Լրահոս
Օրվա լրահոսը

«Բայեվիկ» ընտրություններ

Մայիս 30,2003 00:00

«Բայեվիկ» ընտրություններ Թիվ 12 ընտրատարածքային հանձնաժողովը (ԸՏՀ) երեկ որոշեց խորհրդարանական ընտրությունները ճանաչել անվավեր, ինչպես հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Կռունկյանն ասաց՝ «բազմաթիվ անճշտությունների պատճառով»։ Երեկոյան ժամը 21։00-ին տիկինը դեռ չէր վերջացրել թվերի ամփոփումը։ Դա հետաքրքիր է, որովհետեւ նույն օրն առավոտյան նույն հանձնաժողովից (բայց՝ ոչ նախագահը) տեղեկացրին, որ 8 տեղամասերում կատարված վերահաշվարկի նախնական արդյունքներով՝ պատգամավորի թեկնածու Հարություն Ղարագյոզյանի ձայները 322-ով գերազանցել են մյուս թեկնածու Վերսանդ Հակոբյանի ձայների թվին։ Մեր՝ «Կնշանակի, Հարություն Ղարագյոզյանը հաղթե՞լ է» հարցին պատասխան ստացանք, թե՝ «չէ, դեռ չճշտված հարցեր կան ու պարզ չէ՝ անցել է, թե ոչ»։ Հիշեցնենք, որ ընտրությունների հաջորդ օրն ի լուր ամենքի հայտարարվեց, որ Վ. Հակոբյանը հաղթել է Հ. Ղարագյոզյանին շուրջ 2,5 հազար ձայների առավելությամբ։ Եվ միայն 8 տեղամասի տվյալներով՝ գրեթե 3 հազար ձայնի անճշտություն է հայտնաբերվել այն դեպքում, երբ ՀՀԿ-ից առաջադրված Հ. Ղարագյոզյանին առանց այդ էլ պաշտպանում էին իշխանական բոլոր օղակները, ընտրատեղամասային հանձնաժողովների անդամների մեծ մասը, իսկ թիվ 12 ԸՏՀ նախագահ Ռ. Կռունկյանը Հ. Ղարագյոզյանի վաղեմի մտերիմն է։ Հետընտրական օրերին Շենգավիթի համայնքն ապրում էր լարված ու վախի մթնոլորտում։ Հարություն Ղարագյոզյանի «ջիգիթները» հաշվեհարդար են տեսնում բոլոր նրանց հետ, ում տեսել են Վերսանդ Հակոբյանի շտաբ ելումուտ անելիս։ Ավելին՝ նաեւ նրանց հետ, ովքեր ընտրակաշառք են վերցրել իրենցից ու չեն ապահովել խոստացած ձայների քանակը։ Մեր տեղեկությամբ, Հ. Ղարագյոզյանը Նորագավիթի իր առանձնատնից «էվակուացրել է» ընտանիքին, որովհետեւ «հարազատ» նորագավիթցիներից լսել է սպառնալիք՝ «տունդ կվառենք»։ Ինչ վերաբերում է նույն ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված երրորդ թեկնածու Ռաֆայել Խաչատրյանին, ապա նա նույնպես պատրաստվում է բողոքարկել իր արդյունքները։ Երեկ նրանից ստացած գրության համաձայն, Ռ. Խաչատրյանն ունեցել է մոտ 8 հազար ընտրող, բայց արդյունքում ներկայացվել է ընդամենը հազար ձայն։ «Ես փաստում եմ, որ ինձ տրված քվեները պակասեցվել են 7000-ով, ըստ տվյալ տեղամասում առավել մեծ ռեսուրսներ ունեցող թեկնածուի՝ հանձնաժողովի անդամների վրա ունեցած ազդեցության չափի»,- տեղեկացնում է Ռ. Խաչատրյանը, այս ընտրությունները ներկայացնելով որպես «ընտրություններ, որոնք գերազանցեցին ամերիկյան «բայեվիկ» կինոնկարներին»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել