Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ

Մարտ 04,2003 00:00

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ «Մենք՝ ԱՄՆ-ում ապաստանած հազարավոր ՀՀ քաղաքացիներս, զայրույթով եւ վրդովմունքով ընդունեցինք մեր Հայրենիքից ստացված լուրերը խաղաղ ցույցերի եւ երթերի մասնակիցների նկատմամբ կիրառված ապօրինի ձերբակալումների, արտակարգ դատավարությունների եւ դրանց հաջորդած խոշտանգումների մասին»,- հայտարարել է Լոս Անջելեսի ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հասարակական կենտրոնը: «Մենք լիովին տեղեկացված ենք հայրենական եւ արտասահմանյան մամուլի միջոցներից, որ ՀՀ քաղաքացիների օրինական միջոցառումները ուղղված են իշխանությունների ձեւավորման իրենց Սահմանադրական իրավունքի պաշտպանությանը եւ երբեւէ չեն կարող ուղղված լինել ՀՀ Սահմանադրական կարգի դեմ։ Սահմանադրական կարգը խախտվել եւ հետեւողականորեն քայքայվել է 1998թ. իշխանությունը բռնազավթած մի խումբ մարդկանց կողմից»,- արձանագրել է Կենտրոնը՝ միաժամանակ նշելով, որ 98-ից ի վեր «շատերս չունենալով որեւէ միջոց մեր սահմանադրական իրավունքների պաշտպանության եւ մեր կյանքի անվտանգության համար, ստիպված ենք եղել ապաստանել ԱՄՆ-ում եւ այլ արտասահմանյան երկրներում»։ Այսօր այդ մարդիկ նաեւ հայտարարում են. «ապօրինաբար ձերբակալված եւ անօրինական կարգով մեկուսացված բոլոր ՀՀ քաղաքացիներին ճանաչում եւ հայտարարում ենք՝ որպես քաղբանտարկյալներ», եւ միաժամանակ ՀՀ կառավարությունից պահանջում են «անհապաղ դադարեցնել անօրինական հետապնդումները ու ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառվող սահմանադրական սահմանափակումները»։ «Հայտարարում ենք, որ այսօրվա գործող իշխանությունների բոլոր գործողությունները ուղղված են ՀՀ Սահմանադրական կարգի եւ ՀՀ-ում ապրող քաղաքացիների իրավունքների դեմ»,- ասված է Կենտրոնի մամլո հաղորդագրությունում, որը ստորագրել է այս կազմակերպության շուրջ 20 ղեկավար անդամ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել