Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսացած խաղ»

Փետրվար 04,2003 00:00

«Խոսացած խաղ» Ինչպես հայտնի է, պաշտոնը գեղեցկացնում է որոշ մարդկանց՝ թե ներքուստ, թե արտաքուստ: Վերցնենք թեկուզ պետական գույքի ներկայիս նախարար Դավիթ Վարդանյանին: Արմատական ընդդիմադրի կարգավիճակում նրա դեմքի արտահայտության մեջ մաղձ կար, ամբողջ մարմինը ջղաձգված էր, մի տեսակ՝ կծկված: Նույնիսկ մաշկն էր սեւացել՝ Լեւոնին ատելու հողի վրա: Բայց ժամանակները փոխվեցին, եւ ազգային ռեժիմի օրոք նախկին ընդդիմադիրի կողմից պախարակվող բոլոր թերությունները /իշխանության ամենաթողությունը, կոռուպցիան, կլանային տնտեսությունը, սոցիալական անարդարությունը/, հավանաբար, վերացան, ազգընտիր նախագահը պրն Վարդանյանին պաշտոն շնորհեց, եւ հիմա նա շատ հաճելի տեսք ունի՝ հանգիստ, համակրելի, սպիտակ, դեմքի մկանները՝ թուլացած, մաշկը՝ հարթ: Մի խոսքով, պաշտոնն, անշուշտ, բարերար ազդեցություն թողեց նրա վրա: Այդ ամենը հիշեցնում եմ՝ եւս մեկ անգամ շեշտելու համար, որ Ռ.Քոչարյանի բազմաթիվ բացթողումներից է՝ Արտաշես Գեղամյանին պաշտոն չտալը: Եթե նախագահը նրան պաշտոն տար, բա երկիրը տնտեսական աղետի առաջ կկանգնե՞ր, բա մարդիկ իրենց հանապազօրյա հացից կզրկվեի՞ն, բա մեր հարեւանները կհամարձակվեի՞ն մեզ շրջանցող գազատար ու նավթատար կառուցել: Դա երբեք չէր լինի… Կամ կլիներ, բայց պրն Գեղամյանը դրա մասին տագնապ չէր շեփորի: Բայց ամեն ինչ կորսված չէ: Դա ցույց տվեց Արտաշես Գեղամյանի եւ պաշտպանության նախարարի «բանավեճը»՝ «Օրակարգից դուրս»: Կարելի է զուգահեռ անցկացնել ֆուտբոլի հետ, երբ թիմերը նախօրոք ուզում են «մարտական ոչ-ոքի» խաղալ, բայց պայմանավորվում են ոչ թե 0:0, այլ, ասենք, 2:2 հաշվի համար՝ որ հանդիսատեսը չձանձրանա: Սերժ Սարգսյանը համբերատար լսում էր գեղամյանական ավանդական երկացանկի բավականին վիճելի /բայց զգալիորեն «փափկացրած»/ դրույթները, այսինքն՝ մի երկու «գոլ» կամովին ընդունեց սեփական դարպասը: Փոխարենը պաշտպանության նախարարն էլ մի երկու «գնդակ խփեց», որոնք նորմալ խաղի դեպքում «արմատական ընդդիմադիրը» կարող էր հեշտությամբ հետ մղել: Բայց միտումնավոր ընտրեց ամենաթույլ փաստարկը /«դուք Ղարաբաղից եք»/, որպեսզի խաղը ոչ-ոքի վերջանա: Չվերլուծենք «բանավեճի» մանրամասները, դրանք ծանոթ են մեր ընթերցողին: Համենայնդեպս, նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդիկ տեսան, որ Արտաշես Գեղամյանի «Սերժի մարդ» եւ «իշխանության թեկնածու» լինելու մասին խոսակցություններն ամենեւին հիմնազուրկ չեն: Առանցքայինն, ինձ թվում է, Սերժ Սարգսյանի խոստումն էր՝ փետրվարի 19-ից հետո ներգրավել նախկին ընդդիմադիր թեկնածուին ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի աշխատանքներում: Պրն Գեղամյանը հայրենասեր մարդ է՝ եթե երկրին պետք է, կաշխատի: Դավիթ Վարդանյանի նման: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728