Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը երկար չի մնալու»

Մարտ 14,2003 00:00

«Ռոբերտ Քոչարյանը երկար չի մնալու» Վստահ է Ալբերտ Բազեյանը ՄԱԱ-ի երեկվա հյուրը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանն էր, որը հայտարարեց, որ ընդդիմությունը շարունակելու է գնալ օրինական ճանապարհով, առաջիկա օրերին դիմելու է ՍԴ եւ, այս դատարանի վճռի անբավարար լինելու դեպքում, դիմելու է նաեւ Եվրոդատարան։ Պրն Բազեյանն ասաց նաեւ, որ կան բոլոր իրավական հիմքերը (եւ դրանք կներկայացվեն ՍԴ), որպեսզի ՍԴ-ն վճիռ կայացնի նախագահի ընտրությունների 2-րդ փուլն անվավեր ճանաչելու մասին, եւ հետո «ՍԴ-ն ընտրությունների ընթացքում չի դրսեւորել իրեն որպես կողմ, չեզոք է եղել, մասնակից չի եղել կեղծիքներին»։ Ալբերտ Բազեյանը վստահ է, որ «որեւէ իշխանություն հավերժ չէ, Ռ. Քոչարյանը երկար չի մնալու, եւ բոլոր մարդիկ, ովքեր մասնակցել են ընտրակեղծիքների, օրենքով սահմանված կարգով ենթարկվելու են պատասխանատվության»։ Ի՞նչն է նման պնդման հիմքը. «Ամենակարեւորը ժողովրդի վերաբերմունքն է այս ընտրություններին։ Մեր հասարակությունն իրեն նվաստացած է զգում, որովհետեւ մարդիկ գնացին ընտրության, բայց իրենց ընտրությունը որեւէ նշանակություն չունեցավ»։ Ալբերտ Բազեյանը ասաց. «Մենք համոզված ենք, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում քաղաքական իրավիճակի լուրջ փոփոխություն է լինելու։ Մենք կմասնակցենք խորհրդարանական ընտրություններին միայն այդ պարագայում, այսինքն՝ կամ Քոչարյանը նախագահ չպետք է լինի, կամ՝ նա այնքան կախյալ վիճակում պետք է լինի եւ թուլացած, որպեսզի կարողանանք իշխանության ռեսուրսները չեզոքացնել եւ քիչ թե շատ արդար եւ օրինական ընտրություններ իրականացնել մեր երկրում»։ Իսկ եթե վիճակը լինի անփոփոխ՝ ընդդիմությունն անիմաստ է համարում ԱԺ-ում ունենալ մի քանի պատգամավոր։ Ալբերտ Բազեյանը հայտարարեց. «Իշխանությունը թույլ չտվեց, որպեսզի մեր ժողովուրդն ընտրություն կատարի, իշխանությունը մեր հասարակությանը բարոյազրկելու, նվաստացնելու գնով այժմ իրականացրել է երկու փուլով ընտրություն՝ քաղաքական հեղաշրջում, եւ Ռ. Քոչարյանը բռնազավթել է իշխանությունը։ ՀՀ Սահմանադրությամբ արձանագրված է, որ իշխանության յուրացումը որեւէ անհատի կողմից հանցագործություն է։ Ռ. Քոչարյանը հանցագործ է եւ նա պետք է պատասխան տա մեր պետության ու մեր ժողովրդի առաջ օրենքով սահմանված կարգով, վաղ թե ուշ»։ Պրն Բազեյանը գտնում է, որ կարեւորն այն չէ՝ իրենց դեմ կլինե՞ն ճնշումներ, կլինե՞ն քաղաքական հալածանքներ, թե՞ ոչ, կարեւորն այն է, թե ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ. «Ասենք թե, Ռ. Քոչարյանը 5 տարով էլ պահեց իր իշխանությունը, արդյո՞ք դա ձեռնտու է մեր ժողովրդին եւ մեր պետական շահերին, արդյո՞ք դա չի բերելու Հայաստանի միջազգային մեկուսացմանը, վտանգավոր զարգացումներ չի՞ արձանագրելու Ղարաբաղի հարցի լուծման առումով»։ Պրն Բազեյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության մնալու պարագայում մենք շատ լուրջ պրոբլեմներ ենք ունենալու Ղարաբաղի հարցի հետ կապված։ Ըստ Ալբերտ Բազեյանի՝ արտաքին քաղաքականության մեջ գործող իշխանությունն անցած տարիների ընթացքում հաջողություններ չի արձանագրել՝ ԱՄՆ-ը բացեց 907 բանաձեւը, 2 անգամ կրճատվեց Հայաստանին տրվող օգնությունը, ՌԴ-ն կոշտ պահանջներ դրեց եւ գույքի տեսքով իր պարտքը ետ տարավ, մինչ այդ չեզոք երկրները հայտարարություն արեցին ղարաբաղյան հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում լուծելու օգտին, Հայաստանը, թեկուզ շատ կարճ ժամանակով, հայտնվեց ահաբեկչությունը սատարող երկրների ցուցակում, գնահատականները ընտրությունների վերաբերյալ շատ խիստ են։ 96-ի հետ զուգահեռների հետ կապված Ա. Բազեյանն ասաց, որ, ցավոք, 96-ին ընդդիմությունը կատարեց քայլեր, որոնք հնարավորություն տվեցին իշխանությանը ուժ գործադրել. «Մենք այս իշխանությանը նման հնարավորություն չենք տալու։ Ռ. Քոչարյանի համար մենք հասարակությանը եւ զինվորներին բախման չենք տանելու։ Մենք մեր ժողովրդին արկածախնդրության չենք տանելու, բախումների առիթ մենք չենք տալու»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել