Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՂ ԵՐԿԻՆՔԸ ՉԱՓԻ ԻՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ»

Մարտ 19,2003 00:00

«ԹՈՂ ԵՐԿԻՆՔԸ ՉԱՓԻ ԻՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ» Ասում էր Տիգրան Հայրապետյանը Երեկ Տիգրան Հայրապետյանը կարող էր դառնալ 39 տարեկան։ Սակայն 5 տարի առաջ՝ 1999թ. մարտի 8-ի լույս 9-ի գիշերը ավտովթարի զոհ դարձավ։ Նրա ծննդյան օրը ընկերները, հարազատները երեկ այցելեցին նրա շիրիմին, իսկ ապա Մամուլի տան 2-րդ հարկի սրահում «Անապատի հազար տարի» հրապարակախոսական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը կազմակերպեցին։ Քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը ներկայացնելով Տիգրանի անցած ճանապարհը, նշեց, որ նրա հրապարակախոսական հոդվածները կանխազգացման եւ արդիականության առումով այսօր էլ մրցակցություն չունեն։ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը «Մի փնտրեք ողջին մեռյալների մեջ» պատվիրանը հիշեց եւ խոսեց նրա հրապարակումների, էսսեների, աշխատությունների մասին։ Նա ասաց, որ սահմանվել է Տիգրան Հայրապետյանի անվան մրցանակ, որը կլինի ամենամյա եւ անդրանիկ մրցանակը հանձնեց պատմաբան Աշոտ Սարգսյանին՝ նրա «ՀՅԴ-ն պատմության դատաստանի առաջ» աշխատության համար, այն գնահատելով որպես նոր հայացք արդի պատմագրության մեջ։ Տիգրանի անցած ուղու մասին խոսեց նաեւ մայրը՝ տիկին Ֆրիդան, որը ընթերցեց Տիգրանի կնոջ՝ Նազենի Ղարիբյան-Հայրապետյանի խոսքը՝ ուղղված շնորհանդեսի մասնակիցներին (Փարիզում գտնվելու պատճառով երեկ չկարողացավ ներկա գտնվել)։ Ներկայացնելով գիրքը ըստ ժամանակագրության, Նազենին ուշադրություն հրավիրեց նախ Տիգրանի 10-ամյա քաղաքական գործունեության, ապա նրա՝ Աստծո եւ Հայրենիքի հանդեպ մարդկային մոտեցումների վրա։ «Ապշեցուցիչն այն էր, որ տարիքից շուտ բաժին հասած դժվարություններն ու դառնությունները չէին ապականում Տիգրանի լազուր ու վառ ներաշխարհը, այլ ավելի էին հղկում ու բյուրեղացնում այն, կոփում դիմադրողականությունը։ Հանրային արդարության հանդեպ հավատի կորուստը երբեք տեղի չտվեց ատելության, չարության եւ մարդկային այլ արատների։ Ընդհակառակն, սերն ու կարեկցանքը մերձավորի հանդեպ, աներեւակայելի մարդասիրությունն ու բարությունը միստիկական չափերի էին հասնում եւ սա ցանկացած իրավիճակում Տիգրանի վարքագծի բացատրության կարեւոր բանալին էր»,- առաջաբան խոսքում գրում է Նազենին։ Շնորհակալ եմ ճակատագրից, որ «Լրագիր», «Մոլորակ» թերթերում հնարավորություն եմ ունեցել աշխատել Տիգրան Հայրապետյանի հետ եւ նրա շատ հոդվածներ, որոնք տեղ են գտել «Անապատի հազար տարի» գրքում, առաջիններից մեկն եմ կարդացել եւ ապշել։ Հատկապես ցնցող տպավորություն եմ ստացել նրա «Նախագահի աշունը», «Ժողովրդավարության մանկական հիվանդությունը», «Զգուշացեք ներքին արյունաթողությունից», «Բոլոր հին, բայց չպառաված հայերի գիտակցությունը ոգեկոչում եմ», «Արքայական ցուգ ցվանգ», «Խղճի խայթիկ»… հրապարակումներից։ Լինելով «Արեւելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հիմնադիրը, ինչպես նաեւ «Հայացք Երեւանից» քաղաքական-հասարակական հանդեսի ամենագործուն մասնակիցը, նրա բազմաթիվ հրապարակումներ այնքան էլ «ջերմ ընդունելություն» չէին գտնում։ Բայց դա չէր խանգարում, որ նա ստեղծագործեր։ «Այս ոլորտում ես վաղուց ավարտել եմ իմ գործը եւ ասելիքը։ Այն, ինչ գրում եմ հիմա՝ վերաշարադրանք է։ Ես մեռնում եմ դանդաղ ստեղծագործական մահով, մինչդեռ ուրիշ հարթության մեջ այնքան գործ կա անելու»,- գրում էր նա։ Ընդհանրապես, հազվադեպ է լինում, երբ տաղանդավոր քաղաքագետը կարողանում է նույնքան տաղանդավոր լինել գրավոր խոսքում՝ հրապարակախոսի անուրանալի տաղանդ ցուցաբերելով։ Վերջին 10 տարիների ընթացքում, պետք է խոստովանել, որ քաղաքագետ, հրապարակախոս, լրագրող Տիգրան Հայրապետյանի կողքին այդքան ընդգծված մեկը չի եղել։ Եվ դա հաստատում են թե՛ Տիգրանին ճանաչողները, թե՛ այն արժեքները, որ Տիգրանը փոխանցել է մեզ։ Տիգրանը կանխատեսում էր. «Եթե ժողովրդի ընտրությունը կատարվի ոչ թե ճակատագրապաշտության ճնշող ազդեցության, այլ իրողությունների իմացությամբ եւ գիտակցական մոտեցմամբ», ապա քարոզչական պայքարը եւ քաղաքական զարգացումների նոր փուլը առավել մատչելի կլինեին։ Տիգրանը գտնում էր. «Բոլոր ազգային խնդիրները, այդ թվում նաեւ արցախյան պատերազմը, վերջնական լուծումը գտնելու են մեծ քաղաքականության շրջանակներում եւ ժամանակն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պատրանքներով լի մտավարժանքների փուլից անցնի մեծ քաղաքականությանը համարժեք գործունեության»։ Տիգրանը պատվիրում էր. «Մարդիկ, զգոն եղեք, ես ձեզ շատ եմ սիրում», ասաց Հաշեկն իր ժամանակակիցներին, ինչը խոնարհությամբ կրկնում եմ ես, եւ մի վախեցեք, քանզի մինչեւ հատիկը չմեռնի, հասկը չի ծնվի։ Սիրով եւ հավատով՝ Ձեր Տիգրան Հայրապետյան»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել