Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ քայլ առաջ,երկու քայլ ետ

Հունիս 03,2003 00:00

Մեկ քայլ առաջ,երկու քայլ ետ ԵԽ ԽՎ եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների համատեղ հայտարարության որոշ մանրամասներ չհրապարակվեցին նրանց ասուլիսում եւ դուրս մնացին լրատվամիջոցների ուշադրությունից: Այսպես՝ դիտորդները որպես թերություն են նշել «ընտրողական խստությունը թեկնածուների գրանցման գործընթացում», ու նաեւ «ականավոր թեկնածուի ինքնաբացարկը ընտրության օրը՝ սպառնալիքների պատճառաբանությամբ»: Խոսքը ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի մասին է: Դիտորդական առաքելությունը նշում է, թե պետք է արձագանք ստանա իրենց հետեւյալ դիտարկումը. «Անվավեր ձայների ընդգրկումն այն ձայների քանակի հաշվարկման մեջ, որոնք համապատասխանում են համամասնական ընտրակարգում 5%-ի շեմին»: Նշված է, թե գործնականում իրագործելի չէ «Ընտրական օրենսգրքի» այն դրույթը, որը կանոնակարգում է պետական պաշտոնյաների հեռանալը պաշտոնից թեկնածու լինելու կամ քարոզարշավի ընթացքում այլ կերպ ակտիվ լինելու դեպքում: Հայտարարության մեջ նաեւ նշված է. «Անշուշտ, որպես մանիպուլյացիաների հետեւանք՝ ՏԸՀ-ներից շատերի կազմը չարտահայտեց այն քաղաքական ներկայացուցչությունը, որը նախատեսված էր օրենքով»: Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն թույլատրեց 1-ից ավելի թափանցիկ քվեատուփեր հենց միջազգային դիտորդների առաջարկով, սակայն վերջիններս եզրակացրել են, թե ԿԸՀ-ն այդ առումով հետեւողական չէր «Ընտրական օրենսգրքի» մեկնաբանման մեջ: Անհետեւողականության մյուս դրսեւորումը վերաբերում է թեկնածուների գրանցման գործընթացին, երբ նույն անձի՝ Աղասի Արշակյանի գրանցումը մեծամասնական ընտրակարգով դատարանը մերժեց, սակայն մեկ այլ դատարանի որոշմամբ նա մնաց համամասնական ցանկում: Դիտորդները նշել են. «ԿԸՀ-ից պահանջվում էր անդրադառնալ ընտրական գործընթացի այն թերություններին, որոնք նշված էին ՍԴ վերջին որոշման մեջ: Սակայն դրանց առնչվող ԿԸՀ նոր որոշումները՝ բողոքների եւ բողոքարկումների ընթացակարգերի վերաբերյալ՝ համապատասխան ձեւով չէին երաշխավորում վիճաբանությունների ազնիվ, արդյունավետ եւ թափանցիկ լուծումը»: Եզրակացության մեջ արձանագրվում է, թե քարոզարշավի ընթացքում որոշ կուսակցություններ խախտել են «Ընտրական օրենսգիրքի» այն դրույթը, որն արգելում է քաղաքացիներին նախընտրական շրջանում մատուցել կամ խոստանալ ապրանքներ կամ անվճար ծառայություններ. «Չնայած նման բողոքներից մի քանիսը պաշտոնապես ներկայացվել էին ընտրական լիազորված անձանց՝ ԿԸՀ-ն եւ ԸԸՀ-ները հիմնականում ձախողեցին օրենքին բողոքների համապատասխանությունը ուսումնասիրելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը»: Դիտորդները հաստատված են համարել ձայների գնման դեպքերը, ասենք, թիվ 43-ում: Դիտարկված տեղամասերի 3%-ում արձանագրել են սպառնալիքներ (այդ թվում՝ ԸԸՀ 0813-ում մի լուրջ միջադեպ վստահված անձանց նկատմամբ), 10%-ում՝ ոչ լիազորված անձանց ներկայություն եւ զինվորականների կողմից բաց քվեարկություն 0256 տեղամասում: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերջնական հաշվետվություն կներկայացնի ընտրական գործընթացի ավարտից մեկ ամիս հետո: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել