Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ ՈՉ ՄԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեպտեմբեր 16,2003 00:00

ԱՌԱՅԺՄ ՈՉ ՄԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Ֆուտբոլի Հայաստանի եւ Հունաստանի ազգային հավաքականների երեւանյան հանդիպման շուրջ սկանդալը դեռ չի փակվել։ «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վասիլիոս Գագացիսը օրերս պաշտոնական նամակ է ուղարկել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որում հայտարարել է, թե վերջինի՝ «Եվրո-2004»-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականից խաղը գնելու փորձի մասին արած հայտարարությունը «հսկայական վնաս է հասցրել Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հեղինակությանը» եւ կրկին հերքել Ռ. Հայրապետյանի հայտարարությունն այն մասին, թե Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հայկական կողմին կաշառք է առաջարկել։ «Հունաստանի հավաքականը բոլոր խաղերում հաղթել է ազնիվ պայքարով եւ ոչ ոք իրավունք չունի դրան կասկածել»,- գրել է Վասիլիոս Գագացիսը։ Մեկ այլ աղբյուրից տեղեկանում ենք, որ ՈՒԵՖԱ-ն հարցն ուսումնասիրելու համար նշանակած հատուկ կարգապահական տեսուչին հանձնարարել է հետաքննել եւ մինչեւ հոկտեմբերի 11-ը զեկուցագիր ներկայացնել ոչ միայն մեղադրանքի մանրամասների մասին, այլեւ, թե ինչպես է այն հնչեցվել։ Կիրակի օրը ՀՖՖ մամլո խոսնակ Սուրեն Բաղդասարյանից տեղեկացանք, որ առայժմ ՈՒԵՖԱ-ից ոչ ոք Հայաստան չի եկել։ Եվրոպայի ֆուտբոլային ղեկավարությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջել է խնդրին առնչվող բոլոր փաստաթղթերը, որոնք արդեն ուղարկվել են։ Մասնավորապես, ՈՒԵՖԱ-ի ձեռքին են ՀՖՖ նախագահի եւ Երվանդ Սուքիասյանի հեռախոսազրույցի ձայներիզը, Ռուբեն Հայրապետյանի գրավոր բացատրությունը… Սուրեն Բաղդասարյանը նաեւ ասաց. «Քանի որ ներկայումս հարցը հետաքննության փուլում է, ֆեդերացիայում նպատակահարմար են գտնում առայժմ ձեռնպահ մնալ այդ թեմային առնչվող ասուլիսներ, հարցազրույցներ անցկացնելուց»։ Նրանք կմեկնեն Պորտուգալիա Ֆուտբոլի Եվրոպայի 2004 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրից առաջ չորս երկրների ազգային հավաքականներ եզրափակիչ մրցաշարի մասնակցության իրավունք են ստացել։ Բացի Պորտուգալիայի հավաքականից, որը որպես կազմակերպիչ երկրի ներկայացուցիչ միանգամից չեմպիոնության համար պայքարելու իրավունք ուներ, եկող տարի Պորտուգալիա կմեկնեն նաեւ Ֆրանսիան, Շվեդիան, Չեխիան եւ Բուլղարիան։ Եթե առաջին երեքը հանդես են եկել նախորդ՝ 2000թ. առաջնության եզրափակիչ փուլում, բուլղարացիները եվրոպական ֆուտբոլի ընտրանի են վերադառնում ութ տարվա ընդմիջումից հետո։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե էլ ո՞ւմ բախտ կվիճակվի եզրափակիչի ուղեգիր նվաճել, վերջնականապես կպարզվի նոյեմբերի երկրորդ տասնօրյակում։ Հիշեցնենք, որ խմբերում հաղթող հավաքականները միանգամից մտնում են եզրափակիչ։ Իսկ ահա մյուս հինգ թիմերին որոշելու համար պայքարելու են 2-րդ տեղեր գրավող հավաքականները, որոնք զույգեր կկազմեն վիճակահանությամբ ու միմյանց հետ կանցկացնեն երկուական հանդիպում՝ նոյեմբերի 15-16-ին եւ 18-19-ին։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել