ին ընդունվեց ԽՍՀՄ ԳԽ հրաման՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում հատուկ կառավարում իրագործելու եւ այդ նպատակով Հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման վերաբերյալ՝ փորձառու Արկադի Իվանովիչ Վոլսկու գլխավորությամբ, որը արդեն մեկ տարի գտնվում էր Ստեփանակերտում՝ որպես ԽՍՀՄ ԳԽ ներկայացուցիչ: Այդ հրամանի հիման վրա լուծարվեցին կուսակցության շրջկոմը եւ ԼՂԻՄ շրջխորհուրդը: Ամբողջ իշխանությունը փոխանցվեց Հատուկ կառավարման կոմիտեին: Բայց կիսալեգալ այդ իրադրությունում շարունակում էին աշխատել տեղական մարմինները՝ Ղարաբաղի հայերի հսկողությամբ: Սկսվում էին զինված բախումներ: Վոլսկին կոչ արեց Կենտրոնին՝ իրադրությանն ավելի խորը խառնվելու…»: Գրեթե 14 տարի է անցել Ե. Պրիմակովի եւ Ռ. Քոչարյանի հետ վերոհիշյալ հանդիպումից. այն ժամանակ դեռ ոչ ոք չգիտեր, որ մի օր Ռ. Քոչարյանը Հայաստանի նախագահ կլինի: ՀՀ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանը, նույնիսկ իր ամանորյա ելույթում տրվելով ինքնագովության՝ հայատարարեց, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացում երբեւէ չի եղել այնպիսի հայանպաստ դրություն, ինչպես այսօր: Այդ ճամարտակությունները, սակայն, կրկնվում են արդեն մոտ երեք տարի՝ առանց մատնանշելու գեթ աննշան մի հանգամանք, ինչից կարելի լիներ եզրակացնել, որ ԼՂՀ-ն չի մնալու Ադրբեջանի կազմում: «Ինչ-որ էթնիկ անհամատեղելիություն տեսնելով հայերի ու ադրբեջանցիների միջեւ», մոսկվաներում, քի ուեսթներում հարց չի լուծվում: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել