Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ՉԵ՞Ն ԴԱՌՆԱ

Ապրիլ 15,2003 00:00

ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ՉԵ՞Ն ԴԱՌՆԱ Երեկ տեղի ունեցավ առաջին մրցույթը՝ Հարկային պետական ծառայությունում տեղ զբաղեցնելու համար Այսուհետ ակնկալվում է, որ ի թիվս մասնագիտական հարցերի, այդ ծառայության աշխատակիցները պետք է նաեւ մեր երկրի կառավարման համակարգից տեղյակ լինեն։ Ասենք, եթե ոչ իբրեւ քաղաքացի, ապա հարկային ծառայությունում աշխատելու հավակնորդը պետք է իմանա, թե ո՞վ կարող է ընտրվել ՀՀ նախագահ, մեր երկրում ո՞ւմ կողմից է իրականացվում օրենսդիր իշխանությունը, ո՞ւմ կողմից է արդարադատություն իրականացվում եւ այլն։ Ընդ որում, վերոնշյալ հարցերի պատասխանները հարկային պետական ծառայությունում աշխատելու հավակնորդները պետք է տան՝ «Ո՞վ է ցանկանում դառնալ միլիոնատեր» հանրահայտ խաղի մոտիվներով. առաջադրված երեք տարբերակներից մեկը պետք է ընտրեն։ Միաժամանակ, հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ի պատասխան մրցույթին ներկա գտնվող լրագրողների ավանդական մտահոգության, նշեց. «Աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ, մեր պահանջները կբարձրանան եւ դա կհանգեցնի ձեր ասած բացասական երեւույթների աստիճանական վերացմանը»։ Իսկ միջին աշխատավարձը հարկային պետական ծառայությունում համարժեք է 120 դոլարին, ավելի բարձր պաշտոնների համար՝ սկսած 120 հազար դրամից։ Այսպիսով, հարկային պետական ծառայությունում, ըստ Արմեն Ալավերդյանի, մեկնարկում է՝ «ազնիվ աշխատանքի եւ պետությանը ծառայելու» շրջանը։ Դա է դրված մրցույթների հիմքում։ Այնպես որ, խորհուրդ չի տրվում միլիոնատեր դառնալու ակնկալիքով «պայքարել» սույն համակարգի աշխատակցի պատվին արժանանալու համար։ Մրցույթներն այլեւս ավանդույթ կդառնան: Դրանք լինելու են բաց եւ փակ։ Վերջիններիս տարբերությունը պարտադիր աշխատանքային ստաժն է։ Փակ մրցույթ հայտարարված տեղերի համար, իսկ դրանք 6-ն են, դիմողները պետք է պետական կառավարման համակարգի՝ նվազագույնը 5 տարվա աշխատանքային ստաժ ունենան։ Եվս 10 տեղի համար բաց մրցույթ է հայտարարված։ Ընդ որում, աշխատատեղերի աշխարհագրությունը լայն է՝ ծառայություն կենտրոնական ապարատից մինչեւ Կոտայքի, Մեղրիի մարզային ծառայություններում։ Մեկ աշխատատեղի համար «մրցելու» դիմում է ներկայացրել միջինը չորս քաղաքացի։ «Ամենայուղոտը» Երեւանի տվյալների մշակման բաժնի չորս թափուր աշխատատեղերն են։ Դրանց համար կպայքարի 36 մարդ։ Մրցույթն անցկացվում է երկու փուլով, արդյունքները պարզ կլինեն 3-4 օրից։ Ի դեպ, պետական եւ ոչ պետական բուհ ավարտածների միջեւ խտրականություն չի դրվում։ Ոչ պետական բուհերի շրջանավարտները եւս կարող են հավակնել հարկային պետական ծառայությունում աշխատել՝ ապավինելով սեփական գիտելիքներին։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Հարմար առիթն օգտագործելով, լրագրողները հարցրին նաեւ հարկային պետական ծառայության պետի տեղակալի կարծիքը ՀՀ կառավարության օրերս կայացած մի որոշման առիթով։ Համաձայն դրա, երկարացվում են 2002թ. նշագրումով դրոշմանիշներով գինու արտադրանքի սպառման ժամկետները։ Պարոն Ալավերդյանը պարզաբանեց, որ դա «բխում է տնտեսվարող սուբյեկտների շահերից», քանզի այդ որոշումը կայացվել է նրանց իսկ «բարձրացրած խնդրով»։ Իսկ պատճառը՝ հին դրոշմանիշերով գինու արտադրանքի մեծ քանության առկայությունն է։ «Չէ՞ որ օղի արտադրողների հետ անհավասար պայմաններում են հայտնվում» հարցի պատասխանն այսպիսին էր. «Օղի արտադրողները նման խնդիր առաջ չեն քաշել։ Բացի այդ, վերադրոշմավորման հնարավորություն միշտ էլ տրված էր։ Նաեւ, այսպիսով հարկային վարչարարության եւ հարկային մուտքեր ապահովելու խնդիր է լուծվում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել