Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարական փողեր՝ մեր կինոյին

Սեպտեմբեր 20,2003 00:00

Շվեյցարական փողեր՝ մեր կինոյին Զարգացման եւ համագործակցության շվեյցարական կազմակերպությունը Հարավային Կովկասի երկրների կինոարտադրությունը խթանելու նպատակով իրականացնում է «Ավանտի» բազմապրոֆիլ ծրագիրը: Երեք երկրներից ընտրված ռեժիսորների, պրոդյուսերների եւ կինոաշխարհի հետ համագործակցող իրավաբանների համար կիրականացվի դասընթացների խոշոր ծրագիր, որի ընդհանուր արժեքը $700 հազար է: Իսկ ստեղծագործական ծրագիրը ամեն մի երկրի համար կարժենա $140 հազար: Այս ծրագրով նախատեսվում է ֆինանսավորել յուրաքանչյուր երկրում հինգ ֆիլմի արտադրություն՝ երկու լիամետրաժ, երկու փաստագրական եւ մի կարճամետրաժ: Ընդ որում ֆինանսավորվելու են ֆիլմի ընդհանուր արժողության 1/3-ը: Եվս 1/3-ի ֆինանսավորումը «Ավանտին» հույս ունի հայթայթել կինոբիզնեսի պոտենցիալ ներդրողներից, իսկ ահա հաջորդ 1/3-ը դրված է տվյալ երկրի ուսերին: Կֆինանսավորեն մասնավո՞ր անձինք, թե՞ պետությունը՝ պարզ չէ: Հայաստանի դեպքում երկու տարբերակն էլ դժվարություններ է նախատեսում: Մեր փողատերերը նախընտրում են հարյուր հազարավոր դոլարներ տանուլ տալ տարբեր խաղատներում, քան ներդնել մշակույթի որեւէ բնագավառում: Իսկ պետական չինովնիկների դիրքորոշումը բացահայտվեց, մասնավորապես երեկ, երբ «Ավանտի» ծրագրի իրագործման առիթով կլոր սեղան էր հրավիրված Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում: Հանդիպմանը, որին մասնակցում էին մրցույթը շահած ռեժիսորները եւ «Ավանտիի» ներկայացուցիչը, մշակույթի նախարարության արվեստի բաժնի պետ Ռազմիկ Աբրահամյանը առաջակեց, որ շվեյցարական գումարները տրամադրվեն «Հայֆիլմի» տեխնիկական վերազինման եւ նման բաների համար: Ենթատեքստում պրն Աբրահամյանը առաջարկում էր այդ գումարների տնօրինությունը մշակույթի նախարարությանը հանձնել: Բաժնի պետը զարմացավ, որ «Ավանտի» ծրագրով ընտրված ֆիլմերը չեն ստացել իր նախարարության «դաբրոն»: «Ո՞վ է քննարկել, ինչպե՞ս են ընտրվել այդ ֆիլմերը՝ չիմացանք»,- քիչ էր մնում վրդովվեր պրն Աբրահամյանը, երբ «Ավանտիի» ներկայացուցիչը պարզաբանեց, որ ընտրությունը եղել է փակ եւ գաղտնի՝ «գրեթե շվեյցարական բանկերի նման հուսալի», եւ շատ խիստ ու պրոֆեսիոնալ ժյուրիի միջոցով: Դավիթ Մաթեւոսյանը, ում ներկայացված կարճամետրաժ ֆիլմի ծրագիրը նույնպես ընտրվածներից է, նկատեց, որ «Շվեյցարիան այն երկիրը չէ, որ ի վնաս իրեն ինչ-որ մեկին փող տա»: Իսկ ծրագրով ընտրված լիամետրաժ ֆիլմերի ռեժիսորներից մեկը՝ Տիգրան Խզմալյանը, մի քանի անգամ նշեց, որ մեր արվեստի խղճուկ ֆինանսավորման պայմաններում այս ծրագիրը անչափ կարեւոր է: Այնուհետեւ, առանց որեւէ տրամաբանական հիմնավորման, մեր մշակույթի վիճակի համար մեղադրեց լրագրողներին, «քանի որ մշակույթի մասին գրում են մարդիկ, ովքեր ուրիշ ոչնչի մասին չեն կարող գրել»: Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել