Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԱԼՅԱՆՍԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Մայիս 01,2003 00:00

ՆՈՐ ԱԼՅԱՆՍԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ «Պետք է փորձենք տարածաշրջանային նոր համակարգ ստեղծելով ուժեղացնենք տարածաշրջանային վստահության մթնոլորտը»,- երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Քամալ Խարազին։ Լրագրողի հարցին, թե որքանո՞վ է իրատեսական տարածաշրջանային նոր ալյանս ստեղծելու հավակնությունը, երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը օրերն են հաշվում այդ կառույցին անդամակցելու, պրն Խարազին փաստեց, որ «այլ նպատակներով ստեղծված միջազգային կառույցները չեն համապատասխանում մեր տարածաշրջանին» եւ դրանց ընդլայնումը կանխելու համար կովկասյան ալյանսի ստեղծումն անհրաժեշտություն է։ Տարածաշրջանային անվտանգության խնդիրներն ԻԻՀ արտգործնախարարը համարում է «Իրանի ազգային շահի անբաժանելի մասը»։ Մանավանդ, ըստ ԻԻՀ արտգործնախարարի, կովկասյան ժողովուրդն ունի անհրաժեշտ հասունություն։ ԻԻՀ պատվիրակության այցի ընթացքում, ինչպես տեղեկացրեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, քննարկվել են նաեւ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները։ Այդ շրջանակներում լրագրողները տեղեկացվեցին, որ դիտարկվում են Իրան-Հայաստան գազամուղի կառուցման մի քանի տարբերակներ եւ կյանքի կկոչվի «երկկողմանի նպատակահարմարը»։ Պատասխանելով իրանցի լրագրողուհու՝ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցին, ՀՀ ԱԳ նախարարը փաստեց, որ պատճառ չի տեսնում «հայ-թուրքական սահմանը փակ լինելու համար»։ Ավելին՝ «առանց նախապայմանների պատրաստ ենք մեր հարաբերությունները նորմալացնել թուրքական կողմի հետ»,- հայտարարեց Վարդան Օսկանյանը։ ԻԻՀ պատվիրակությունն այս այցի ընթացքում նաեւ նախապատրաստել է ԻԻՀ նախագահ Մուհամադ Խաթամիի Հայաստան կատարելիք առաջիկա այցը։ Ժամկետները դեռեւս ճշտվում են։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել