Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Հուլիս 25,2003 00:00

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Ռեյկյավիկ-Լոնդոն-Փարիզ-Երեւան չվերթով կեսգիշերին ժամանեց Երեւան։ Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի առաջին փուլի պատասխան խաղում մեր լավագույն ակումբը Իսլանդիայի մայրաքաղաքում ոչ-ոքի՝ 1։1 խաղաց այդ երկրի չեմպիոն «Ռեյկյավիկի» հետ եւ երկու հանդիպումների արդյունքով հաղթելով 2։1 հաշվով, մտավ ՉԼ-ի որակավորման մրցաշարի երկրորդ փուլ։ Երեւանում տարած նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակն այնպիսի իրավիճակ էր ստեղծել, որ վերջնական հաջողության հեռանկար գրեթե հավասարապես պահպանում էին երկու թիմերն էլ։ Այսպես ասում ենք՝ նկատի ունենալով «Ռեյկյավիկի» համար սեփական դաշտի գործոնը։ Ցավոք, ինչ-ինչ պատճառներով «Ռեյկյավիկ»-«Փյունիկ» խաղից ոչ հեռուստատեսային, ոչ ռադիո հեռարձակում չեղավ։ Ստիպված էինք խմբագրությունում ինտերնետով on-line հետեւել իրադարձությունների զարգացմանը, որի ժամանակ տեղեկատվությունը, սովորաբար, կցկտուր է լինում։ Կասկած չկար, որ իսլանդացիները ձգտելու էին րոպե առաջ հաջողության հասնել եւ անել ամեն բան խաղավարտին կշեռքի նժարն իրենց կողմը թեքած լինելու համար։ Բայց մոտավորապես 80 րոպե նրանց ջանքերն ապարդյուն են անցել։ Չգիտենք, այդ ընթացքում «Փյունիկն» ավելի շատ պաշտպանվո՞ւմ էր, թե՞ ոչ, բայց 73-րդ րոպեին առաջինը հաջողության են հասել մեր տղաները՝ գործնականորեն մրցակցին զրկելով պայքարը հաջորդ փուլերում շարունակելու երազանքներից։ Գոլը խփել է Աղվան Մկրտչյանը։ Ճիշտ է, մի քանի րոպե անց Բյարկի Գունլաուգսոնը 11 մետրանոցով վերականգնել է հավասարակշռությունը, բայց դա շատ քիչ էր։ «Ռեյկյավիկից» պահանջվում էր առնվազն եւս երկու անգամ գրավել հյուրերի դարպասը։ Իսկ դա արդեն անիրագործելի էր, որովհետեւ ժամանակ այլեւս չէր մնացել։ Մեր ունեցած տեղեկություններով, մինչեւ Աղվան Մկրտչյանի գոլ խփելը լատիշ մրցավար Անդրեյս Սպայլոն տուգանային հրապարակում խաղի կանոնները խախտելու համար դաշտի տերերին պատժել է 11 մետրանոցով, սակայն, ինչպես առաջին հանդիպման ժամանակ, այնպես էլ Ռեյկյավիկում մերոնք չեն օգտվել դրանից։ Հայտնի չէ, թե այս անգամ ով է վրիպել, բայց տեղեկացել ենք, որ հարվածն իրացրել է «Փյունիկի» լեգեոներականներից մեկը եւ գնդակն անցել է դարպասի վերեւով։ Շնորհավորում ենք «Փյունիկին» հաղթանակի համար։ Երկրորդ փուլում մեր թիմի մրցակիցը լինելու է Բուլղարիայի չեմպիոն ԲԿՄԱ-ն։ Հուլիսի 30-ին «Փյունիկը» հանրապետական ստադիոնում կընդունի բանակայիններին, իսկ մեկ շաբաթ անց ինքը կհյուրընկալվի Սոֆիայում։ Պատասխան խաղը հավանաբար կկայանա «Բըլգարսկա արմիա» ստադիոնում։ Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում զույգեր կազմել են. «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)-«Շախտյոր» (Դոնեցկ, Ուկրաինա) ԲԿՄԱ (Մոսկվա, Ռուսաստան)-«Վարդար» (Մակեդոնիա) ՄՏԿ (Բուդապեշտ, Հունգարիա)-ԽԻԿ (Ֆինլանդիա) «Կաունաս» (Լիտվա)-«Սելթիկ» (Գլազգո, Շոտլանդիա) «Լեոտար» (Բոսնիա)-«Սլավիա» (Չեխիա) «Ժիլինա» (Սլովակիա)-«Մակկաբի» (Թել-Ավիվ, Իսրայել) «Բոգեմիանս» (Իռլանդիա)-«Ռուսենբորգ» (Նորվեգիա) «Մարիբոր» (Սլովենիա)-«Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա) «Ռապիդ» (Բուխարեստ, Ռումինիա)-«Անդերլեխտ» (Բելգիա) «Պարտիզան» (Սերբիա)-«Յուրգորդեն» (Շվեդիա) «Վիսլա» (Լեհաստան)-«Օմոնիա» (Կիպրոս) «Կոպենհագեն» (Դանիա)- «Սլիեմա Ուոնգերերս» (Մալթա) «Տիրանա» (Ալբանիա)-«Գրաց» (Ավստրիա)։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել