Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դատական վեճեր

Սեպտեմբեր 17,2003 00:00

Դատական վեճեր Տիգրան Նաղդալյանի սպանության գործի դատավարության ժամանակ էլ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները սկսեցին հանդես գալ մեղադրող կողմի դեմ՝ ինչպես «27»-ի գործում է: Երեկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Ռշտունին հայտարարեց մեղադրող Զելիմ Թադեւոսյանին բացարկ հայտարարելու մտադրության մասին: Սակայն նախ նշենք, որ Արմեն Սարգսյանի դատապաշտպան Հովիկ Արսենյանը երեկ երկրորդ անգամ հեռացվեց դատական նիստերի դահլիճից։ Նա ներկայացել էր նիստին, հայտարարելով, թե դատարանը իրավունք չուներ կասկածի տակ դնել իր արտոնագրի օրինականությունը եւ իրեն ժամանակավորապես հեռացնել գործի վարույթից։ Հովիկ Արսենյանը դատարանին խնդրեց վերանայել որոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքն իրավունք ունի իրականացնել փաստաբանական գործունեություն, իսկ քրեադատավարական օրենսգրքում փաստաբանին դատավարությունից ժամանակավորապես հեռացնելու մասին խոսք անգամ չկա: Դատավորը պնդեց իր որոշումը, իսկ Արսենյանը՝ խնդրեց առաջնորդվել օրենքներով: Ի վերջո, դատավոր Սարիբեկ Արամյանը գոռաց փաստաբանի վրա, թե «դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար կարող է վարչական տույժի ենթարկել»: Լեզվակռվից հետո դատավորը փաստաբանին դուրս հրավիրեց նիստերի դահլիճից՝ ոստիկանների միջոցով։ Արմեն Սարգսյանի մյուս դատապաշտպանը՝ Ռոբերտ Գրիգորյանը, այս ամենից հետո դատավորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դատարանը որոշել էր իր պաշտպանյալին դատական նիստից հեռացնել 6 ամբաստանյալների հարցաքննության ժամանակ, սակայն նրա ներկայությունը չի ապահովվում նաեւ միջնորդությունների քննարկման ժամանակ, ինչն արդեն նրա դատավարական իրավունքների ոտնահարում է։ «Գործողություններ են տեղի ունենում, որոնց իմ պաշտպանյալն անտեղյակ է»,- ասաց Ռոբերտ Գրիգորյանը: Ուստիեւ միջնորդեց դատավարական նման գործողությունների ժամանակ ապահովել իր պաշտպանյալի ներկայությունը։ Դատավորի պատճառաբանությամբ՝ ինքը նման որոշում է կայացրել, որ նեղություն չտան Արմեն Սարգսյանին. «Ելնելով մարդասիրական նորմերից, ես ասում եմ՝ մարդուն չվերցնենք-բերենք այստեղ, հետո նորից չվերցնենք-տանենք»: Միջնորդությունը պաշտպանեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Ռշտունին՝ նկատի ունենալով, որ դա օրենքի պահանջն է։ Փոխարենը դեմ արտահայտվեցին 4 ամբաստանյալների պաշտպան Լուսնթագ Բադալյանը, Հովհաննես Հարությունյանի (Ապերի) պաշտպան Հոկտեմբեր Քարամյանը եւ մեղադրողները։ Տեսակետների նման տարբերությունը պատճառ դարձավ, որ մեղադրող Զելիմ Թադեւոսյանը, խախտելով դատավարական էթիկայի կանոնները՝ վիրավորի Ռուբեն Ռշտունուն՝ նրան մեղադրելով իրավունքի չիմացության մեջ, ինչը եւ դրդեց փաստաբանին հայտարարել մեղադրողին բացարկ հայտնելու մտադրության մասին։ «Բացարկը պետք է անպայման համաձայնեցվի իրավահաջորդի հետ: Եթե համաձայն չէ տուժողի իրավահաջորդը, Դուք ինչպե՞ս եք բացարկ հայտնում»,- անհանգստացավ դատավորը: Ռշտունին ինքնազգացողության վատթարացման պատճառով դատավորին խնդրեց ընդմիջել նիստը։ Դատարանը բավարարեց նրա խնդրանքը, մինչ այդ մերժելով Ռոբերտ Գրիգորյանի վերոհիշյալ միջնորդությունը։ Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 18-ին։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել