Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՆՁՐԱԼԻ ԲԵՌ Է

Սեպտեմբեր 18,2003 00:00

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՆՁՐԱԼԻ ԲԵՌ Է Այդպես է բնութագրում անվանի գիտնականն ու քաղաքական գործիչը պետության վերաբերմունքը գիտության հանդեպ: Մինչդեռ 10 տարուց ի վեր մեր գիտական բանակը կորցնում է իր զինվորներին եւ, առաջին հերթին, ամենամարտունակներին՝ երիտասարդներին: Նոսրացող շարքերը համալրելու կոչվածները դիպլոմը կամ թեզը պաշտպանելուց եւ անգործ դեգերելուց հետո ճարահատյալ չվում են այս կամ այն «հացառատ Տաշքենդը»: Բոլորիս հայտնի են դրա անառարկելի օբյեկտիվ պատճառները: ԱՊՀ երկրների համար ընդհանուր՝ կենտրոնացված գնագոյացման եւ ֆինանսավորման, գիտության հիմնական պատվիրատուի՝ արդյունաբերության ու միջհանրապետական տնտեսական փոխշաղկապվածության համակարգի փլուզումը, մեր հանրապետության համար՝ նաեւ երկրաշարժ, բլոկադա, պատերազմ, էներգետիկ հանցավոր դիվերսիա եւ այլն: Բայց անցել է 10 տարի: Ի՞նչ է արվել բնակչության ու գիտության վիճակը բարելավելու, ուստի եւ արտագաղթը կասեցնելու ուղղությամբ: Չէ՞ որ մյուս հանրապետությունների համեմատությամբ մենք ունեցել ենք նաեւ ծանրակշիռ առավելություններ: Նշենք միայն մեկը. 3 միլիոնանոց մեր ժողովրդի թիկունքին կանգնած էր 6 միլիոնանոց Սփյուռքը, որն անկախության հռչակումից հետո հայրենասիրական մղումով նետվեց իր երկար սպասված երազանքը իրագործելու՝ հայրենիքին սատար կանգնելու: Թե ինչ արեցին մեծ ու փոքր իշխանավորները հայ եւ օտարազգի ներդրողների ու բարերարների «ոտքը» մեր երկրից «կտրելու» համար՝ չտարածվենք: Գիտենք: Իսկ ի՞նչ է արել պետությունը: Գիտատար արդյունաբերության վերականգնման գործում նվաճումները շատ հեռու են որակ կազմելուց: Ստեղծված ծանր կացության մեջ պետությունն է, որ պետք է վերցներ իր վրա բարի նախանձ առաջացնող մեր գիտական համակարգի պահպանման պարտականությունը: Սակայն հենց սկզբից ստեղծվեց տպավորություն, որ իշխանության համար գիտությունը ծանր ու ձանձրալի բեռ է: Դա զարմանալի չէ այսօր, եթե հիշենք արդի ղեկավարների ու նախարարների «համաստեղության» մեծ մասի կրթական ցենզը: Դոկտորների եւ թեկնածուների աստիճաններ ունեցող նախորդ ղեկավարության նման վերաբերմունքը միայն մասամբ կարելի է արդարացնել պատերազմի եւ բանակաշինության պարագաներով: Ցավոք, բաց թողնվեցին վիճակը մեղմացնելու այլեւայլ միջոցներ: Մի օրինակ. ուղեղների սկիզբ առած արտահոսքը կասեցնելու կամ գոնե նվազեցնելու ակնկալիքով այն տարիներին Գիտության, կրթության, լեզվի եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ տողերիս հեղինակը 93-ին կառուցողական առաջարկ ներկայացրեց կառավարությանը, ըստ որի կառավարությունը, նախապես ուսումնասիրելով մեր գիտական պոտենցիալը (բանկը) եւ թույլ զարգացած երկրների պահանջարկը, իր ձեռքը պետք է վերցներ մեր մասնագետների գործուղման կազմակերպումը՝ ստանալով այդ օժանդակության դիմաց իր տոկոսը: Այդ դեպքում կապահովվեր մասնագետների վերադարձը: Առաջարկը թաղվեց այսօր արդեն մշակված ալգորիթմով՝ ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի… Գիտությանը հասցված լուրջ հարված էր բազային ֆինանսավորման վերացումը: Ընդ որում, դա իրագործվեց ծուղականման հնարքով: Բանն այն է, որ 91-ին գիտության նախարարությանը կից հանձնաժողովը, որին մասնակցել է նաեւ տողերիս հեղինակը, 85% բազայինին կից առաջարկեց մտցնել 15% թեմատիկ ֆինանսավորում՝ երիտասարդների նախաձեռնությունը խթանելու նպատակով: Ո՞վ կմտածեր, որ 2 տարի անց խնայողության աղբյուրների փնտրտուքը կհանգեցնի 85 տոկոսանոց բազայինի վերացմանը: Գիտության նորանշանակ նախարարը ապտակ է ողջ գիտական (եւ ոչ միայն) հասարակությանը, եւ ցույց է տալիս ղեկավարության իրական վերաբերմունքը գիտության նկատմամբ: Եվ չուշացավ հմուտ ղեկավարի «հրովարտակը». բոլոր ինստիտուտներում անցկացնել գիտաշխատողների վերաատեստավորում, որն այլեւս չզարմացրեց՝ զվարճացրեց: Բացատրեմ՝ ինչու. թեմային հատկացվող ռոճիկները նույնն են՝ ե՛ւ8217 խմբի ղեկավար դոկտորի, ե՛ւ8217 անկոչում լաբորանտի համար՝ 15 հազար դրամ: Հարց է ծագում՝ հանուն ինչի՞ են մրցակցելու աշխատակիցները, իրենց 15 հազարի փոխարեն ընկերոջ 15 հազարը ստանալու երազանքը իրականություն դարձնելու համա՞ր: Գուցե ենթադրվում է, որ մրցույթը չանցած գիտաշխատողի հաստիքի վրա կթափվեն հերթում կանգնած հեռանկարայիննե՞րը: Այսինքն, սպասարկման ոլորտում 100 հազար դրամի ռոճիկը կթողնեն հանուն բաղձալի 15 հազարի՞: Զավեշտ է: Մի նորամուծություն եւս. գիտօջախների թշվառ վիճակը հաշվի առնելով՝ Ակադեմիայի համակարգում թույլատրվում էր սոցհատկացումը (5 հազար դրամ) կատարել լրիվ դրույքի դիմաց: Ս. թ. ապրիլի 1-ից (եւ դա ապրիլմեկյան կատակ չէ) 5 հազարը գանձվում է նաեւ կես կամ քառորդ դրույքից: Դա կրկնապատկում կամ քառապատկում է սոցհատկացումների չափը, եւ տնօրենը ստիպված է ազատվել իր այն նախկին գիտաշխատողից, որը գիտությունից վերջնականապես չկտրվելու համար համաձայնում է չնչին գումարով համատեղության կարգով աշխատակցել իր գիտօջախում: Անհնար է, մնալով քաղաքակիրթ բառապաշարի սահմաններում, որակել Հանրագիտարանի շենքի հետ կապված պետական այրերի հակազգային գործարքը, այն էլ հայագիտական համաժողովի շեմին: Կարելի է ասել. գիտությունը գոյատեւում է ոչ թե պետության ջանքերի շնորհիվ, այլ ի հեճուկս նրա ջանքերի: Ու եթե մինչ օրս գոյատեւում է, ապա շնորհիվ դրամաշնորհների ընդլայնվող համակարգի: Պետությանը մնում է այն եւս «սեփականաշնորհելու» հնարքներ գտնել… ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ Ակադեմիկոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել