Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանաբնակ արձակագիրը՝ հօգուտ Հայ դատի

Հուլիս 25,2003 00:00

Գերմանաբնակ արձակագիրը՝ հօգուտ Հայ դատի Երեկ Գրողների միությունը հյուրընկալել էր գերմանահայ արձակագիր, թարգմանիչ Րաֆֆի Քեպապճյան-Կանտյանին։ Ինչպես միշտ, այս անգամ եւս Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանի՝ հյուրին ներկայացնելը ընդհատվեց նրա բջջային հեռախոսի զանգով։ Կարճատեւ հեռախոսազրույցից հետո ՀԳՄ նախագահը Ր. Քեպապճյանին ներկայացրեց որպես գերմանա-հայկական միության առաջին հայ ատենապետ։ Խոսեց նաեւ գերմանական իշխանություններին Հայ դատի մասին պարբերաբար հիշեցնելու Ր. Քեպապճյանի ջանքերից։ Այնուհետեւ կինոգետ Դավիթ Մուրադյանը բնութագրեց Րաֆֆի Կանտյանի հետաքրքիր լեզվամտածողությունն ու ստեղծագործությունները, որոնցում «անպայման կա հայի կերպարը»։ Դ. Մուրադյանի խոսքն էլ ընդհատվեց իր բջջայինի զնգոցով։ Դ. Մուրադյանը կարեւորեց Ր. Քեպապճյանի գործունեությունը արտասահմանում, համարելով, որ նրա նման մտավորականները «հայրենիքից դուրս ստեղծում են հայկական տարածություն ու նպաստում հայ մշակույթի միջազգայնացմանը»։ Ըստ Դ. Մուրադյանի, Ր. Քեպապճյանը, գտնվելով այլ մշակութային համակարգում, այն ծառայեցնում է ի շահ Հայ դատի եւ հայ գրականության։ Գրողների միության քարտուղար Հովիկ Հովեյանն էլ նշեց, որ «Րաֆֆիի ստեղծագործություններում տիեզերքի հետ կապը հայ գեղջուկի բեղերն են, որ երեւում է նրա յուրաքանչյուր պատմվածքում, որոնցով հեղինակը թերթ առ թերթ, էջ առ էջ կառուցապատում է իր հայրենիքը»։ Տեղեկացնենք, որ Ր. Քեպապճյանը թարգմանել է հայ դասականներին ու հայ ժամանակակից գրողներին։ Նա նաեւ Նարեկացի է գերմաներեն թարգմանել։ Հինգ գրքի հեղինակ է, որոնց հայաստանցի ընթերցողը դեռեւս հնարավորություն չունի ծանոթանալու։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են «Հառաչ», «Հայրենիք», «Գարուն» եւ այլ պարբերականներում։ Ր. Քեպապճյանի կարծիքով, իր գրական-հասարակական գործունեությանը խոչընդոտում է այն հանգամանքը, որ «կապրի այնպիսի տեղ, ուր հոծ հայություն չկա»։ Բայց դա չի խանգարել, որ իր գերմանացի կնոջը «հայացնի» ու հայերեն խոսել սովորեցնի։ Ներկայումս Ր. Քեպապճյանը աշխատում է գերմանական իշխանությունների առջեւ հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելու ուղղությամբ։ Առայժմ հաջողությունները շոշափելի չեն։ Բարձրաստիճան գերմանացիներից մեկը մի առիթով պատասխանել է. «Գերմանիան չի կարող աշխարհի ամեն անկյունում տեղի ունեցող ողբերգություններով զբաղվել։ Այդ տրամաբանությամբ շարժվելով, պիտի Ամերիկայի կարմրամորթների ճակատագրով էլ հետաքրքրվենք»։ Ըստ նրա, կան նաեւ գերմանացի պատմաբաններ, որոնք հայոց ցեղասպանությունը համարում են գերմանացի ժողովրդի պատմության մի մասը։ «Մնում է համոզենք, որ փաստվին բոլոր այդ բաները»,- կարծում է Ր. Քեպապճյանը։ Նա գոհ չէր նաեւ Գերմանիայում ցուցադրված Ատոմ Էգոյանի «Արարատի» արձագանքներից. «Ցավոք, Էգոյանի ֆիլմերը դյուրին դիտվելիք ֆիլմեր չեն եւ դրանք 10-20 հոգանոց լսարանի առջեւ ցուցադրված են»։ Առաջիկայում Ր. Քեպապճյանը պատրաստվում է հայոց ցեղասպանության մասին նոր փաստեր ու մանրամասներ հավաքել ու իր ձեռքի տակ եղածի հետ համադրելով, տեղադրել ինտերնետում։ Դեռեւս 1990թ. Հանովերում տպագրվող «Դիհորեն» հեղինակավոր ամսագրի մի համարը նրա շնորհիվ նվիրված է եղել Հայաստանի պատմությանը, տնտեսությանն ու մշակույթին։ Նրա հրատարակած մեկ այլ ամսագիր էլ հիմնականում գերմանախոս ընթերցողի համար է, սակայն պարբերականում կա առանձին բաժին, որտեղ հայերենից թարգմանություններ են արված, որոնց հետ նաեւ հայերեն բնագիր կա։ Ր. Քեպապճյանի հետ հանդիպման ժամանակ հայաստանցի գրչակիցների միջեւ վեճ ծագեց նրան հարցեր տալու հերթականության պատճառով։ Արդյունքում Վահրամ Թաթիկյանը ցուցադրաբար բողոքեց հարցի իր հերթը խախտվելուց, այնուհետեւ հրաժարվեց հարցից։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել