Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՓԱԿՎԻ՞ «ՄԵՏՐՈ» ԹԱՏՐՈՆԸ

Սեպտեմբեր 10,2003 00:00

ԿՓԱԿՎԻ՞ «ՄԵՏՐՈ» ԹԱՏՐՈՆԸ Սերգո Երիցյանն ու Հենրիկ Իգիթյանը որոշել են մշակույթի այս օջախը եւս «օպտիմալացնել» Երեւանի «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին վերջերս շնորհվել է արվեստի վաստակավոր գործչի կոչում, ինչը, ռեժիսորի խոսքերով, «նշանավորվել» է իր ղեկավարած թատրոնի փակմամբ։ Վերջին ներկայացումը, որ բեմադրվել է 2 ամիս առաջ, Ռիչարդ Կալինովսկու «Գազանը լուսնի վրա» գործն էր։ Իսկ ներկայումս թատրոնը ակամա անգործության վիճակում է։ Այժմ, ինչպես լրագրողներին տեղեկացրեց Ն. Ծատուրյանը, Ազգային գեղագիտական կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանը իրեն դուրս է անում իր իսկ հիմնադրած թատրոնից։ Հ. Իգիթյանը իր տեղակալ Մանվել Խաչատրյանի բերանով հեռախոսով Ն. Ծատուրյանին օրերս ասել է, որ Ազգային գեղագիտական կենտրոնը գումար չունի «Մետրո» թատրոնի ծախսերը հոգալու համար։ Եվ կրթության նախարարից հրահանգ է ստացել կրճատել ավելորդ հաստիքները։ «Մետրո» թատրոնի փոխարեն մտադիր է ստեղծել մանկական ստուդիա, ուր կխաղան երեխաները եւ, եթե հարկ լինի, իրեն՝ Ծատուրյանին էլ կհրավիրեն աշխատելու։ Հիշեցնենք, որ «Մետրո» թատրոնը Հ. Իգիթյանի «Ազգային գեղագիտական կենտրոն» ՍՊԸ-ի դուստր ձեռնարկությունն է, իսկ կենտրոնը գործում է կրթության նախարարության ենթակայությամբ, որն իրավունք չունի թատրոն պահելու։ Չնայած պտտվում են լուրեր, որ իրականում Հ. Իգիթյանը ցանկանում է, որ Փոսի թատրոնը տեղափոխվի «Մետրո» թատրոնի շենք, իսկ ինքը տիրանա Փոսի թատրոնի տարածքին։ Մշակույթի փոխնախարար Կ. Արիստակեսյանը եւս հաստատել է, որ Փոսի թատրոնի ղեկավարությունը իսկապես նման բովանդակության դիմում է հղել մշակույթի նախարարին, միաժամանակ ներկայացնելով իրենց թատրոնի շենքի անմխիթար վիճակը։ «Իսկ երբ տեղեկացրինք, որ «Մետրո» թատրոնը դեռեւս չի լուծարվել, մեզ առաջարկեցին, որ երկու թատրոնները համատեղ նույն շենքում աշխատեն։ Բայց դա աբսուրդ է՝ պատկերացնո՞ւմ եք, նույն տանիքի տակ երկու տնօրեն, երկու հաշվապահ։ Այլ հարց է, եթե տարածքն արենդայով վերցնեն»,- կարծում է Ն. Ծատուրյանը։ Նա թատրոնի հնարավոր փակման մասին օգոստոսին տեղեկացրել է նաեւ կրթության նախարար Սերգո Երիցյանին։ «Քարտուղարուհուն երեք ժամ համոզելուց հետո նախարարը երեք րոպեով ինձ ընդունեց։ Երբ ասացի «Մետրո» թատրոնից եմ, զարմացավ՝ ի՞նչ «Մետրո» թատրոն։ Երբ ասացի, որ «Մետրո» թատրոնը գեղագիտական կենտրոնի ենթակայությամբ է գործում, վերջինս էլ՝ կրթության նախարարության՝ նորից զարմացավ. «Ինչ է, գեղագիտական կենտրոնը մեր կառույցի համակարգո՞ւմ է»,-նախարարի հետ հանդիպման մասին պատմեց Ն. Ծատուրյանը։ Բայց, այնուամենայնիվ, ԿԳ նախարարը վերցրել է ռեժիսորի հեռախոսահամարը եւ խոստացել թատրոնի համար օպտիմալ լուծում գտնելու դեպքում անպայման տեղեկացնել։ Առայժմ որեւէ լուր «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարը չի ստացել։ Նա ստիպված նամակներ է ուղարկել մշակույթի նախարարություն եւ Ազգային ժողով ու խնդրել, որ Համազգայինի նման, իրենց թատրոնն էլ պետականացնեն, ինչը հնարավորություն կտա գոնե չնչին գումարով ոտքի կանգնեցնել «Մետրո» թատրոնը։ «Ես պատրաստ եմ աշխատել նույնիսկ սատանայի հետ, միայն թե մեր համագործակցությունը ցանկալի արդյունք տա,- հայտարարում է Ն. Ծատուրյանը,- թե չէ այսօր թատրոն փակելը հանցանք է, վանդալիզմ։ Իսկ Շենգավիթ համայնքի միակ մշակութային օջախը փակելը՝ կրկնակի հանցանք»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել