Լրահոս
Օրվա լրահոսը

«Նպատակային» խախտումներ

Հունվար 25,2003 00:00

«Նպատակային» խախտումներ Գեղարքունիքի մարզում, պարզվում է, նախընտրական քարոզարշավի եւ Ընտրական օրենսգրքի նորմերը խախտվում են գրեթե ամեն քայլափոխի։ Վարդենիսցիներն իրենց ծանոթ-բարեկամներից տեղեկացել են եւ «Առավոտին» էլ հայտնեցին, որ «Մարզպետը բոլոր հիմնարկների պետերին հրավիրել է խորհրդակցության եւ բոլորին հորդորել հավաքվել, դիմավորել այդ մարդկանց (գործող նախագահի թիմին)»։ Պետական տարբեր օղակների ղեկավարներ գործող նախագահին շատ սիրելուց անգամ իրենց ենթակաների անձնագրերն են հավաքել՝ ընտրությունների օրը «նպատակային» օգտագործելու համար. «ստիպում են Քոչարյանին ընտրել, եթե չէ՝ կազատեն։ Վերդենիսի հրշեջ մասի ղեկավարը մոտ 60 աշխատողներից անձնագրերը վերցրել, տվյալները գրանցել է, հորդորելով Քոչարյանին ընտրել։ Ես հրշեջ մասում եմ աշխատում։ Ստիպված տվել եմ, որ աշխատանքից չազատվեմ»,- հայտնեց հրշեջ մասի մի աշխատակից, որի անունը եւ լուսանկարը հասկանալի պատճառով չենք տպագրում։ Մեկ այլ խախտում էլ այն էր, որ գործող նախագահի նախընտրական շտաբներից մեկը տեղեկայված է վիճակագրության Վարդենիսի տարածքային վարչության շենքում։ Բոլոր խախտումները գործող նախագահի օգտին են, փաստորեն։ Իսկ այս բոլորը «Առավոտի» ֆոտոխցիկն ու ձայնագրիչն արձանագրեցին ՀՀ նախագահի թեկնածու Արամ Զ. Սարգսյանի՝ մարզ կատարած այցելության ընթացքում։ Նրան մարզում դիմավորեցին հայկական «քարոզարշավային հյուրընկալության» արդեն ավանդական դարձած եւ բոլոր ձեւերով. աղ ու լավաշ, գառան մատաղ, զուռնա-դհոլ եւ այլն։ Իսկ առաջին գյուղում՝ Կարճաղբյուրում, անգամ «ապստամբներ» կային, որոնք դժգոհում էին զանազան թեկնածուներից։ Այնուամենայնիվ, հանդիպումը կայացավ, որից հետո նախագահի թեկնածուին Ծովակ, Ակունք գյուղերի եւ Վարդենիս, Սեւան քաղաքների բնակիչները դիմավորեցին առավել, քան ջերմ։ Սակայն հարկ է նկատել, որ այս բնակավայրերում Արամ Սարգսյանին ընկալում են նախագահի մեկ այլ թեկնածու Ս. Դեմիրճյանի հետ միասին։ Իսկ Արամ Սարգսյանը պաշտպանության նախարարի ուշադրությունը հրավիրեց. «Ռ. Քոչարյանը Ղարաբաղում Սամվել Բաբայանի մոտ նախագահ էր աշխատում, Հայաստանում՝ Վազգեն Սարգսյանի մոտ։ Որտե՞ղ են այդ երկուսը։ Սերժը թող մտածի»։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի «Աշխատենք միասին» կարգախոսի առնչությամբ Ա. Սարգսյանը նկատեց. «է, աշխատում է, էլի, որտեղ գործ կա, փայատեր է»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել