Լրահոս
Օրվա լրահոսը

Շփոթ՝ նույնանունությունից

Մայիս 01,2003 00:00

Շփոթ՝ նույնանունությունից «Արդարություն» հասարակական-քաղաքական կազմակերպությունը որոշել է ակտիվ քարոզարշավ սկսել եկող շաբաթվանից։ Կազմակերպությունը կայցելի Գյումրի, Սյունիք։ Նախատեսված են հանդիպումներ հասարակական կազմակերպությունների ղեկավարների, պատերազմի վետերանների ու գիտնականների հետ։ Իսկ մինչ այդ, «Արդարությունը» նախնական հանդիպումներ է ունեցել Գյումրիի ու Եղվարդի մտավորականության հետ, հասցրել է նաեւ հովանավորել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Գյումրու առաջնությունը։ Ընտրազանգվածի հետ նախնական շփումների արդյունքում Ատոմ Մխիթարյանը եկել է այն համոզման, որ «իրենց տիրապետած մարդկային ռեսուրսներին՝ ուսանողներ, հասարակական կազմակերպությունների անդամներ», կարող է գումարվել նաեւ շրջանների մտավորականությունը։ Ըստ նրա, ով սկսում է հասկանալ «Արդարության» քարոզած գաղափարները, պատրաստակամություն է հայտնում իրենց կողմն անցնելու։ Գյումրիում եւ Եղվարդում ընտրողներն առանձնապես հարցերով աչքի չեն ընկել։ Փոխարենը օգտակար խորհուրդներ են տվել տղաներին. «Ասել են՝ զգույշ մնացեք իշխանություններից, նկատի ունենալով նախագահական ընտրությունների ժամանակ գրանցված միջադեպերը։ Խնդրել են զգույշ մնալ նաեւ ընդդիմությունից, որը նախկինում իշխանություն էր։ Ասել են՝ երիտասարդ եք, մաքուր, մի՛ կեղտոտվեք»։ Տղաները բոլոր առիթներով ընտրողներին կոչ են անում «Արդարություն» կազմակերպությունը չշփոթել «Արդարություն» դաշինքի հետ, համոզված են, որ գրագետ քարոզարշավի շնորհիվ այդ շփոթը շուտով կվերանա։ Ի դեպ, Արսեն Քարամյանն էլ տեղեկացրեց, որ օրերս «ճամփել» է իրենց գրասենյակ եկած «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին, որը վտանգավոր միտում տեսնելով դաշինքի ու կազմակերպության նույնանունության մեջ, իրենց մեղադրել է իշխանություններին ծառայելու մեջ։ «Ես էլ Արտակին հակադարձեցի, որ եթե իրենք իսկապես արմատական ընդդիմություն են, ինչի մասին այդքան բարձրաձայնում են, թող առաջ ընկնելով իշխանություններից՝ արդարադատության նախարարությունից պահանջեին այնտեղ գրանցված բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպությունների եւ կուսակցությունների ցուցակները, նայեին անունները ու իշխանություններին զրկեին իրենց դեմ ուղղված հնարավոր քայլերից»,- եզրափակեց Ա. Քարամյանը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել