Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես Հովիկները հեռացվեցին համակարգից

Սեպտեմբեր 23,2003 00:00

Թե ինչպես Հովիկները հեռացվեցին համակարգից «Առավոտում» տպագրված «Դատված փաստաբանը եւ բյուրեղյա ոստիկանները» հրապարակումը (17.09.2003թ.) միանշանակ չընդունվեց ընթերցողների կողմից։ Նրանցից մի քանիսն արձագանքեցին այսպես. «Դե, եթե անաչառ եք, տեղեկացրեք, թե ինչ հիմքերով է ժամանակին դատապարտվել փաստաբանների միջազգային միության անդամ Հովիկ Արսենյանը», ընթերցողների մի շրջանակ էլ ինձ մեղադրեց մեկ այլ Հովիկի՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության աշխատակցի՝ Հովհաննիսյանին «զրպարտելու» համար (իբր նա չի հեռացվել աշխատանքից, կոռուպցիայի մեջ չի կասկածվել եւ այլն)։ Սկսենք Հովիկ Արսենյանից։ 1996թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ հարուցվել է քրգործ, եւ ՀՀ ՆԳՆ Ալավերդու ՆԳԲ ավագ քննիչ Հովիկ Արսենյանը ՆԳ նախարարի հրամանով հեռացվել է համակարգից։ Հատուկ տեսչության աշխատակիցների կողմից նա ձերբակալվում է։ Նախապատմությունը հետեւյալն էր: Բագրատաշեն գնացած երկու քաղաքացիներ իրենց հյուրընկալած քաղաքացու դրամապանակն, ապա ոսկյա զարդերն ու դրամն էին գողացել։ Հ. Արսենյանը այդ գողերին ՆԳԲ բերման ենթարկելու մասին համապատասխան ձեւակերպում չէր կատարել, իսկ գողերից մեկին «ազատ է արձակում՝ պայմանով, որ վերջինս 4 հազար դոլար բերի»։ Կաշառքը ստանալու պահին բռնվում է Հ. Արսենյանը, որովհետեւ գողը շատ ավելի հեռատես էր գտնվել եւ ծուղակ էր պատրաստել քննիչի համար. Ալավերդու ՆԳ բաժնում «գրավ» էր դրել ոսկյա իրերը, մինչ գումարը բերելը։ Իրականում գումարը բերում է հատուկ տեսչության աշխատակիցների հետ: (Տես՝ ՆԳ «02» պաշտոնաթերթ,12 դեկտեմբերի 1996): Այժմ անդրադառնանք Հովիկ Հովհաննիսյանին։ 1996թ. դեկտեմբերի 12-ին Արմավիրի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր-լիազոր Ստեփան Կարապետյանը՝ առանց հիմնավոր պատճառի ՆԳԲ է տանում մի քաղաքացու, որին քրեական պատասխանատվությունից ազատելու դիմաց պահանջում է 10 հազար դոլար կաշառք։ ՆԳԲ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Հովիկ Հովհաննիսյանը դաժան ծեծի է ենթարկում այդ քաղաքացուն՝ հասցնելով մարմնական վնասվածքներ։ Արդյունքում, ՆԳ համակարգից հեռացվում են Հ. Հովհաննիսյանը ու եւս 6 սպա։ (Տես՝ ՆԳ «02» պաշտոնաթերթ, 27 փետրվարի 1997 թվական): Ընդհանրապես Արմավիրի ՆԳ բաժինը մինչ այդ հեռացումները «գործ սարքելու» վարպետությամբ էր աչքի ընկնում։ Ոստիկանները հնարում էին դասական սցենար. իբր քաղաքացին (ապագա «գողը») մոտեցել է այգում մենակ քայլող մի աղջկա (հնարավոր «զոհին») եւ նրա վզից պոկելով ոսկե շղթան՝ դիմում փախուստի։ «Գողին» ձերբակալում են, սկսվում են սպառնալիքները, փող շորթելը եւ ծեծը։ Եվ, ինչպես զոհերից մեկն էր ասել. «Եթե այդ պահին պահանջեին Ստալինի սպանությունը հանձն առնել, դա էլ կընդունեի»։ Հիշեցնենք, որ ժամանակին այդ «սցենարով» աշխատող Հովիկ Հովհաննիսյանը այժմ ոստիկանության համակարգում է եւ անզիջում պայքար է մղում կազմակերպված հանցագործության դեմ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել