Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆՆԵՐԻ «ՕՊՏԻՄԱԼ» ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐԸ

Սեպտեմբեր 20,2003 00:00

ՏՆՕՐԵՆՆԵՐԻ «ՕՊՏԻՄԱԼ» ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐԸ Դպրոցների օպտիմալացումը հիանալի հնարավորություն տվեց տնօրեններին՝ մեջտեղ բերել ուսուցիչների հետ ունեցած հին հաշիվները, ստեղծել վախի ու ստորաքարշության մթնոլորտ, աշխատակազմի հետ վարվել միապետի քմահաճույքով։ Զարմանալի չէ, որ բազմաթիվ բողոքներով այսօր ողողված են բոլոր վերահսկողական ատյանները։ Որպես կանոն, դրանց օրինակներից բաժին է հասնում նաեւ լրատվամիջոցներին։ Նույն ճանապարհով մեզ են դիմել Երեւանի թիվ 38 դպրոցի մի խումբ մանկավարժներ։ Նրանք տեղեկացնում են, որ իրենց դպրոցի տնօրեն Ավետիք Վանեսքեհյանը «օպտիմալիզացիայի անվան տակ իրականացնում է կադրային ջարդ, մասնագետ մանկավարժներին անհիմն ազատում աշխատանքից, իսկ իր «թրի տակով անցածներին» ապահովում է ժամաքանակով»։ Ասվածը հավաստող օրինակները շատ են, նշենք մեկը. «Մետաքսե Ասլանյանը, որն ունի պոլիտեխնիկական կրթություն (այսինքն՝ ոչ մասնագետ է), ոչ միայն մնացել է որպես կազմակերպիչ, այլ ունի նաեւ մաթեմատիկայի դասաժամեր։ Այն դեպքում, երբ 10 տարուց ավելի մանկավարժական ստաժ ունեցող Նաիրա Հասրաթյանը այսօր ազատվում է աշխատանքից, քանի որ չի վայելում տնօրենի եւ իր «արբանյակների» համակրանքը»։ Մնացած օրինակներում տնօրենի գործելակերպը նույնն է, անուններն են տարբեր, ինչի հետեւանքով «դպրոցում տիրում է լարված մթնոլորտ, մանկավարժական կոլեկտիվը մասնատված է»։ Նամակագիրները (7 մանկավարժ) նշել են նաեւ, որ դպրոցում առիթով ու անառիթ հավաքված գումարները չեն ծախսվել հաստատության կարիքների համար եւ շենքն ինչպես եղել, այնպես էլ մնում է անմխիթար վիճակում՝ դասարանները չեն վերանորոգվում, ապակիները կոտրված են, պատուհանները փակված են պոլիէթիլենային թաղանթով, տանիքը կաթում է։ Ավելին, «դպրոցում վխտում են առնետներ, կան կարիճներ»։ Այս ամենի հետեւանքով «նախկինում բավականին հարգված կրթօջախում տարեցտարի պակասում է աշակերտների թիվը, նրանք տեղափոխվում են հարեւան թիվ 12, 65, 154 դպրոցներ»։ Սիրով կլսեինք թիվ 38 դպրոցի տնօրենին ու հրապարակման մեջ կներառեինք նրա մեկնաբանությունները, եթե տնօրենի հեռախոսը գոնե մեկ անգամ պատասխաներ երկու օր շարունակվող մեր համառ փորձերին։ Բաց նամակի հասցեատերեր են նաեւ ԱԺ նախագահը, կրթության նախարարն ու Երեւանի քաղաքապետը։ Եթե համապատասխան պաշտոնյաները կասկածներ կամ տեղեկություններ չունեն այս կամ այն դպրոցում իրականացվող ապօրինությունների մասին, «Առավոտը» խոստանում է պարբերաբար տեղեկացնել, որպեսզի ցանկության դեպքում իրավասու անձինք հետեւողական լինեն։ Նշենք այդպիսի դպրոցներից եւս մեկը՝ Երեւանի թիվ 132172ը (Ծովակալ Իսակովի անվան), որտեղ իրականացվող ոչ խելամիտ չափերի դրամահավաքությունը բազմաթիվ ծնողների ըմբոստության առիթ է դարձել։ Վերջիններս այցելել էին խմբագրություն (անունները հասկանալի պատճառով չենք նշում) եւ պատրաստ են կոնկրետ փաստերով հանդես գալ արդեն դատարանում։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Հ. Գ. Արդեն համոզվել ենք, որ օպտիմալացման ծրագիրն իր սեւ հետքը թողել է գրեթե յուրաքանչյուր դպրոցի կյանքում։ Ծրագիրը կազմողներին առաջարկում ենք շրջել պատահական ընտրությամբ ընտրված դպրոցներում, լսել ուսուցիչներին, ծնողներին ու տպավորությունները կիսել լրատվամիջոցների հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել