Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկամությունը՝ բարեկամություն, սպորտը՝ սպորտ

Սեպտեմբեր 04,2003 00:00

Բարեկամությունը՝ բարեկամություն, սպորտը՝ սպորտ Երեկ պաշտպանության նախարարության ընդունելությունների տանը Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Գեորգիոս Անտոնակապուլուսը եւ ՀՀ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու վերաբերյալ։ Հայ եւ հույն գեներալները մամուլի ասուլիսում ներկայացրին եռօրյա այցելությունների ընթացքում ՀՀ նախագահի, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հետ ունեցած հանդիպումների արդյունքները։ Համաձայն դրանց, Գ. Անտոնակապուլուսը եւ հայ պաշտոնյաները քննարկել են Հայաստանի եւ Հունաստանի միջեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Ըստ Մ. Հարությունյանի, մեկ անգամ եւս շեշտվել է, որ Հայաստանն ու Հունաստանը հետապնդում են ընդհանուր ռազմավարական շահեր եւ համագործակցությունը պաշտպանության եւ անվտանգության բնագավառում պետք է շարունակական զարգացում ունենա։ Հուշագրի վերաբերյալ Մ. Հարությունյա նը նաեւ հայտնեց, որ առաջիկայում այն կներկայացվի ԱԺ-ի եւ ՀՀ նախագահի վարվերացմանը եւ հարցի դրական լուծումից հետո 2003թ. տարեվերջին հրաձգային դասակը կգործուղվի Կոսովո։ Հայկական խաղաղապահ գումարտակի պատրաստվածությունը գնահատելու նպատակով, հունական պատվիրակության կազմում է ռազմական փորձագիտական խումբը։ Մ. Հարությունյանի խոսքերով, խմբի մասնագետները բարձր են գնահատել հայ զինվորների մարտական եւ մասնագիտական պատրաստվածությունը՝ միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցելու առումով։ Քննարկումներ են եղել նաեւ ռազմական կրթության բնագավառում համագործակցության զարգացման վերաբերյալ։ Նշվեց, որ Հունաստանի ռազմական ակադեմիայում ամեն տարի ՀՀ զինված ուժերի համար պատրաստվում են 8-10 սպաներ, շուրջ 100 հայ սպաներ վերապատրաստվում են ռազմաուսումնական կենտրոններում։ Իսկ դահլիճից հնչած՝ թեմային չառնչվող հարցին, թե սեպտեմբերի 6-ին կայանալու է Հայաստանի եւ Հունաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը եւ, գեներալների կարծիքով՝ ո՞վ կհաղթի, Գ. Անտոնակապուլուսը պատասխանեց. «Սպորտի մեջ բարեկամություն չկա, կհաղթի լավագույնը»։ Հույն գեներալի հետ համակարծիք էր հայ գեներալը, թեեւ կանխատեսեց, որ հայերը կհաղթեն։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930