Լրահոս
Օրվա լրահոսը

Տոն, որ չի տոնվում

Մարտ 27,2003 00:00

Տոն, որ չի տոնվում Հետաքրքիր է, որ թատերական գործիչներից շատերը ստույգ չգիտեին, թե երբ է թատրոնի միջազգային օրը։ Այս տպավորությունը ստացանք նրանց հետ զրույցից։ Շնորհավորում ենք բոլոր թատերական գործիչներին (ովքեր նույնպես դարձել են քաղաքական ներկայացումների ակամա հանդիսատես) եւ խոսքը տալիս նրանց։ Ի դեպ, Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը այս օրերին Հայաստանում չէ, իսկ պետօպերայի ղեկավար Գեղամ Գրիգորյանը շնորհավորելով բոլորին՝ մեկնել է Փարիզ։ Խորեն Աբրահամյան (դերասան).- Շնորհավորում եմ թատրոնի բոլոր մշակներին, անկախ նրանից, թե ով ինչ մասնակցություն է բերել գործին։ Թատրոնի համար աշխատելը բարձր կոչում է եւ դժվարին գործ։ Հսկայական նշանակության իրադարձություններ են տեղի ունեցել եւ ոչ մի արժեքավոր ու մնայուն գործ չի ստեղծվել։ Սրա մասին պիտի մտածել։ Հավանաբար սպասում են, որ դանակը ոսկորին հասնի, որպեսզի մեզանում վերջապես դրսեւորվի պետական մտածողություն։ Արմեն Խանդիկյան (ռեժիսոր).- Շնորհավորում եմ բոլորին եւ ցանկանում, որ դիմանան ծանր վիճակին, դժվար կացությանը, անփողությանը։ Սա մեր ճակատագիրն է։ Ցանկանում եմ հաջողություն մեր բոլոր այն թատրոններին, որոնք վերանորոգումից հետո կբացեն իրենց դռները։ Մենք սկսելու ենք մոտ 15 ներկայացումների վերականգնումից, որը հավանաբար կտեւի 2 ամիս։ Հույս ունեմ, որ սեպտեմբերին կբացենք մեր նոր թատերաշրջանը եւ զուգահեռ էլ նոր գործեր են նախատեսված՝ Շեքսպիրի «Մակբեթը», Պերճ Զեյթունցյանի «Մահապատիժ հայկական ձեւով» պիեսը, անգլիական մի հրաշալի կոմեդիա, Դե Ֆիլիպոյի «Ցիլինդրը»։ Նշելու ենք նաեւ մեր թատրոնի հիմնադիր Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 80-ամյակը։ Արմեն Մազմանյան (ռեժիսոր).- Ընդհանրապես, մարտի 27-ը միջազգային տոն է թատրոնի մարդկանց համար։ Մեզ համար այն իմաստազրկված է, ձեւական բնույթ է կրում, քանի որ թատրոնն էլ այդ վիճակում է։ Տարիներ առաջ, երբ արժեքների վերադասավորում էր կատարվում, մենք այդպես էլ ազգովի չհասկացանք, որ կրթությամբ, գիտությամբ եւ արվեստով են պայմանավորված ազգային ռազմավարական անվտանգության խնդիրները։ Հայերիս համար դրանք քաղաքական կապիտալ են եւ գոյության գրավական։ Բոլոր քաղաքակիրթ ազգերը հասկացել են, որ թատրոնը այն ամբիոնն է, որտեղից սկսվում են հոգու, մտքի հեղափոխությունները։ Կարծում եմ, որ կանխամտածված է արվել ամեն ինչ, որ Հայաստանում թատրոնը կորցնի իր տեղն ու դերը։ Պետական թատրոնները սկսեցին ղեկավարվել մի կտոր հացով եւ թատրոնը դադարեց լինել բողոքող՝ լավ իմաստով, դադարեց լինել ազդակ, կանխագուշակ վաղվա։ Ոչ մի պետական ծրագիր չկա թատրոնի պահպանման, էլ չեմ ասում՝ զարգացման համար։ Վստահ եմ, այն բյուջեն, որ պետությունը տրամադրում է թատերական դաշտին, բանիմաց, ցավող արվեստագետների դեպքում կբավարարեր թատերական նորմալ կառույցներ ապահովելու համար։ Թատրոնի նվիրյալներին մաղթում եմ չլքել դիրքերը, չկորցնել հավատը։ Հասարակությունը դեռ կունենա թատրոնի կարիք։ Նարե Հայկազյան (դերասանուհի).- Եթե կա այդպիսի բան (թատրոնի միջազգային օր), ուրեմն ես մինչեւ հիմա չեմ հասկացել, որովհետեւ այդ տոնախմբությունը, որ պիտի լիներ իբրեւ միջազգային հաղորդակցություն՝ չեմ ապրել որպես հայ դերասանուհի։ Կուզենայի, որ տոնի առթիվ մշակույթի նախարարությունը բոլոր դերասաններին, թատրոնի մարդկանց մի-մի բացիկ ուղարկեր, վերաբերմունք լիներ՝ «Ապրեք, որ դուք կաք», գոնե այսքանը, եթե ավելին չեն կարող։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել