Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյանը Փարիզում

Փետրվար 04,2003 00:00

Արմեն Խաչատրյանը Փարիզում Դաշնակցության հետ Երեկ երկրի օրենսդիր մարմինը խախտեց երկրի Գլխավոր օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը, ըստ որի ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին նիստը տեղի է ունենում փետրվարի առաջին երկուշաբթի օրը։ Քվորումի բացակայության պատճառով նիստը չկայացավ, վստահաբար այն չի կայանա նաեւ այսօր եւ, փաստորեն, մինչեւ նախագահական ընտրություններ խորհրդարանի աշխատանքները պարալիզված կլինեն։ Այսօր փորձեցինք զերծ մնալ սեփական գնահատականներից եւ ներկայացնել պատգամավորների կարծիքները։ Վիկտոր Դալլաքյան (ՀՀԿ, խորհրդարանական մեծամասնության անդամ).- «Այսօրվա կատարվածը գնահատում եմ խիստ բացասական։ Չկատարվեց Սահմանադրության համապատասխան նորմը։ Բացի այդ, Սահմանադրության 66 հոդվածի համաձայն, պատգամավորներն իրենց գործունեությունն իրականացնում են իրենց խղճով եւ համոզմունքներով, եւ ԶԼՄ-ներն այսօր կարող էին գնահատական տալ, թե ովքեր էին իրենց խղճով եւ համոզմունքով առաջնորդվում (բացակայում էին ՀՅԴ-ն, «ՕԵ»-ն, ՀՀԿ-ն, «ԱՄ»-ն եւ բազմաթիվ անհատ պատգամավորներ.- Մ. Ե.)։ Այսօրվա կատարվածը ես գնահատում եմ նախընտրական քարոզչության ենթատեքստում։ Ըստ էության, սա սխեմա է, ցավոք, պետք է նշեմ, որ իմ կանխատեսմամբ փետրվարի 17-19-ի նիստը նույնպես տեղի չի ունենա՝ պայմանավորված նախընտրական քարոզչությամբ։ Որոշ մարդիկ, որոշ ուժեր անհանգստացած են, որ ընդդիմությունը կարող էր երեքշաբթի օրն ամբիոնն օգտագործել, չորեքշաբթի օրը՝ հարցուպատասխանը։ Ես ամբիոնն օգտագործելու մեջ որեւէ բացասական բան չեմ տեսնում, ամբիոնը կարող էր օգտագործել ե՛ւ դիմությունը, ե՛ւ ընդդիմությունը, եթե ասելիք ունեն»։ Խորեն Սարգսյան (ՀԿԿ խմբակցություն).- «Ցավում եմ, որ դու գիտես, թե այստեղ օրենսդիր մարմին կա, այստեղ կառավարության ներկայացուցիչներն են, որոնք նստում ու վեր են կենում կառավարության թելադրանքով։ Վաղը (արդեն այսօր.- Մ. Ե.) հայտարարությունների ժամ կա, եւ Հ1-ը ստիպված պետք է ցուցադրեր, իսկ դա ձեռնտու չէր կառավարությանը»։ Նորիկ Պետրոսյան (ՀԿԿ խմբակցություն).- «Բացարձակապես ուրիշ կարծիք լինել չի կարող, որովհետեւ ԱԺ-ն մեր հակազգային կառավարության խոսափողն է։ Մտավախությունն արդեն ծայրահեղ աստիճանի է հասել եւ, որովհետեւ իրենք իրենց լավ գիտեն, արդեն ենթադրում են, թե այստեղ ինչեր կխոսվի ընդդեմ օրվա իշխանությունների։ Մենք գնում ենք կործանման ճանապարհով, այս իշխանությունը, թելը գցած ժողովրդի վիզը, քաշելով տանում է։ Այդ պարանը պետք է կտրվի, իսկ իրենք ձգտում են պահպանել»։ Վարդան Բոստանջյան (ՀՀԿ խորհրդարանական մեծամասնության անդամ). «Ես մտածում եմ, որ նախընտրական գործընթաց է, թեկնածուները բավականաչափ շատ են եւ բավականաչափ շատ են այն պատգամավորները, որոնք սատարում են այդ գործընթացին եւ ինչ-որ տեղ փորձում եմ օբյեկտիվ համարել իրենց, որոշակի առումով նաեւ հարգել իրենց որոշումը»։ Նույնիսկ նման կարծիք հայտնելուց հետո պրն Բոստանջյանն ասաց նաեւ. «Ես գտնում եմ նաեւ՝ օրենսդիր մարմինը պետք է միշտ ու ցանկացած պայմաններում աշխատի»։ Արշակ Սադոյան (ԱԺԴ, «Ժողովրդի ձայն» խումբ). «Ես հասկանում եմ, թե որքան կարեւոր է, որ իշխանության վակուում չլինի երկրում, որ գոնե օրենսդիր մարմինը կարողանա աշխատել։ Ակնհայտ է մի բան՝ այսօր նախագահը եւ նրա ողջ ապարատը արհամարհելով երկրի բոլոր բնականոն ընթացքները, զբաղված են միայն նախագահական ընտրություններով։ Ինձ հասած ինֆորմացիայով, հատուկ ծրագրված ձեւով իշխանական ճամբարի պատգամավորները տապալում են այս նիստը եւ փորձ են անելու մինչեւ նախագահական ընտրություններն ընդհանրապես նիստ չանել»։ Մանուկ Գասպարյան (անկախ պատգամավոր).- Այսօրվա մեր գործընթացը լուծարեց Արմեն Խաչատրյանը՝ հրահանգավորված վերեւից։ Հինգշաբթի օրն իր հեռուստաելույթում ինքը խոսում էր ինչ-որ բաների մասին եւ ասաց՝ «Իմ կարծիքով, մինչեւ ընտրություններ քվորում չի լինի»։ Այսինքն՝ ինքը հրահանգ տվեց որոշ մարդկանց՝ չգալ խորհրդարան։ ԱԺ-ի իրական նախագահն այդպես չէր անի, այլ կասեր՝ հարգելի պատգամավորներ, երկուշաբթի օրն օրակարգը չձախողեք, որպեսզի բնականոն ընթացքը շարունակվի, առանց այդ էլ կաթվածի է ենթարկված մեր ամբողջ տնտեսությունը եւ քաղաքական դաշտը։ Իսկ Արմեն Խաչատրյանը տապալեց գարնանային նստաշրջանի առաջին նիստը եւ թռավ Փարիզ՝ դաշնակցականների ինչ-որ համաժողովի մասնակցելու։ Սա նրա վերջին շրջագայությունն է լինելու, ես համոզված եմ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728