2027-ի հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մենք արդեն ասել ենք, որ փորձելու ենք կենսաթոշակներն ինդեքսավորել, կենսաթոշակների բարձրացում անելու ենք։ Կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46 հազար դրամ է, այն կդառնա 47 հազար դրամ։ Աշխատանքային ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա։ Կբարձրանա նաեւ զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիների կենսաթոշակը։ Բարձրացման համար մոտավորապես կծախսենք 5,5 մլրդ դրամ»,- ասաց նախարարը։ Ճշտող հարցին, թե երբվանից է նախատեսվում բարձրացումը, նա պատասխանեց՝ 2027-ի հունվարից։
Արսեն Թորոսյանը նաեւ նշեց, որ «թաղման նպաստի» գումարը կհատկացվի միայն անապահովության համակարգում ընդգրկված անձանց։ Մյուսների համար չի գործի։
«Միշտ կա օդում կախված այդ հարցը՝ թաղման նպաստի հասցեականության վերաբերյալ։ Եվ մենք որոշել ենք այդ գումարներն ուղղել մեր կենսաթոշակառուներին, իհարկե, պահպանելով որոշակի խմբի համար, որոնք ավելի մեծ կարիք կունենան։ Խոսքն անապահովության համակարգում ընդգրկված քաղաքացիներին է վերաբերում»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Նախարարը նաեւ հայտնեց, որ կառավարությունը որոշել է ավարտել սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը. «Սոցփաթեթի ծրագիրն ընդունվել է 2012-13-ին, որպես պետական համակարգում ցածր վարձատրության փոխհատուցում, որի շրջանակում մեր քաղաքացիները կարող էին որոշակի ծառայություններ գնել՝ առողջարանային, հանգստի, սպորտի, ուսման և այլն: Բայց մենք գիտենք, որ հատկապես վերջին տարիներին, այն բոլոր քաղաքացիները, որոնք ունեին սոցիալական փաթեթ, տարատեսակ բարեփոխումների արդյունքում ունեցել են, թե՛ աշխատավարձի բարձրացումներ, նաև առողջապահության ապահովագրության շնորհիվ ավելի մեծ հնարավորություն՝ ծածկելու իրենց առողջապահական ծախսերը։ Եվ հիմա եկել է ժամանակը պարզապես ավարտելու այդ ծառայության մատուցումը, քանի որ այն իր առջև դրված խնդիրը կատարել է»:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































