Լրահոս
Օրվա լրահոսը

Գործազուրկ մանկավարժների քաղաք

Սեպտեմբեր 19,2003 00:00

Գործազուրկ մանկավարժների քաղաք Շիրակի մարզում փակվել է կրթօջախների կեսը «Դպրոցներում շունը տիրոջը չի ճանաչում. ոչ թոշակառուն է հայտնի, ոչ մասնագետը, ոչ գոհ ու դժգոհ մնացածները, ոչ էլ դասացուցակները»,- այսպես են բնութագրում ստեղծված շիլաշփոթը գյումրեցի մանկավարժներից շատերը: Քաղաքի ցանկացած անկյունում, հասարակական վայրերում «ժամ ունենալ-չունենալու» խնդիրն է շոշափվում: Ու թեեւ օպտիմալացման հետեւանքով ստեղծված գործազուրկների քանակը պաշտոնապես դեռ չի հայտարարվում, սակայն դպրոցներից մեզ հասնող դժգոհությունները Շիրակի մարզի ու հատկապես Գյումրիի՝ գործազուրկ մանկավարժների քաղաք դառնալու մասին են վկայում: Օպտիմալացման հետեւանքով այս մարզում 15 հանրակրթական միավորներից կազմավորվել է 7 ուսումնական հաստատություն: Եթե նկատի ունենանք, որ կրճատվածներից բացի այսօր նորավարտներն էլ աշխատանք չունեն (միայն Գյումրիի մանկավարժական ինստիտուտը ամեն տարի 400-ից 460 շրջանավարտ է տալիս), քանի որ Կրթության եւ գիտության փոխնախարար Աիդա Թոփուզյանի խոսքերով՝ նրանց մուտքը դպրոց արհեստականորեն դադարեցվել է, ապա պատկերն ամբողջական կդառանա: Դժգոհությունների մեծ մասը ոտնահարված իրավունքների, որոշ տնօրենների կողմից օրենքի շրջանցման մասին է. օրինակ, թիվ 5 գիշերօթիկ դպրոցում երգի դասատուն դասավանդում է հայոց լեզու, պոլիտեխնիկական կրթություն ունեցողը՝ աշխարհագրություն, բուժուսումնարան ավարտածը՝ ինդուստրիալ մանկավարժություն (թիվ 24 դպրոց): Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ թոշակառուներին փոխարինում են մեկը մյուսով (ընդ որում՝ ավելի երիտասարդին՝ ավելի տարեցով): Ու որքան էլ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը գործընթացի օբյեկտիվությունն է շեշտում ու ցանկացած տեսակի մենաշնորհային քաղաքականություն, հատկապես դպրոցում, չի ընդունում, այնուամենայնիվ, տնօրենները 1996թ.-ից իրենց ընձեռված լիարժեք ազատությունը դեռ վայելում են, կառավարության որոշումն էլ՝ յուրատեսակ, իրենց շահերից ելնելով ընկալում: Մանկավարժներին հեռացնելու դեպքում հենց նույն որոշումն են վկայակոչում, բացառություններ անելիս էլ՝ փոխնախարար տիկնոջ՝ «Մի սանրով բոլորին չենք սանրի» հայտարարությունը, հարկ եղած ժամանակ էլ թոշակառուներին հուսադրում. «Տանը նստեք ու սպասեք, գուցե ձեր բախտից ֆիզարձակուրդ գնացողներ լինեն»: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԳյումրիՕպտիմալացման թեմայի շարունակությունը՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել