Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ 13 «ԳԱՂՈՒԹ»-ԲՆԱԿԱՎԱՅՐԻՑ

Ապրիլ 08,2003 00:00

ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ 13 «ԳԱՂՈՒԹ»-ԲՆԱԿԱՎԱՅՐԻՑ 1988թ. Երքաղգործկոմն առանց հատուցման, առանց կացարանով ապահովելու իրացրեց մայրաքաղաքի սրտի՝ Արշակունյաց 13 բակի տները, պայմանագիր կնքելով տեղում կառուցվելիք շենքերում բնակարանով մեկ տարի անց ապահովելու պայմանով։ Ըստ այդ պայմանագրի 4-րդ կետի, մինչեւ վերոհիշյալ շինարարության ավարտելը շրջսովետի գործկոմը ոչ մի պարտավորություն չէր վերցնում, պայմանագրի շուրջն առաջացած վեճերն էլ ենթակա էին լուծման դատական կարգով։ 6-րդ կետի համաձայն էլ, «պայմանագիրը կնքելուց հետո քաղաքացու ընտանիքի կազմում փոփոխություն տեղի ունենալու դեպքում սույն պայմանագիրը ենթակա չէ վերանայման»։ Նախատեսված շենքի 2,5 հարկը բարձրացավ մինչեւ օրս 1999թ. բյուջեից նախատեսված 100 մլն դրամից 25 մլն փոխանցված գումարով։ 18 բնակիչ մահացավ՝ այդպես էլ չտեսնելով նորամուտը առաջարկվելիք շենքի բնակարաններում։ 15 տարի անց «գաղութ»-բնակավայրում հայտնված Կենտրոնի կադաստրի ներկայացուցիչը առաջարկեց հատուցում։ 1 սենյականոց բնակարանի համար 6000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, 2 սենյականոցի դիմաց՝ 9000, քանի որ ակնարկվում էր, որ բյուջեի սղության պատճառով հնարավոր չէ կիսակառույցն ավարտին հասցնելու համար ֆինանսավորել։ Մի հատոր՝ «բյուջեի մասին» Մի ամբողջ հատոր է կազմում Արշակունյաց փ. 13 բակի բնակիչներին (առանձին-առանձին) ուղղված պաշտոնյաների գրությունները։ Մխիթարականը թերեւս «13 նորակառույց շենքի ապագա բնակիչների կոլեկտիվ դիմումի» պատասխանում օգտագործվող «ապագա բնակիչներ» բառակապակցությունն է։ Նրանց տեղեկացվում է. «ՀՀ բյուջեի խիստ անբավարարության պատճառով հիշյալ շենքը չի ընդգրկվել 2000թ. շինարարության պետպատվերի ծրագրում» (քաղաքապետարանի «Շինարարություն, բարեկարգում» ՊՓԲԸ, 07.06.2000թ.)։ «ՀՀ 2002թ. բյուջեով նախատեսված չէ Արշակունյաց 13 անավարտ շենքերի շինարարությունը։ Օբյեկտի շինարարության վերսկսման համար միջոցներ հատկացվելու դեպքում պատվիրատուն եւ կապալառուն կրկին հավաստում են, որ կձեռնարկեն միջոցառումներ օբյեկտը կառուցելու եւ շահագործման հանձնելու ամենակարճ ժամկետում» (նույն ՊՓԲԸ-ն, 18.04.2002թ.)։ Զարմանալի է միայն, որ բյուջեով նախատեսված չէ շինարարություն, սակայն «ամենակարճ ժամկետի» համար խոստանում են։ Արշակունյաց բակի բնակիչների խնդիրը հասնում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն։ Նախարար Վարդան Խաչատրյանը անկեղծորեն խոստովանում է, որ «պետական բյուջեի կատարման լարվածությունը հնարավորություն չի ընձեռում լրացուցիչ միջոցներ հատկացնելուն» եւ որ «ՀՀ 2002թ. պետական բյուջեով նշված նպատակի համար միջոցներ չի նախատեսվել»։ Բյուջեում տեղ չեղավ նաեւ 2003թ.։ Թեեւ ինչպես Արշակունյաց պողոտայի թիվ 13 շենքի բնակիչ Քնարիկ Մորուքյանին էր պաշտոնական գրությամբ հայտնել քաղաքապետարանի բարեկարգման, շինարարության եւ գյուղատնտեսության վարչության պետ Ա. Սարգսյանը, «Հարցը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանում եւ հայտավորվել է 2003թ. բյուջեում ընդգրկելու համար» (19.08.2002թ.)։ Բայց չէ՞ որ տարիներ առաջ այս նույն բնակիչները ալտերնատիվ տարբերակներ են առաջարկել հարցի լուծման համար։ Հողի, գույքի եւ կադաստրի վարչության պետ Ա. Վարդանյանի 03.3.98թ. պատմական պատասխանից տեղեկանում ենք, որ «Արշակունյաց պողոտայի թիվ 13 հասցեի թվով 48 ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցին լուծում չի տրվել»։ Ի դեպ, նախորդ խոստումին՝ «ամենակարճ ժամկետում» ավելացավ մի նոր խոստում իրացված տների չիրացված հույսերին. «Ֆինանսավորման հարցի լուծման դեպքում, օբյեկտի պատվիրատուն ու կապալառուն կապահովեն շինարարության ամենաարագ ընթացքը»։ Ամենաարագ ընթացքը։ Եվ դա ակնարկում է քաղաքապետարանի քարտուղար Գ. Ղազարյանը իր 9.03.2000թ.։ Մեկ այլ առաջարկ էլ են մերժում մեր պաշտոնյաները. «Ինչ մնում է այլ տեղից ձեզ բնակարաններով բավարարելուն, ապա Երքաղխորհրդի գործկոմը նման հնարավորություն չունի» (17.07.95թ.)։ Այս դեպքում ինչո՞ւ խախուտ հիմքեր ստեղծեցիք բնակիչների համար, ինչո՞ւ մարդկանց զրկեցիք արժանավայել ապրելու իրավունքից։ «Կռիսների հետ ենք հաց ուտում» Ի՞նչ պատասխան տանք Հովակիմ Գրիգորյանի ընտանիքի անդամներին։ Թամանյանի աշակերտի, վաստակավոր շինարարի մտքով իսկ չէր անցնի, որ օպերայից, հրապարակից, Աշտարակի կամրջից հետո այս «տուն-թանգարանը» կմնա իրենց։ Ի դեպ, մեր հանգուցյալ գործընկերոջ (մամուլի տան վերելակից ընկավ ցած)՝ Վաղինակ Գրիգորյանի ընտանիքի պահանջը արդարացի է. այսքան սպասումներից հետո ո՞ւր գնալ։ Եվ ինչո՞ւ։ Մի «թանգարանում» էլ ապրում է Շահեն Համբարձումյանը՝ 6 անձով, 4 եւ 3 տարեկան աղջնակների խաղալիքները թաց են, ինչպես թաց է ողջ անկողինը։ Պատը խոնավ է, լուսավորություն չկա։ Անուշ Մարտիրոսյանը երկու զինվոր է տվել բանակին։ Ճանապարհել է նրանց այս տնից։ 4 անձով բնակվում են այստեղ եւ հավատում, որ բնակարան կստանան։ Ի դեպ, Անուշի ամուսինը 45 տարեկանում մահացավ եւ նրա դին ստիպված էին պատուհանից դուրս հանել. դուռը ցածր էր ու նեղ։ Ֆենյա Շմավոնյանը մեզ հետ զրուցելիս ցույց տալով կատվաչափ առնետներին, ասաց. «Կռիսների հետ ենք հաց ուտում»։ 4 անձով ապրում է նկարում պատկերված տուն-թանգարանում։ Տղան ստիպված 1,5 տարեկան երեխայի հետ հեռացել է տնից եւ վարձով է ապրում։ 6 անձ ապրում են Մարո Մկրտչյանի հետ նույն այս բնակարանում, ուր լվացքն ու մարդիկ չորանում են կամ տաքանում ծուխ արձակող այս վառարանով։ «Ասեք, ո՞նց ապրեմ» ու ես բառ չեմ գտնում պատասխանելու։ Ասքանազ Դավթյանն ապրում է 9 անձով՝ հյուղակում։ Երեխաները կռունկը գրատախտակ են դարձրել ու դաս են սովորում։ Եվ սա օրը ցերեկով։ Քաղաքում։ Քաղաքի սրտում։ «Հարեւաններով, զրկանքների գնով շուրջ 15 տարի սպասել ենք տեղում կառուցվող շենքից բնակարան ստանալուն, այլ ոչ թե ցաք ու ցրիվ եղել քաղաքի տարբեր վայրերում»,- ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության պետ պրն Ֆ. Ցոլակյանին ուղղված նամակում գրում են գաղութ-բնակավայրի կամ այդ խայտառակ «թանգարանի» բնակիչները։ Որտեղից է սկսվում հայրենիքը։ Եվ ինչով են մեղավոր Արշակունյաց 13-ի բնակիչները, որոնք այնքան սիրեցին իրենց հայրենիքը, որ չհեռացան։ Նույն այդ տարածքից, որտեղ «Սուրմալու» անունով տոնավաճառն է ծաղկում։ Նաեւ՝ բարգավաճում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել