Լրահոս
Օրվա լրահոսը

«Մ՞ԻԹԵ ԵՍ ԴԻԿՏԱՏՈՐԻ ՆՄԱՆ ԵՄ, ՀԸ՞…»

Հունվար 28,2003 00:00

«Մ՞ԻԹԵ ԵՍ ԴԻԿՏԱՏՈՐԻ ՆՄԱՆ ԵՄ, ՀԸ՞…» Հարցնում էր Սերժ Սարգսյանը 1998-ին ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հատուկ ձեւ չի անում համեստ երեւալու համար։ Նա այսպիսին դարձավ ոչ թե նախագահության հինգ տարիների ընթացքում, այլ այդպիսին էր նաեւ, երբ ՀՀ վարչապետն էր եւ ՀՀ նախագահի թեկնածու։ Պրն Քոչարյանը ե՛ւ այսօր, ե՛ւ 1998-ին հայտարարում է, որ իր բոլոր խոստումները միշտ կատարում է։ Բոլորովին նախախնամության մատը չտեսնելով դրանում, այնուամենայնիվ, նկատեցի, որ թեկնածու Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավը լուսաբանելու բախտն եմ ունեցել նաեւ 1998-ին։ Այն ժամանակ պրն Քոչարյանը հայտարարում էր. «Տասնմեկ ամիս է, եւ որեւէ խոստում չի եղել, որ չեմ իրականացրել» (26.02.98 թ.)։ Այսօր նույն բանն ասվում է տարիներ անց եւս, սակայն բազմաթիվ օրինակներով (Սահմանադրության խոստացված եւ չիրականացված փոփոխությունից սկսած) կարելի է հակառակն ապացուցել։ Նույն 1998-ին ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, պատասխանելով մեր թերթի հարցին, թե Ռ. Քոչարյանի ընտրվելուց հետո որոշ ուժեր հնարավոր են համարում դիկտատուրայի հաստատումը, ասել է. «Մի՞թե ես դիկտատորի նման եմ, հը՞…։ Ոչ։ Դրանք նախընտրական հեքիաթներ են, ուղեղի մորմոքներ։ Հայ ժողովուրդը դիկտատուրա չի հանդուրժի»։ Իսկ այսօր, արձակուրդում գտնվող պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը։ Շտաբի պետին հանդիպելը, համենայնդեպս երեկ, պարզապես անհնարին էր։ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը միակն է, որ պահպանվում է «ախրանայով», բազմաթիվ երիտասարդ եւ կոփված կառուցվածքով տղաներ պարզապես չեն թողնում, որ շենքի ներսի աստիճաններից վերեւ բարձրանաս ու հանդիպես որեւէ մեկին։ Քաղաքացիների նկատմամբ ընդգծված սիրալիր են, շտաբի պետի տեղակալ ներկայացած մի երիտասարդ՝ Վ. Սարգսյան, քաղաքացիներին լսելուց հետո խորհուրդ տվեց ուղեւորվել Թեքեյան կենտրոն եւ այնտեղ հանձնել իրենց նամակները, մարդիկ դժգոհեցին, ու տեղակալը մարդկանց խումբ-խումբ (մեր սուբյեկտիվ դիտարկմամբ նա արդեն հասկացել էր, որ իր կողքին լրագրող է կանգնած) խիստ քաղաքավարի առաջնորդեց վերեւ։ Հենց այդ պահին ներկայացա եւ ցանկություն հայտնեցի մասնակցել քաղաքացիների հետ հանդիպմանը։ Պատասխանը մերժողական էր. «Դուք ինչո՞ւ պետք է մասնակցեք»։ Ասացի. «Պարզապես հետաքրքիր է հետեւել, թե ինչպե՞ս է նախընտրական շտաբը շփվում քաղաքացիների հետ, ի՞նչ հարցերով են դիմում եւ ի՞նչ պատասխաններ են ստանում»։ Պատասխանը սա եղավ. «մեր ընտրողների հետ հանդիպմանը դուք ինչո՞ւ պետք է մասնակցեք, ձեր բոլոր հարցերն ուղղեք մամուլի հարցերով պատասխանատուին»։ Ստացվում է, որ Ռ. Քոչարյանի շտաբում ընտրողներին իրենցն են համարում եւ իրենցով անում եւ գերադասում են այդ բանն անել մամուլի աչքից հեռու (իհարկե՝ անկախ եւ անպատասխանատու մամուլի, ըստ իրենց)։ Իսկ ինքը՝ ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, ընտրողների հետ հանրահավաքային բոլոր հանդիպումներում հայտարարում է, թե չի կարելի քարոզարշավն օգտագործել փոխադարձաբար միմյանց սեւացնելու, թշնամանքի եւ չարության համար, որ այդպես են վարվում փոքրիկ մարդիկ, որոնք փոխանակ իրենց ծրագրերից խոսեն, զբաղվում են հակաքարոզչությամբ։ Պարզվում է, այս մտքերն ամենեւին էլ թարմ չեն եւ լուրջ սպասելիք պետք չէ ունենալ, նմանատիպ բաներ թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է նաեւ 98 թ. ընտրությունների ժամանակ։ Օրինակ, 98 թ. մարտի 9-ին, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է. «Բոլոր հանցագործություններ կատարողները եւ պատվիրատուները պատժվելու են (մինչեւ հոկտեմբերի 27-ը մնացել էր 15 ամիս.- Մ. Ե.), բոլոր տնտեսական հանցագործություն կատարողները պետք է պատժվեն, բայց չպիտի ստեղծվի հեղափոխական մթնոլորտ։ Նման դեպքում մենք նմանվելու ենք մեր նախորդներին։ Չի կարելի։ Չպիտի ամեն մեկն իր հարեւանի մեջ թշնամի փնտրի»։ Այսօրվա թեկնածու Քոչարյանն իր քարոզարշավի ընթացքում չի խոսում այն մասին, որ հանցագործություն կատարողներն ու պատվիրատուները պետք է պատժվեն։ Այսօր նա փոխադարձ հանդուրժողականության կոչ է անում եւ առաջարկում է աշխատել առանց թշնամանքի։ 98-ի թեկնածու Քոչարյանը, ըստ էության, բառացիորեն նույնն էր ասում, ինչ-որ ասում է 2003-ի թեկնածու Քոչարյանը։ Առայժմ, սակայն թեկնածու Ռ. Քոչարյանը քարոզարշավի ընթացքում անեկդոտ չի պատմել, մինչդեռ 98-ին ՀՀ առաջին նախագահի՝ Արցախի հարցի կարգավորման դիրքորոշման հետ կապված մի անեկդոտ էր պատմում, սկզբում բացատրելով, թե ինչո՞ւ է պատմում. «այն տարբերակը, որ մեր նախկին նախագահն ընդունում էր՝ սկզբից տարածք տանք, հետո նստենք-բանակցենք, տեսնենք Ղարաբաղի ապագան ո՞նց կլինի…», ու սկսում էր անեկդոտը. «Մելիք Շահնազարը կանչում է Պըլը Պուղուն եւ հանձնարարում է կազմել երկրի ապուշների ցուցակը։ Հաջորդ օրը ներկայացված ցուցակում առաջինը Մելիք Շահնազարի անունն էր։ Սա զայրանում է, իսկ Պըլը Պուղին բացատրում է. «Հիշո՞ւմ ես, մի արաբ վաճառականի փող տվեցիր, որ քեզ համար մի լավ արաբական ձի բերի։ Երբ որ վաճառականը ձին կբերի, քո անունը կջնջեմ, նրա անունը կգրեմ»։ Փառք Աստծո, որ թեկնածուն 2003-ի անեկդոտը դեռ չի պատմել. ո՞վ իմանա, թե ինչի՞ մասին է այն լինելու։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել