Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ բյուջեն ոչ մեկին չհուզեց

Սեպտեմբեր 02,2003 00:00

Նախորդ բյուջեն ոչ մեկին չհուզեց Սեպտեմբերի 1-ին պատգամավորները գնացել էին դպրոց Խորհրդարանը երեկ պետք է քննարկեր 2002 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը։ Սա դեռեւս նախորդ խորհրդարանից մնացած պարտք է՝ նախընտրական շրջանում նիստեր չկայացնելու հետեւանքով ԱԺ-ն չհասցրեց մի շարք հարցեր քննել, այդ թվում նաեւ բյուջեի հաշվետվությունը։ Բայց ակնհայտորեն, պատգամավորները տրամադրված չէին իրենց հեղինակավոր խոսքը բյուջեի մասին ասելու։ Համենայնդեպս, երեկ՝ քննարկումների առաջին օրը մատների վրա հաշվված պատգամավորներ էին մասնակցում քննարկումներին։ Ընդ որում, բացակայում էին ոչ միայն ընդդիմադիր խմբակցությունները, այլեւ նույն կոալիցիայի անդամները։ Կառավարության անդամներն էլ կարճ ժամանակ «պատվեցին» քննարկումները եւ արագ հեռացան։ Բյուջեի հաշվետվության նկատմամբ այս պասսիվությունը խիստ հասկանալի է՝ ինչո՞ւ իզուր թվերի պատճառով գլուխ ցավեցնեն, երբ միեւնույն է՝ «այո» են ասելու կոալիցիոն համերաշխությամբ։ Իսկ թե ինչո՞ւ էին քննարկումներից բացակայում ընդդիմադիրները՝ առիթ էր կառավարությանը քննադատելու, անհասկանալի մնաց։ «Արդարություն» խմբակցությունից մեզ տեղեկացրին, թե իրենց տեսակետը բյուջեի մասին արդեն տպագրվել է մամուլում Թաթուլ Մանասերյանի կողմից։ Խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Բոյկոտելու խնդիր չկա, մեր պատգամավորները մասնակցելու են հանձնաժողովների նիստերին, քննարկումներին»։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) պատգամավորների պասսիվությունը բյուջեի հաշվետվությանը բացատրեց այսպես. «Սեպտեմբերի մեկն է, եւ շատ պատգամավորներ գուցե ունեն երեխաներ, որոնց առաջին անգամ տարել են համալսարան, բուհեր կամ իրենց թոռնիկներին տարել են դպրոցներ։ Հաջորդ պատճառն այն է, թերեւս, որ պատգամավորներն իրենց աշխատանքի սկիզբը համարում են ամսի 8-ը՝ առաջին եռօրյան։ Ուրիշ պատճառ դժվարանում եմ գտնել»։ Նման պասսիվությունը պրն Մինասյանին չի հուսահատեցնում, ընդհակառակը՝ նա լավատես է. «Բյուջեի հաշվետվությունն առանց որեւէ պրոբլեմի պետք է անցնի, որովհետեւ աննախադեպ հաջող բյուջե է, կատարողականը 100 տոկոսից ավելի է ե՛ւ ծախսային, ե՛ւ եկամտային մասով։ Բոլոր ուղղություններով բյուջեն կատարվել է։ Այս առումով բյուջեի հաշվետվության ընդունման հետ կապված՝ չեմ կարծում որեւէ լուրջ պրոբլեմ կլինի»։ Այնուամենայնիվ, հանձնաժողովի նախագահը կարծում է, թե պատգամավորներն այսուհետ կմասնակցեն քննարկումներին. «պատգամավորները ճիշտ կլինի մասնակցեն, որովհետեւ կարեւորագույն փաստաթուղթ է քննարկվում»։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր հերթին նկատեց, որ որեւէ պասսիվություն չկա, իսկ բացակայության պատճառը պրն Սահակյանը կրկին բացատրեց «մշակութային» տրամաբանությամբ. «խորհրդարանը դեռ նոր է ձեւավորվել եւ խորհրդարանական մշակույթը դեռեւս շատ պատգամավորների մեջ նստվածք չէր կարող տալ, մեծ մասը ծանոթ չեն տրադիցիաներին, թերեւս դա պատճառ եղած կլինի»։ Գալուստ Սահակյանը վստահ է, որ բյուջեի հաշվետվությունն ԱԺ-ում «կանցնի շատ բարձր ձայներով»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930