Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱ՞Ն

Ապրիլ 12,2003 00:00

ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱ՞Ն Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում լույս տեսնող «Պյատիգորսկայա պրավդա» թերթում վերջերս հրապարակվել է Ռոստովի մարզի բնակիչ Ս. Մալխասյանի նամակը, որն անհանգստություն է հայտնում տարածաշրջանում ռուսների եւ հայերի ոչ այնքան բարվոք հարաբերությունների առնչությամբ: Որպես դրա պատճառ՝ նա մատնանշում է «հայաստանցի, բաքվեցի եւ ղարաբաղցի հայ արտագաղթողների խիստ ավելացած քանակը»: Նամակի հեղինակի բառերով՝ «Ռուսաստան են գալիս հայ ազգի ոչ լավագույն ներկայացուցիչները, որոնցից շատերը զառանցում են «Ծովից ծով Մեծ Հայաստանի» գաղափարով»: Ս. Մալխասյանը Ռուսաստանի հարավ հայերի ներգաղթի նախաձեռնող է անվանում Դաշնակցությանը, որի իբր ծրագրերով «Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասեր եւ Ռոստովի շրջան հայերի զանգվածային տեղափոխման ճանապարհով՝ իրենց օգտին պիտի փոխեն ժողովրդագրական վիճակը, եւ Ռուսաստանից այդ հողերն օտարելով՝ պիտի ստեղծեն Մեծ Հայաստան»: Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթն այս առնչությամբ մեկնաբանել է, թե նման քարոզչական նյութեր, որոնք պարունակում են ծովից ծով Հայաստանի ստեղծման ծրագրերի վերաբերյալ «ցնդաբանական տեղեկատվություն», 10-12 տարի առաջ հատկապես տարածված էին Կրասնոդարի երկրամասում: «Այս սադրիչ հրապարակումները տարածող կազակության, երկրամասի պատգամավորության եւ վարչական կառույցների ներկայացուցիչներն այդ ծրագրերը վերագրում էին ինչպես ՀՅԴ-ին, այնպես էլ Հայաստանի ղեկավարությանն ու Վազգեն Առաջին կաթողիկոսին: Ցավոք, այն ժամանակ Հայաստանի ներկայացուցիչները որեւէ կերպ չարձագանքեցին տվյալ հայտարարություններին: Եվ որոշակի ուժեր հնարավոր համարեցին վերստին տարածել նման սադրիչ տեղեկատվություն»: «Երկրամասը» նաեւ հատուկ շեշտում է, որ այդ նյութը «Պյատիգորսկայա պրավդան» հրապարակել է 2002-ի իրադարձությունների տարեդարձի նախաշեմին, երբ Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրվա կապակցությամբ Պյատիգորսկում «սքինհեդները» կազմակերպեցին անկարգություններ: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել