Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով ինչ ուզում՝ անում է»

Հուլիս 25,2003 00:00

«Ով ինչ ուզում՝ անում է» Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը դեմ է արտահայտվում մանր բաժանմունքներին եւ քննադատում է առողջապահության նախորդ նախարարներին: Այսուհետ Հայաստանում ընտանեկան բժիշկները կպատրաստվեն միօրինականացված կրթական ծրագրով։ Սա հայտնի դարձավ երեկ Երեւանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած Որակի բարելավմանը եւ ընտանեկան բժշկությանն առնչվող բարեփոխումներին նվիրված սեմինարի ժամանակ, որը կազմակերպել էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Կրթության զարգացման ակադեմիան եւ Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագիրը։ Նեղ մասնագիտական բնույթի պատճառով իմաստ չունի անդրադառնալ սեմինարին։ Փոխարենը մեզ հետաքրքրեց «նեղ մասնագիտական» մեկ այլ հարց, որին իր ողջույնի խոսքում անդրադարձավ բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը։ Վերջինս մասնավորապես ասաց հետեւյալը. «Առողջապահության նախարարության սխալ քաղաքականության պատճառով փոշիացվում են նեղ մասնագիտությունները, որոնց զարգացումը հնարավոր է ապահովել ոչ թե լիլիպուտային, այլ միայն մեծ բաժանմունքներում»։ Պրն Հակոբյանին խնդրեցինք պարզաբանել եւ մանրամասնել իր ասվածը։ Վերջինս հիվանդանոցներում՝ անկախ դրանց պրոֆիլից, զանազան նեղ մասնագիտական բաժանմունքների բացումը պատճառաբանեց շուկայական հարաբերություններով, երբ «մարդիկ իրենց ողջ էությունն ու նպատակն ուղղում են հիմնականում մեկ բանի՝ ինչպես ֆինանսական միջոցներ հայթայթել»։ Ըստ Վ. Հակոբյանի, դժվար է այսօր գտնել հիվանդանոց, որը չունենա, օրինակ, քիթ-կոկորդի, աչքի կամ վնասվածքաբանության բաժանմունք։ Մեր դիտարկմանը, թե հավանաբար ունեն թույլտվություն, որ բացում են, պրն Հակոբյանն ասաց. «Ի՞նչ թույլ տալու մասին է խոսքը։ Ինձ թվում է, թույլ տալ էստեղ գոյություն չունի։ Ով ինչ ուզում է՝ անում է։ Անարխիա է։ Առողջապահության բնագավառում անարխիա է»։ Այնուհետեւ ԵԲՀ ռեկտորը «կոնկրետացրեց» մեղադրանքը. «Վերջին 7-8 տարիների ընթացքում այդ անարխիան խստորեն աճել է։ Ով ինչպես ուզում, էնպես էլ վարվում է»։ Քանի որ առողջապահության նախարարություն կամ բնագավառ ասվածը նույնն են մնացել, փոխվել են միայն նախարարները, ենթադրում ենք, որ խոսքը նախարարների մասին է։ Սա՝ մեր ենթադրությունը։ Ակադեմիկոսը գտնում է, որ, ասենք, «եթե ամեն տեղ աչքի բաժանմունք լինի, ապա աչքի հիվանդանոցում հիվանդները քիչ կլինեն, եւ այնտեղ ներդրումները քիչ կլինեն եւ զարգացում չի լինի։ Իսկ գիտությունը զարգանում է միայն խոշոր հիվանդանոցներում, որտեղ կան իսկական պրոֆիլային ուղղությամբ մասնագիտացումներ»։ Վ. Հակոբյանի կարծիքով, հակառակ դեպքում կկատարվեն «գյուղական մակարդակի օգնություններ»։ Նա համաձայնեց մեր այն դիտարկմանը, թե դրանով ընկնում է նեղ մասնագիտական բուժծառայությունների որակը։ Բայց այստեղ արդեն հակասություն կա. նեղ մասնագիտական ցածրորակ սպասարկումից հետո հազիվ թե քչանան, ասենք, աչքի հիվանդանոցի հիվանդները։ Երեւի՝ ավելի շուտ հակառա՞կը։ Պրն Հակոբյանը համոզված է, որ առողջապահության նախարարությունը վարչական մեթոդներով չպիտի թույլ տա փոքր բաժանմունքների բացում։ Որպես բժշկական կրթական ամենամեծ հաստատության ղեկավար, պրն Հակոբյանը հավաստիացնում է, որ իր այս եւ այլ մտահոգությունները բանավոր եւ գրավոր հայտնել է նախարարություն։ Սակայն «խոսքը վերաբերում է նախարարության, իհարկե, նախկին ղեկավարներին, նրանք ժամանակ չունեին լսելու նման բաներ»։ Քանի որ մեզ երեկ չհաջողվեց կապվել վերջին 7-8 տարվա նախարարների հետ, փորձենք ինքներս ապահովել նյութի հավասարակշռությունը։ Ամենահեշտ գործն, իհարկե, նախկիններին քննադատելն է։ Դա ավելի կհեշտանար, եթե նախկինները վարչարարական մեթոդներով արգելեին փոքր բաժանմունքների բացումը հիվանդանոցներում։ Դրանով նրանք ուղղակի կխեղդեին (կամ կմեղադրվեին խեղդելու մեջ) պետական ֆինանսավորումից գրեթե զրկված հիվանդանոցները, որոնցից շատերը նաեւ այդ կերպ հաղթահարում են անցումային ժամանակաշրջանը։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել