Լրահոս
Օրվա լրահոսը

«Դափ ու դատարկ», բայց լիքը

Մարտ 08,2003 00:00

«Դափ ու դատարկ», բայց լիքը Հայտնի ազգանունը՝ շահարկման միջոց «Շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ անցկացրեց նաեւ փորձության միջով, երազելու եւ այդ երազն ապրելու հնարավորություն տվեց։ Կյանքիս, այսպես կոչված, «փպՐվՈ255 տՏսՏրՈ»-ն ինձ «դարձրեց» այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող սա ինքնագովաբանություն չթվա, ես հպարտ եմ, որ ոչ ոք ու ոչինչ չկարողացան ընկճել, ավելին՝ հեռացնել ինձ իմ հայրենիքից։ Շարունակելու եմ ապրել ու ստեղծագործել այստեղ, հպարտորեն կրելով ազգանունս»։ Ընտանիքով «դափ ու դատարկ» մնացած, բայց շրջապատված աշխարհում ամենամեծ դեֆիցիտով՝ լավ մարդկանցով, այսօր արդեն վարձակալած բնակարանում հանդիպեցինք դեռ 70-ականների կեսերից երաժշտական աշխարհ մուտք գործած, վաղուց արդեն հայտնի անուն, կոմպոզիտոր Գայանե Քեոսայանին։ Զրույցի սկզբում նրա այս միտքը՝ «Ինձ համար ամենից կարեւորը մարդու, արվեստագետի այն կերպարն է, որը թեկուզ աշխարհում ամեն ինչ բաշխելով մարդկանց, մնալով դափ ու դատարկ, բայց հարուստ է այդ դատարկությամբ, ասել է թե բաշխված բաժանումով» խորհելու առիթ տվեց։ Ականջին օղ անելով կոնսերվատորիայի իր պրոֆեսորի՝ Էդգար Հովհաննիսյանի խոսքը, այն է՝ ստեղծագործական արվեստը պահանջում է անմնացորդ նվիրում մարդկանց, Գ. Քեոսայանը մոռացել է հաստատ բացառությունների մասին։ Մոռացել ու նվիրվել անմնացորդ։ Հետեւաբար, ինչպե՞ս բացատրել կոմպոզիտորի գլխին եկած մի շարք դեպքեր, որոնցից մեկը հաստատ կարող էր լինել ճակատագրական։ Այսպես. 90-ականների վերջին Քեոսայանների ընտանիք ներխուժած «բարեկամը» այսուայնտեղ շահարկելով հարգված, ինչու չէ՝ սիրված ազգանունը, իր սեւ գործն է անում եւ շատ չանցած, կոմպոզիտորը ստիպված էր գործ ունենալու իրավապահ մարմինների հետ, քանզի նորընծա բարեկամի «գործարքների» երաշխիքը հայտնի ազգանունն էր ու «բարեկամի» դերը։ Չմանրամասնելով ասենք, որ արդյունքում՝ երկու տարի չէր հոլովվում կոմպոզիտորի անունը, բացառությամբ հեռուստառադիո եթերներից։ Առաջին հայացքից հենց այնպես անցկացրած տարիներին էլ կոմպոզիտորը ապրել ու ստեղծագործել է նվիրումով։ «Այնտեղ» են ծնվել նրա երկու նախագծերը։ Մեկը թվով 25 նոր երգեր, մյուսը՝ 1,5 ժամանոց նախագիծ զուտ հայկական, ավելի ճիշտ՝ հոգեւոր ժանրին մոտ երաժշտություն։ Կոմպոզիտորի խոսքերով. «Եկավ մի պահ, որ ես կարող էի պարզապես վերանալ ֆիզիկապես եւ ի վերուստ տրված գրելու ձիրքը ինձ հանեց այդ վիճակից։ Կյանքիս «փպՐվՈ255 տՏսՏրՈ»-ում հասկացա, որ այս կյանքում իմ առաքելությունը միայն երաժշտություն գրելը չէ ու ծնվեցին մոտ 200 լուրջ բանաստեղծություններ»։ Նա շնորհակալ է ու երջանիկ, նույնիսկ կյանքի այդ շրջանի համար, շնորհակալ իր բարի կամեցողներից։ Իր խոսքերով. «Եղան նաեւ մարդիկ, որ ինձնից երես թեքեցին։ Աստված իրենց հետ»։ Հիմա կոմպոզիտորը մաղով է անցկացրել իրեն շրջապատողներին, թողնելով այն բարեկամներին, որոնց շնորհիվ «կամ ու ստեղծագործում եմ այսօր»։ Անմնացորդ նվիրվելու մասին չի՞ խոսում արդյոք այն փաստը, որ այսօր վաճառակետերում հայտնված երգչուհի Գայանե Սերոբյանի ձայներիզում տեղ գտած թվով ինը երգեր ներկայացված են իբր երգչուհու հեղինակային գործեր։ Կամ կոմպոզիտորի՝ մարդկանց նվիրվելու մասին չի՞ խոսում այն, որ «Արդինի» ակումբի երգիչների կատարմամբ իր երգերի ձայնագրությունները ոմն Արմեն Ոսկանյանի «ջանքերով» հայտնվել են Լոս Անջելեսի հայտնի «Բարսեղյան Rekords»-ում։ Իսկ կոմպոզիտորի «գլուխգործոցը». 96-ին ԱՄՆ-ից ժամանած երգչուհի Էլվինա Մակարյանը այստեղ՝ Երեւանում, ապրելով Քեոսայանների տանը, մինչ կարոտն էր առնում հայրենիքից, կոմպոզիտորը պատահական, TV-ով դիտում է երգչուհու հետ հարցազրույց եւ իր երգերի կատարումները, որ հրամցվում էին իբրեւ Է. Մակարյանի նոր երգեր։ Եվ այս «դավաճանությունը» այն դեպքում, երբ 90-ականների սկզբներին, գորշ ու մռայլ տարիներին Գ. Քեոսայանի սցենարով եւ ուժերով երկու տեսաֆիլմ է նկարահանվում Է. Մակարյանի մասին։ Ավելին՝ կոմպոզիտորը կարողանում է Շառլ Ազնավուրին ներկայացնել վերջինիս «Մաման»՝ հայ երգչուհու կատարմամբ։ Դեռ 90-ականներին պտտվում էին շշուկներ, թե Գ. Քեոսայանը մերժել է Մոսկվայի շոու-բիզնեսի դեմքերից մեկի՝ Բորիս Կրասնովի կողմից համատեղ համագործակցության առաջարկը։ Վերջինս կոմպոզիտորին ծանոթ էր նրա երգերից, որ այսօր էլ կատարում են մոսկվաբնակ հայ երգիչներ Կարինան, Միստր Ալենը (բեմական անուններով), Մարինե Գրիգորյանը։ Գ. Քեոսայանի արվեստի երկրպագուները դեռ հիշում են 98-ին նրա հեղինակային երեկոները Ստանիսլավսկու թատրոնում, Խաչատրյանի մեծ համերգասրահում։ Երեւի այսօր արդեն ընդունելով «բացառությունների կարգը», կոմպոզիտորը մեր հանդիպման ավարտին ասաց. «Ես հասկանում ու չեմ դատում մարդկանց։ Այսուհետեւ պատահական մարդիկ իմ կողքին էլ չեն կարող լինել։ Աստված իրենց հետ։ Այսուհանդերձ ես նույնն եմ։ Սիրում եմ ինձ շրջապատողներին ու նվիրվում անմնացորդ»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել