Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ձեռ են առնում»

Ապրիլ 22,2003 00:00

«Մեզ ձեռ են առնում» ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանին Ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել, ինչի հետեւանքով, ըստ Հ. Բաբուխանյանի, ինքը երեք օր ետ է մնացել իր մրցակիցներից, որոնք արդեն սկսել են իրենց քարոզարշավը: ԸՀ-ն Հ. Բաբուխանյանի թեկնածությունը չի գրանցել՝ պատճառաբանությամբ, թե նա իր անձնական գույքի հայտարարագրման ցուցակում չի նշել, թե Բաղրամյան 70 շենքի 99 բնակարանը, որտեղ նա ապրում է՝ հանդիսանում է իր սեփականությունը: Սակայն այն բնակարանը, որտեղ գրանցված է եւ ապրում է Հ. Բաբուխանյանը, պատկանում է իր հորը՝ Բորիս Բաբուխանյանին: «Իշխանությունները շատ լավ գիտեն՝ ով ինչ ունի: Շատ լավ գիտեն, որ Աղասի Արշակյանը երեւի մեր ԱԺ ամենաչնչին ունեցվածք ունեցող անձն է, եւ այս քաղաքական հետապնդումները, դուրս մղելու ձգտումը ոչ այլ ինչ է, քան ընդդիմության նկատմամբ քաղաքական ճնշում, ընդդիմության հանդեպ արդեն անում են ամեն ինչ»,- նշեց Բաբուխանյանը: «Դա սկսվել է այն ժամանակ, երբ ուզում էին կեղծ քրեական գործ հարուցել իմ դեմ: Դա չհաջողվեց՝ մահափորձ կազմակերպեցին: Սա էլ այդ նույն քաղաքականության շարունակությունն է, նույն ուժերի,- ասաց նա՝ ավելացնելով,- մահափորձի առնչությամբ ոչ մի մարդ կալանավորված չէ, ոչ ոք պատասխանատվության դեռեւս ենթարկված չէ, չեն էլ պատրաստվում որեւէ մեկին ենթարկել պատասխանատվության: Այնինչ եղել է մահափորձ, եղել է զանգվածային խուլիգանություն, եղել է ընտրական մեր իրավունքների խոչընդոտման զանգվածային փորձ»: Սակայն անգամ այն դեպքում, երբ հանցագործություն կատարող անձը խոստովանել է, թե ինքն է իրականացրել մահափորձը, իշխանություններն, ըստ պատգամավորի, «հովանավորում» են թե՛ մարզպետին, թե՛ միլպետին, թե՛ կոնկրետ հանցագործին, որոնք այսօր գտնվում են ազատության մեջ: Հ. Բաբուխանյանը նշեց, որ իրեն դանակահարողն այժմ գտնվում է ազատության մեջ, ինչին աջակցել են խորհրդարանական իր 12 գործընկերները, որոնք դիմել են դատախազությանը, որպեսզի փոխեն նրա խափանման միջոցը: Հ. Բաբուխանյանը, սակայն, նշեց պատգամավորներից միայն 3-ի՝ ՀՀԿ-ականներ Հերմինե Նաղդալյանի, Հենրիկ Աբրահամյանի եւ Հարություն Ղարագյոզյանի անունները: Վերջինիս թեկնածությունը չգրանցելու հաջորդ պատրվակն այն է եղել, թե Հ. Բաբուխանյանը «նորմալ» չի ներկայացրել իր աշխատանքի վայրը եւ պաշտոնը, ինչի առնչությամբ Հ. Բաբուխանյանը նկատեց. «Ամբողջ աշխարհը գիտի, որ ես աշխատում եմ ՀՀ ԱԺ-ում՝ պատգամավոր, ինչի մասին էլ տեղյակ եմ պահել ԸԸՀ-ին: Թե այստեղ ի՞նչը դուր չի եկել ԸՀ-ին, պարզ չէ»: ՍԻՄ փոխնախագահը նշեց, որ ինքը դիմելու է ե՛ւ ԿԸՀ, ե՛ւ դատարան, ե՛ւ դատախազություն՝ միտումնավոր իր ընտրարշավը խոչընդոտելու բողոքով: «Ես փոխարեն հիմա այս թեմայով զրուցելու, հիմա պիտի սկսեի իմ ագիտացիան»,- ասաց նա: Մեր դիտարկմանը, թե արդյոք այս ասուլիսը լավագույն քարոզչությունը չէ՞ դատարան դիմելուց առաջ, Հ. Բաբուխանյանն պատասխանեց. «Եվս մեկ անգամ նախազգուշացնում ենք իշխանություններին, որ մի՛ կործանեք երկիրը հանուն ձեր սեփական բարեկեցության, ձեր սեփական կլանների պահպանման»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել