Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանական խաղ՝ ընդդեմ միասին առաջ գնալու»

Փետրվար 04,2003 00:00

«Իշխանական խաղ՝ ընդդեմ միասին առաջ գնալու» Մի քանի օր առաջ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը վստահորեն հայտարարում էր, որ ամսի 5-6-ին ընդդիմությունը կհամախմբվի միասնական թեկնածուի շուրջ: Իսկ երեկ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հետեւյալ մեկնաբանությամբ հանդես եկավ. «Իշխանությունը գեղեցիկ խաղ է տանում՝ բոլորին բոլորի դեմ լարելով, բոլորին հույս տալով, հետո հետ հրելով։ Մեր գործիչների մի մասն էլ չգիտակցելով տրվում է այդ խաղին, եւ դա դժվարացնում է միասին առաջ գնալը»։ Ապա մանրամասնեց. «իսկ իշխանությունների ձեռքին կեղծիքների համար մեծ հնարավորություն կա. հանձնաժողովի անդամներից 6-ն իրենցն են, մնացած 3-ից էլ ոնց լինի՝ ծախվող կլինի»։ Այնուհետեւ, Իջեւան քաղաքում, այսպես ասած, փակագծերն առավել բացելով՝ Վազգեն Մանուկյանն «իշխանական խաղի» հնարավոր զարգացումներում իրեն չորրորդական տեղում դասելն այսպես մեկնաբանեց. «իր բերած բոլոր պատճառները՝ քաղաքական փորձառություն, կառավարման եւ այլն՝ ինձ վրա չեն կարող տարածվել։ Ուստի, բոլոր թեկնածուների համար ավելի քիչ նվաստացուցիչ կլիներ, եթե ինձ միանային, որպես մեծի եւ փորձառուի»։ Ապա նաեւ՝ «ամեն մեկին չի հաջողվում համաժողովրդական շարժում ստեղծել ու ղեկավարել, ուստի թվեր տպելիս ինձ ամենացածրն է տալիս»։ Վ. Մանուկյանի համոզմամբ, այս ամենն արվում է՝ բացառելու համար միասնական թեկնածուի իր տարբերակը։ Այնուհետեւ, Դեմիրճյան-Գեղամյան հնարավոր միացումը բացառելու համար, ըստ Վ. Մանուկյանի, միտումնավոր վերջիններիս վարկանիշները ցուգահեռաբար իջեցվում եւ բարձրացվում են՝ «որ ամբիցիաները չների իրար միանան»։ Այս ամենի արդյունքում Վ. Մանուկյանը տավուշցիներին առաջարկեց. «հիմա դուք պետք է որոշեք, թե ում եք ուզում, մենք էլ կուսակցություններով նրա շուրջ համախմբվենք»։ Տավուշցիներն էլ իրենց կողմից համաձայն են միասնական թեկնածուի տարբերակին, բայց պատրաստ են ընտրել նրան՝ «ում դուք կասեք»։ Թեղուտցիները, սակայն, մտադիր են նրան ընտրել՝ «ով Ռուսաստանի հետ հարաբերությունները կլավացնի», որովհետեւ «գյուղի 90% ջահելներն էնտեղ են»։ Հաղարծինցիները չգիտեն ինչ անեն։ «Դուք քաղաքից եք եկել՝ ասեք ինչ անենք, մենք էլ անենք»,- ասում է Աշոտ Ստեփանյանն ու հավելում, թե «մեկը չկա կոչ անի, որ իմանանք ում ընտրենք»։ Բայց արի ու տես, գյուղապետի՝ Քոչարյանին ընտրելու կոչին էլ համաձայն չեն. «մենք մեր ձայներին տեր ենք, խաբելով չի ըլնի»։ Ու գյուղով որոշել են նրան ընտրեն՝ «ով որ գյուղացու մասին կմտածի»։ Ազատամարտցիներին էլ հետաքրքրեց, թե «ինչո՞ւ են իշխանությունները ժողովրդին սովածացնում»։ Նաեւ թե՝ «ո՞վ պիտի ընտրվի. մեր հույսն ու հավատը կորել է, էնքան են խաբել՝ չգիտենք ում հավատանք»։ Վ. Մանուկյանի պատասխանն այսպիսին էր. «ժողովուրդ, որոշիչը ձեր դերն է։ Դուք պետք է վճռական լինեք։ Էս երկրի տերը նախագահն ու մարզպետը չեն։ Դո՛ւք եք։ Միասին պատերազմ հաղթեցինք. հիմա էլ հաղթենք։ Եթե ձեր ուժով մի նախագահը գնա, ուրիշը գա՝ թեկուզեւ նա չարդարացնի հույսերը, միեւնույն է, հիմք կդրվի օրինականությանը, եւ նախագահն էլ ժողովրդից շան պես կվախենա»։ Թե չէ՝ «հենց մեկը դառնում է իշխանություն, նստում է էդ աթոռին, հետո նրան քերելով էլ չես պոկի»։ Իջեւանցի ՀԺԿ-ական Սամվել Անտոնյանի կարծիքով. «ժողովուրդը սպասում է միասնական թեկնածուի, որն էլ անպայման կանցնի։ Դա արդեն հասարակական պահանջ է։ Չնայած տեղական ինքնակառավարման մարմինները հայտարարում են, թե Քոչարյանը 60-70% ձայն ունի, բայց այս հարյուրավոր մարդիկ ընդդիմադիր թեկնածուի հետ հանդիպման են եկել եւ ծափահարում են ինքնակամ»։ Ի դեպ, Ս. Անտոնյանը տեղեկացրեց նաեւ, որ «երկու ամիս է, «Առավոտ», «Հայկական ժամանակ» եւ «Իրավունք» թերթերը Տավուշի մարզ չեն մտնում։ Միայն իշխանամետ թերթերն ենք ստանում»։ Բայց՝ «մեկ է, այս հեղեղի առաջ ոչ մի պատնեշ չի կանգնի»,- եզրափակեց նա։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728