Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ-ԲՐԱԶԻԼԻԱ

Մարտ 20,2003 00:00

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ-ԲՐԱԶԻԼԻԱ Ակնկալվում է սկզբունքային առճակատում Ֆուտբոլասերները տեղյակ են, որ մարտի 29-ին ընկերական հանդիպում է նախատեսված աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ու Եվրոպայի 2004թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ Պորտուգալիայի ազգային հավաքականների միջեւ։ Ընդ որում, հյուրընկալողի դերում լինելու է եվրոպական կողմը։ Այս խաղն առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում մի քանի առումով։ Նախ, որ Պորտուգալիայի ընտրանու ղեկն արդեն մի քանի ամիս ստանձնել է Լուիս Ֆելիպե Սկոլարին՝ բրազիլացի այն հանրահայտ մարզիչը, ով անցած տարի իր համերկրացիներին առաջնորդեց դեպի աշխարհի չեմպիոնական բարձունք։ Այդ ժամանակ Սկոլարին դարձավ Բրազիլիայի ազգային հերոս, սակայն մինչ այդ երկրի ֆուտբոլային ղեկավարությունն ու մամուլը նրան մշտապես սուր քննադատության ներքո էին պահում ազգային հավաքականում խաղացողների հետ կապված կադրային քաղաքականության համար։ Հենց այդ ժամանակ էլ Սկոլարին հայտարարել էր, թե անկախ Մունդիալում իր ղեկավարած թիմի ցույց տալիք արդյունքից, ինքը հեռանալու է։ Ու իր խոսքի տերը եղավ, չնայած նրան արդեն սկսել էին համոզել այդ քայլին չդիմել։ Ինչպես եւ սպասվում էր, Սկոլարին հրաժարականից հետո բազմաթիվ նոր հրավերներ ստացավ։ Սակայն որոշեց ստանձնել Պորտուգալիայի ազգային հավաքականի ղեկը։ Երկիր, որը ժամանակին լավագույններից մեկն էր աշխարհում, բայց հիմա առանձնակի ձեռքբերումներ չունի։ Պատասխանատվությունն, ինչ խոսք, անչափ մեծ է, քանի որ պորտուգալացիները Սկոլարիից սպասում են միայն ոսկե մեդալ՝ եկող տարի իրենց երկրում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Պորտուգալիայի հավաքականի հետ ընկերական խաղը սկզբունքային է նաեւ բրազիլացիների համար, որոնք, գուցե նաեւ, վիրավորված Սկոլարիի վերաբերմունքից, ցանկանում են ապացուցել, որ առանց նրա էլ իրենց վստահ են զգում ու իրավամբ են կրում աշխարհի թիվ մեկ թիմի կոչումը։ Այսպես կարծելու առիթ տալիս է օրերս Ռիո դե Ժանեյրոյից ստացված տեղեկատվությունը, որում հրապարակվել է արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը, ում հրավիրում են մասնակցել մարտի 29-ին կայանալիք հանդիպմանը։ Նրանք են։ Դարպասապահ՝ Դիդա («Միլան»), պաշտպաններ՝ Բալլետտի («Վիլյառեալլ»), Կաֆու («Ռոմա»), Կրիս («Բայեր»), Էդմիլսոն («Լիոն»), Ժուան («Բայեր»), Ժունիոր («Պարմա»), Ռոբերտո Կառլոս («Ռեալ»), կիսապաշտպաններ՝ Էմերսոն («Ռոմա»), Ֆլավիո Կոնսեսայո («Ռեալ»), Ժիլբերտու Սիլվա («Արսենալ»), Զե Ռոբերտո («Բավարիա»), հարձակվողներ՝ Ամորուզո («Բորուսիա»), Ադրիանու («Պարմա»), Դենիլսոն («Բետիս»), Ռիվալդո («Միլան»), Ռոնալդինյո (ՊՍԺ), Ռոնալդո («Ռեալ»)։ Ինչպես պարզորոշ տեսնում ենք, Բրազիլիայում որոշել են Պորտուգալիայում խաղադաշտ մտնել հավաքականի ամենամարտական կազմով։ Ք. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել