Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆԳԻՍՏ ԵՎ ՆՈՐՄԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԻՆ»

Մայիս 28,2003 00:00

«ՀԱՆԳԻՍՏ ԵՎ ՆՈՐՄԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԻՆ» ԿԸՀ փոխնախագահ Համլետ Աբրահամյանը, որն այս հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչն է՝ մայիսի 26-ին հրաժարվեց ստորագրել նախնական արդյունքների ԿԸՀ ամփոփիչ արձանագրությունը՝ պատճառաբանելով, թե նրանում քվեարկության մասնակցածների թիվը նախկինում հայտարարվածից մոտ 64 հազար մարդով ավելի է: – Սա Ձե՞ր որոշումն էր, թե՞ կուսակցության: – Միայն իմ անձնական որոշումն էր: – Ինչո՞վ է պատճառաբանված, որ թեեւ ո՛չ ընտրական հանձնաժողովներից էին ստացվել նոր տվյալներ, ո՛չ ավելացել էին նոր ընտրատարածքներ՝ ընտրության մասնակիցների հայտարարված թիվը հանկարծ այդքան ավելացավ: Դա արվեց որեւէ կուսակցությա՞ն, թե՞ հանրաքվեի համար: – Իմ կարծիքով՝ ոչ մի խնդիրն էլ այդպիսով չէր լուծվում, քանի որ այդ տարբերությունն առանձնապես ոչինչ չէր կարող տալ, եւ որեւէ մեկի թիվը չէր կարող փոխել: Մանավանդ այն դեպքում, երբ բոլոր կուսակցությունները գիտեն իրենց ստացած քվեների քանակը: – Իրակա՞ն, թե՞ հայտարարված: – Իրակա՛ն. բոլոր կուսակցություններն ունեն արձանագրությունների պատճենները եւ գիտեն, թե որ տեղամասում ինչքան քվե են ստացել: Իսկ մասնակիցների այդ ավելացումը, հասկանալի է, թյուրիմացություն էր, որի պատճառով ես չստորագրեցի ամփոփիչ արձանագրությունը եւ հիմա պարզում եմ, թե խնդիրն ինչ է: – Դա ընդամենը թյուրիմացությո՞ւն էր: Մայիսի 26-ի նիստում ԿԸՀ նախագահը Ձեզ կոչ արեց չշահարկել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացած տվյալները: – Շահարկելու խնդիր չկա: Բնականաբար, ԸԸՀ-ներից եկած արձանագրությունների հիման վրա է կազմվել այդ թիվը: Բայց թվերի անհասկանալի բարձրացումն ինձ մոտ կասկած առաջացրեց: Հիմա այսօր արդեն պարզել ենք, որ 10-րդ ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվը՝ շուրջ 40 հազար, գրվել է իբրեւ մասնակիցների ընդհանուր թիվ: Իսկ սա արդեն 24 հազարի տարբերություն է տալիս մայիսի 26-ին ընտրողների ընդհանուր քանակի վերաբերյալ հայտարարված թվից: Նույնը կարող է լինել նաեւ այլ ընտրատարածքներում. լարվածությունն իրոք շատ մեծ է՝ մարդիկ 3 օր չեն քնել, նյարդայնացած են, հոգնած: Մի փոքրիկ սխալ են անում, եւ դրա պատճառով փոխվում է ընդհանուր պատկերը: – Իսկ անճշտությունների մեծ քանակը՝ 8552, նույնպե՞ս չի կարող ազդել ձայների հարաբերակցության վրա: – 8552-ն այս ընտրությունների համար, կարծում եմ, շատ փոքր թիվ է: ԱԺ 1999-ի ընտրությունների ժամանակ անճշտությունների թիվը շատ ավելին էին, որը կարող էր ազդել արդյունքների վրա: – Մեկնաբանություններ կան, թե այս ընտրությունների ընթացքում հիմնական խախտումներն արվեցին ոչ այնքան լցոնումների, որքան մասնակցության տվյալների եւ արձանագրությունների կեղծման միջոցով: Հիմնավո՞ր են այս պնդումները: – Ո՛չ: Իմ անձնական կարծիքն է, որ այս ընտրություններն անցել են համեմատաբար բավական հանգիստ ու նորմալ: Եղել են թերություններ, խախտումներ, որոշ տեղերում՝ կրակոցներ, դիտորդների հետ կապված խնդիրներ եւ այլն, բայց՝ ընդհանուր առմամբ, նորմալ է անցել: – ՀՅԴ-ն, որը Դուք ներկայացնում եք Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ 4-րդ տեղում հայտնվեց: Ձեր կարծիքով, սրանք արդա՞ր ընտրությունների շնորհիվ ստացած ձայներ են, թե՞ Դաշնակցության իրական ձայներն, այնուամենայնիվ, ենթարկվել են որոշակի ձեւափոխումների: – Չեմ կարող որոշակի պատասխանել, քանի որ այժմ ստուգման փուլ է, տեղամասեր են բացվում: Եվ բողոքարկումների ընթացքում կպարզվի, թե խեղաթյուրվե՞լ են մեր կամ որեւէ այլ կուսակցության ստացած քվեները: Ստուգումները միայն մայիսի 27-ին են սկսվել, եւ ես դեռ ոչ մի տեղեկատվություն չունեմ արդյունքների վերաբերյալ: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել