Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՏԱՐԱՆԸ ԶԲԱՂՎԱԾ Է ԻՆՏՐԻԳՆԵՐՈՎ»

Սեպտեմբեր 24,2003 00:00

«ԴԱՏԱՐԱՆԸ ԶԲԱՂՎԱԾ Է ԻՆՏՐԻԳՆԵՐՈՎ» Ասում է Տիգրան Նաղդալյանի սպանության գործով ամբաստանյալ Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը: Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով ընթացող դատավարության մեղադրող կողմի միակ նպատակն է՝ ցանկացած գնով ապացուցել ամբաստանյալ Արմեն Սարգսյանի՝ Տ.Նաղդալյանի սպանության պատվիրատուն լինելը: Ու քանի որ դատաքննությամբ առայժմ դա նրանց չի հաջողվում, ուստի մեղադրողներն արդեն ավանդույթ են դարձրել դատարանում՝ Ա.Սարգսյանի անունը քրգործի համատեքստում չհիշատակած ամբաստանյալների նախաքննական ցուցմունքների եւ դրանց տեսագրության հրապարակումները: Ահավասիկ երեկ էլ դատախազ Զելիմ Թադեւոսյանի միջնորդությամբ հրապարակվել էին ամբաստանյալ Գեղամ Շահբազյանի ցուցմունքներն ու դրանց տեսագրությունը, որոնք դարձյալ համեմված էին Ա.Սարգսյանի դեմ ուղղորդված հարցադրումներով: Հարկ է հիշեցնել սակայն Գ.Շահբազյանի՝ դատարանում ի պատասխան դատավորի հարցին տված այն ցուցմունքը, թե «իմ համար մեկ է վրեժ լուծողն ով է եղել՝ Արմենը, թե «Ապերը» (Հովհաննես Հարությունյանը), որովհետեւ իմ համար «Ապերն» էլ մի Արմեն էր: Վրեժ լուծողը «Ապերն» էր, փող տվողն էլ էր ինքը»: Այդուհանդերձ, երեկ այս գործելաոճը կիրառվել է նաեւ ամբաստանյալ Գրիգոր Պետրոսյանի՝ «Մըզդըրի» հետ կապված: Վերջինիս կարճ ցուցմունքից հետո հրապարակվել է նրա նախաքննական ցուցմունքները: Ի պատասխան մեր այն հարցին, թե դատական պրոցեսի համատեքստում նորմա՞լ երեւույթ է, երբ մեղադրողները պարբերաբար միջնորդում են հրապարակել բոլոր ամբաստանյալների նախաքննական գրավոր ցուցմունքներն ու դրանց բանավոր տեսագրությունները, Ա.Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը նկատեց. «Նորմալ երեւույթ չի կարող լինել, որովհետեւ դատարանում ամեն ինչ արվում է, որ Ա.Սարգսյանը դառնա գործող առաջին դեմք, իսկ մյուս ամբաստանյալները՝ նրա կամքի հլու-հնազանդ կատարողներ, իսկ այն, ինչ նախաքննության տվյալների հետազոտմամբ կամ դատաքննության ընթացքում կարող է հանկարծ հօգուտ Ա.Սարգսյանի գնահատվել, աշխատում են դրա վրա ստվեր գցել»: Պաշտպանի գնահատմամաբ՝ «դատարանը փոխանակ ապացույցների մանրազնին հետազոտմամբ զբաղվի, սկսել է զբաղվել զանազան ինտրիգներով: Դա խանգարում է դատաքննության բնականոն ընթացքին, ուստիեւ՝ ապացույցների ճիշտ գնահատմանը»: Այդուհանդերձ, ամբաստանյալների նախաքննական ցուցմունքների հրապարակումն, ի վերջո, ի՞նչ նպատակ է հետապնդում, բացի այն, որ լրացուցիչ անգամ դատարանում հնչեցվում է Ա.Սարգսյանի անունը: «Դատաքննության ընթացքում հետազոտված այդ ապացույցները միանշանակ մի բան են վկայում. հարցաքննված անձանց ցուցմունքներն ուղղորդվում են դեպի Սարգսյանների ընտանիքը»,- վկայակոչելով դատարանում ցուցադրված տեսագրություններն ասաց Ռ.Գրիգորյանը՝ եւս մեկ անգամ նշելով, որ ՀՀ Քրդատօրենսգիրքը նման հարցաքննությունների արդյունքում ստացված ապացույցները չի ընդունում: Ըստ էության, դատարանում մինչ օրս հարցաքննված բոլոր ամբաստանյալները, ովքեր ուղղորդված հարցաքննության արդյունքում նույնիսկ Ա.Սարգսյանի անունն են նշել, ընդգծել են, որն նրա մասին՝ որպես սպանության դիմաց փող տվողի, իմացել են կամ՝ «Ապերից», կամ՝ Գեղամ Շահբազյանից: Երեկվա նիստում դատարանը «Հայլուրի» ռեպորտաժներից մեկի դիտում է կազմակերպել: Դատավորը բավարարել է փաստաբան Լուսնթագ Բադալյանի միջնորդությունը՝ ցուցադրել հիշյալ ծրագրով հեռարձակված, դատաքննության մասին պատմող այն ռեպորտաժը, որի կադրերից մեկում ամբաստանյալ Արմեն Սարգսյանի պաշտպան Հովիկ Արսենյանը ինչ-որ բան էր ասում ամբաստանյալ Գեղամ Շահբազյանին: Ապարդյուն է եղել Ա. Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի առարկությունը, թե այդ միջնորդությունը քրգործի մեղադրանքների շրջանակից դուրս է եւ քննարկման առարկա չի կարող լինել: «Սա այն դեպքում, երբ դատարանը այս նույն հիմնավորմամբ մերժել է քրգործի նյութերում առկա եւ հանցախմբի կարճված քրգործերին առնչվող իմ միջնորդությունները»,- զուգահեռ անցկացրեց փաստաբանը՝ նկատելով, որ դատարանին պարզապես պետք էր ցուցադրել այդ տեսագրությունը՝ տպավորություն ստեղծելու եւ հող նախապատրաստելու համար, որ եթե հետագայում քրգործի ապացույցների հետազոտման արդյունքում հանկարծ Ա.Սարգսյանի համար դրական արդյունք ստացվի, դա վերագրվի կասկածամիտ եզրակացությունների, թե նրա պաշտպանի եւ մյուս ամբաստանյալների միջեւ կապ է եղել: «Բան ունեք՝ կոնկրետ ասեք»,- տարակուսանք հայտնեց Ռ.Գրիգորյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել