Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Հունվար 25,2003 00:00

ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ Ռուսական մամուլում դեռ 2002-ի վերջին աստղագուշակները փորձել են կանխատեսել, թե ինչպիսին է լինելու 2003-ը ԱՊՀ երկրների նախագահների համար: Ըստ այդմ, աստղագուշակները Ձիու տարում ծնված ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին հուշում, բայց չեն պարտադրում հետեւյալը. «Ըստ ամենայնի, հեշտ ժամանակներ չեն սպասվում: 2003-ին խիստ ցավոտ կլինի հրաժեշտ տալ նախագահական շատ հույսերի: Ու թեեւ Հայաստանում ընտրությունների նախօրյակին այսպիսի կանխատեսումը կարող է հոգեկան հուզմունք առաջացնել ցանկացած թեկնածուի մոտ, աստղագուշակները խորհուրդ են տալիս՝ նախընտրական տխրությունները լավագույնս կարելի է փարատել մաքուր օդում զբոսնելով եւ չհիմնավորված հավակնություններից հրաժարվելով»: Իսկ ընդհանրապես, Հայաստանում երեւի արդեն սովորել ենք, որ ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաեւ ՀՀ կառավարության անդամների ու ՌԴ նախագահի եւ ՌԴ կառավարության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները, համապատասխանաբար՝ Մոսկվա ու Երեւան, ռուսական մամուլը որպես կանոն հեգնանքով է ներկայացնում, ինչը, առաջին հերթին ուղղված է ՀՀ իշխանությունների դեմ: Դա, գուցե, օրինաչափ է այնքանով, որքանով վերջիններս ՌԴ-ի հետ հարաբերվում են միայն իշխանության ղեկին մնալու եւ դրանով թելադրված կոնյունկտուրային շահերի շրջանակներում: Ահավասիկ Ռ.Քոչարյանի վերջերս կատարած այցի լուսաբանումն էլ ռուսական մամուլում այդ իմաստով նախորդներից ոչնչով չտարբերվեց: Թերեւս, բացառություններից էր միայն Ռ.Քոչարյանի՝ «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում Սվանիձեի հեղինակային՝ «Զերկալո», ծրագրում տված հարցազրույցը, որի համար, ըստ որոշ տեղեկությունների, ռուսաստանցի գործարար Արա Աբրահամյանը, իբր, մի կլորիկ գումար է «մուծվել»: Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցը ռուսական մամուլը միանշանակ է գնահատել՝ այն որակելով՝ իբրեւ «նախընտրական PR»: Հունվարի 17-ին մասնավորապես «Նեզավիսիմայա գազետան» իր «Շատ նախընտրական այց» վերտառությամբ հրապարակման մեջ նկատել է. «Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրազանգվածի մշակում է անցկացնում նաեւ Ռուսաստանում»: Ըստ թերթի մեկնաբանի, փետրվարի 19-ին ՀՀ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրություններից առաջ Մոսկվա կատարած այցելության առաջին օրը «Հայաստանի առաջնորդը նվիրել է սեփական «փիարին»: «Մոսկվայում նախագահի ենթադրյալ հաջողությունը հայ ընտրազանգվածին հասցնելուն էին կոչված Երեւանից Ռուսաստանի մայրաքաղաք ժամանած բազմաթիվ լրագրողները»,- արձանագրել է «ՆԳ»-ն: «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթն էլ «Ռուսաստանում՝ երկուսը՝ մեկ տարում. իսկ Հայաստանում՝ բաժնետոմսեր՝ պարտքի դիմաց» հրապարակումով է անդրադարձել հիշյալ այցին. «ԱՊՀ երկրների ղեկավարների համար արդեն բարի ավանդույթ է դարձել այդ երկրներում նախագահական ընտրությունների նախօրյակին «հաղորդակցվել» Մոսկվայի հետ: Իհարկե, ՀՀ ղեկավարի այցն ընթանում է տնտեսական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության խորացման կարգախոսի ներքո, բայց բոլորը հիանալի հասկանում են, որ ենթատեքստն այլ է. ընտրողներին պետք է ներկայացնել նոր ռազմավարական լուծումներ եւ մասշտաբային ծրագրեր»: Դրանց անդրադառնալով՝ թերթը գրել է. «Ռուսաստանը պարտքի դիմաց պահանջեց եւ ստացավ հայկական մի շարք ձեռնարկությունների բաժնետոմսերը: Ճիշտ է, մեզ բաժին հասավ ամենեւին էլ ոչ ամենաթանկը: Փոքրիշատե եկամտաբերներն արդեն օտարերկրյա ընկերությունների ձեռքում են, այդուհանդերձ, «հարաբերությունների խորացման» ներուժը ամենեւին էլ սպառված չէ»,- գրում է «ՄԿ»-ն՝ հավելելով, որ հենց այդ խնդիրներին էին նվիրված երկու նախագահների բանակցությունները, որոնց առնչությամբ վերջիններս գոհունակություն են հայտնել: «Ավելին, հայտարարվեց, որ հիմա մենք «տնտեսական թռիչքի» հիմքեր ունենք: Այ, հենց Հայաստանում ընտրություններն ավարտվեն՝ մենք կթռչենք»,- հեգնել է թերթը: Պետք է նկատել, որ ռուսական մամուլը ՀՀ իշխանությունների նկատմամբ նախկինում էլ ավելի ներողամիտ չի եղել: Այդ համատեքստում, արժե հիշեցնել «ՆԳ»-ի դեռ 2002-ի դեկտեմբերի 17-ի «Անվճար պանիր՝ ՀՀ նախագահական ընտրությունների համար» հրապարակումը, ուր դարձյալ անդրադարձ կար Ռ.Քոչարյանի Մոսկվա կատարելիք՝ այն ժամանակ դեռ սպասվող այցին: Գնահատականն այս իմաստով նույնն է եղել. «Նախընտրական մարաթոնի մասնակիցների նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքը շատ հարցերում կարող է որոշիչ լինել քվեարկության արդյունքների տեսանկյունից, քանի որ Հայաստանի ազգաբնակչության ոչ փոքր հատվածը լսում է «Ռուսաստանի ձայնը»: Հենց դրա վրա է հույսը դրել Հայաստանի նախագահը»: Ապա՝ անդրադառնալով նախագահական ընտրությունների մասնակից երկու թեկնածուներին՝ Ռ.Քոչարյանին ու Ա. Գեղամյանին, թերթը գրում է, թե դատելով կուլուարային տեղեկություններից, ՌԴ քաղաքական վերնախավի մի մասը պաշտպանում է Քոչարյանին, մյուսը՝ Գեղամյանին: «Բայց, եթե վերջինս իսկապես կարող է համարվել ռուսամետ քաղաքական գործիչ, ապա գործող նախագահն այդ իմաստով շատ հարցեր է առաջացնում: Մասնավորապես Քոչարյանն ակտիվ աջակցություն է ստանում ԱՄՆ-ի կողմից, իսկ ինչպես հայտնի է, ամերիկացիներն իրենց համակրանքները հենց այնպես ի ցույց չեն դնում: Քոչարյանի մեջ նրանք տեսնում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հատկապես ամերիկյան սցենարով համաձայնագրի կնքման երաշխավորի, որի համաձայն՝ ՀՀ-ն կկորցնի Իրանի հետ սահմանը եւ կհայտնվի ամերիկամետ պետությունների շրջապատման մեջ: Վաշինգթոնում հիանալի հասկանում են, որ ՀՀ նախագահը փախչելու տեղ չունի: Չէ՞ որ ընդդիմության հաղթանակի դեպքում 99-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետաքննությունը այլ կերպ կընթանա: Այդ գործով դատաքննությունը, ինչպես հայտնի է, դեռ ավարտված չէ: Եվ եթե ընտրություններում հաղթեն ահաբեկչության արդյունքում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանի զինակիցները, ապա հետաքննության ներկայիս վարկածը՝ ահաբեկիչների միայնակ լինելու մասին, դժվար թե ընտրություններից հետո երկար ապրի»: Ըստ ռուսական մամուլի՝ պատրաստեց Ն.ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել