Լրահոս
Օրվա լրահոսը

Պարապած տղերքի պահանջարկը մեծանում է

Փետրվար 20,2003 00:00

Պարապած տղերքի պահանջարկը մեծանում է Ընտրությունների օրը Արամ Զավենի Սարգսյանի նախընտրական շտաբում «մեռած հոգիների» հետ կապված բողոք-զանգերն այլեւս համարվում էին մանր-մունր հարցեր եւ լուրջ ուշադրության չէին արժանանում։ Մինչեւ կեսօր արդեն իրավիճակը շատ ավելի լուրջ էր գրեթե բոլոր ընտրատեղամասերում։ Թիվ 226 մանկապարտեզում տեղակայված 0123/06 տեղամասում մեզ դիմավորեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Անուշ Նավոյանը, որը փոխարինում էր նախագահ Վրույր Խաչատրյանին։ «Նա իրեն վատ զգաց, դուրս տարան, չգիտեմ՝ ինչ է եղել»,- անմեղ պատասխանեց տիկին Անուշը։ Մի քանի րոպե անց Վրույրին հանդիպեցինք՝ ծեծված, ձախ աչքը հարվածից ուռած-կապտած։ Բացատրություն տալուց նա խուսափեց, ու այդպես էլ չիմացանք՝ ո՞վ եւ ինչո՞ւ է նրան ծեծել։ Հետաքրքիր էր, որ ոչ հանձնաժողովի անդամները, ոչ էլ ԿԸՀ դիտորդները չէին նկատել ու ոչինչ չգիտեին այդ մասին։ Հաջորդ՝ 0144-րդ տեղամասում հանձնաժողովի նախագահն իր «պոստը» թողած, որոշել էր անձամբ կանգնել քվեատուփի մոտ։ «Այստեղ կանգնածը բժիշկ էր, նրան կանչեցին գործի, ես կանգնեցի, իրար օգնելով աշխատում ենք, ի՞նչ է եղել, որ»,- տարօրինակ բացատրությամբ խնդիրը հարթեց նախագահը։ Ս. Դեմիրճյանի Արաբկիրի նախընտրական շտաբի պետ Սեդա Կարապետյանի կարծիքով, «ընդհանրապես 6-րդ (Արաբկիրի) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է բոլոր տեղամասերում ապահովում ընտրախախտումները, մեր արձանագրած խախտումներին էլ վերաբերվում են քամահրանքով եւ «ո՞ւմ է պետք, հեսա որ Քոչարյանն անցնի՝ դուք ի՞նչ եք անելու» սպառնալիքով»։ Նա նույնպես նշեց փաստեր՝ քվեատուփերի «ձախ» համալրման, չհրկիզվող պահարանն ինչ-որ անկյունում պահելու, վստահված անձանց ահաբեկելու-հայհոյելու եւ այլնի հետ կապված։ Ի դեպ, օրվա ընթացքում Ա. Սարգսյանի կենտրոնական շտաբ բերեցին մի երիտասարդի, որին քվեատուփում թերթիկներ լցնելու շտապ ահազանգով «որսացել էին» մի տեղամասի մոտից։ Նրան հարցաքննեցին փակ դռների հետեւում: Ականջ դնելով հասկացանք, որ նաեւ ծեծեցին։ Այլ խախտում. 0156-րդ տեղամասից (Քանաքեռ ՀԷԿ-ի թիվ 37 դպրոց) մի ընտրող «նվեր» բերեց Քոչարյանին «պտիչկա» արած ու կնքված 2 քվեաթերթիկ, որն իրեն տվել էր իրենց խանութի տնօրեն Գալուստն ու հրահանգել՝ «կգցես տուփի մեջ»։ Այս շարքն անվերջանալի է ու բնորոշ գրեթե բոլոր տեղամասերին՝ ողջ հանրապետությունում։ Մի բնորոշ առանձնահատկություն՝ քոչարյանականների «նեւրոզը» սաստկանում էր հատկապես նկարող ու նկարահանող սարքավորումներից։ Մեզ հետ շրջող օպերատորի «կամերան» մաս-մաս ջարդեցին տարբեր տեղամասերում։ Երեկոյան ժամը 18:00-ին Արամ Սարգսյանին խնդրեցինք գնահատել իրավիճակը։ «Ընտրություններն ավարտվելու է առաջին փուլով, հաղթելու է Ստեփան Դեմիրճյանը։ Ընտրատեղամասերում ինչ է կատարվո՞ւմ՝ իշխանությունները մեզ պարտադրում են, մենք էլ երբեմն-երբեմն ստիպված ենք լինում ուժ ցուցաբերել»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728