Լրահոս
Օրվա լրահոսը

Խորամանկությո՞ւն, թե՞ հակասություն

Հուլիս 02,2003 00:00

Խորամանկությո՞ւն, թե՞ հակասություն Կարծիք կա, թե երբ ՀՀ եւ ԼՂՀ պաշտոնական տեսակետները ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ-ինչ նրբերանգներում չեն համընկնում, ապա դա կարող է մեկնաբանվել առնվազն երկու ձեւով։ Կա՛մ Երեւանն ու Ստեփանակերտը դիվանագիտական խորամանկություններ են բանեցնում, կա՛մ այս երկու միավորների միջեւ լուրջ հակասություններ են առաջացել։ Այս կարծիքը պարապ հողի վրա չի ստեղծվել եւ ձեւավորման նախապատմություն ունի։ 1998-ից առաջ ՀՀ իշխող վերնախավը սիրում էր կրկնել մի հայտնի պոստուլատ. «Մենք համաձայն ենք կարգավորման ցանկացած տարբերակի, որին համաձայն է նաեւ Լեռնային Ղարաբաղը»։ Այս պոստուլատը մի տեւական շրջան կարծես անսխալ էր գործում։ Համենայնդեպս, գոնե ՀՀ-ԼՂՀ շրջանակում խնդիրներ չառաջացան մինչ այն պահը, երբ առանձնապես ցցուն դարձան փուլային եւ փաթեթային տարբերակների հարցում Լ. Տեր-Պետրոսյանի եւ Ռ. Քոչարյանի հակասությունները։ Ինչ-որ մի պահից սկսած այլեւս պարզ էր. խորամանկությունների փուլն ավարտված է, եւ ինչ-որ մեկը պետք է խաղից դուրս գա։ Այժմ տեսնենք, թե որքանով են ներդաշնակ նախագահներ Ռ. Քոչարյանի եւ Ա. Ղուկասյանի մոտեցումները կարգավորման ներկայիս ու ոչ վաղ անցյալի շրջանների վերաբերությամբ։ «Բոլորը հասկանում են, որ առանց Ղարաբաղի այս խնդիրը լուծել հնարավոր չէ»,- այսպիսի հայտարարություն է արել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Միանգամից նկատել տանք, որ 1998-ից հետո՝ «հայրենասերների» իշխանության գալու պահից ի վեր առաջին անգամ ԼՂՀ քաղաքական ղեկավարությունը պարզորոշ կերպով ցուցադրում է Հայաստանի իր գործընկերների հետ ունեցած անհամաձայնությունը։ Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանն իր նախորդի որդեգրած վերոհիշյալ պոստուլատը ժամանակին որակել էր որպես պատասխանատվությունից խուսափելու եւ Ղարաբաղը հարվածի տակ դնելու պահվածք։ Հենց այս՝ Հայաստանի իբրեւ թե անկեղծ եւ անվեհեր վարքագծով էր նա հիմնավորել ԼՂՀ-ին բանակցությունների սուբյեկտի կարգավիճակից զրկելու հանգամանքը, մինչդեռ պարզվում է, որ դրանից Արկադի Ղուկասյանն առանձնապես չի ուրախացել։ Ավելին, նույն հայտարարության մեջ վերջինս պնդել է, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համարյա հինգ տարի է, ինչ բանակցությունները սառեցված են»։ Կամա թե ակամա պետք է մտաբերենք, որ, թեկուզեւ առանց ակնառու արդյունքների, բայց վերջին հինգ տարիների ընթացքում համանախագահներն, այնուամենայնիվ, աշխատել են։ Իսկ Ռ. Քոչարյանի ու Հ. Ալիեւի շուրջ երկու տասնյակի հասնող երկկողմ հանդիպումների առնվազն կեսից ավելին անցել է Մինսկի խմբի հովանու ներքո։ Այսքանից հետո դժվար է մտածելը, թե Ռ. Քոչարյանը կհամաձայնի գոնե իր մասով բանակցությունների սառեցված լինելու վերաբերյալ՝ Ա. Ղուկասյանի գնահատականներին։ Հիշենք, թե Քոչարյանի բանակցային ակտիվությանն ինչպիսի քարոզչական դեր էր վերապահված նախագահական ընտրությունների ժամանակ։ Եվ ահա խնդրեմ, ըստ Ղուկասյանի, պարզվում է, որ այն սառեցված է եղել։ Ինչեւէ, վերագրել այս ամենը Երեւան-Ստեփանակերտ շրջանակի խորամանկություններին կամ հակասություններին, առայժմ դժվար է։ Կարող ենք փաստել միայն, որ Արկադի Ղուկասյանի այն պնդումը, թե աշխարհը դեռեւս կարգավորման տարբերակ չի տեսնում, անուղղակիորեն հաստատվում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան տարածած մի տեղեկատվությամբ։ Ըստ այդմ՝ Մեծ Բրիտանիայում հայտարարվել է հայտամրցույթ (տենդեր)՝ ԼՂ հակամարտության կարգավորման լավագույն նախագծի համար։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել