Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես միշտ՝ Հմայակ-ՕԵԿ

Սեպտեմբեր 24,2003 00:00

Ինչպես միշտ՝ Հմայակ-ՕԵԿ Խորհրդարանական հայտարարությունների ժամին «ԱՄ» խմբակցության անդամ Հմայակ Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, թե ավանդների վերադարձման թեման ֆուտբոլի գնդակի պես փոխանցվում է երբեմնի, այսպես կոչված, «ընդդիմություն» ՕԵԿ-ից այսօրվա ընդդիմությանը՝ «Արդարությանը»։ Հմ. Հովհաննիսյանին հետաքրքրում է. «ինչո՞ւ այսօր, երբ ՕԵԿ-ը տիրապետում է իշխանական լծակներին, պնդում է ոչ թե իր նախաձեռնությունը, այլ՝ միացավ, ողջագուրվեց այն նախաձեռնությանը, որը ներկայացրել է այսօր ընդդիմադիր դաշտում գործող հարգարժան Վիկտոր Դալլաքյանը»։ Հմ. Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ավանդների հարցն ընդդիմությունը չի կարող եւ ինքը չէ, որ պետք է լուծի. «այդ հարցը կարող է լուծել միայն այն ուժը, որը տիրապետում է իշխանությանը»։ Շարունակության մեջ պրն Հովհաննիսյանը կրկնեց, թե ինքը շրջանառության մեջ է դնելու հենց ՕԵԿ-ի կողմից ժամանակին ներկայացված օրինագիծը՝ ավանդների վերադարձման մասին։ Ավանդների վերադարձման հարցը որակվեց որպես «որբ երեխայի կարգավիճակում» գտնվող հարց. «որին իշխանության գալու ճանապարհին ճմրթում են, տարբեր ձեւով օգտագործում են իշխանությանը ձգտող «դյադյաները», սակայն իշխանության գալուց հետո թողնում են էստաֆետի նման հաջորդ ուժին, որպեսզի այդ ուժն իր հերթին օգտվի այդ հարցից»։ ՕԵԿ-ն ակնհայտորեն պատրաստ էր Հմ. Հովհաննիսյանի հայտարարությանը, քանի որ այս հմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը բավականին կոպիտ հայտարարություն արեց, ընթացքում հարցնելով՝ ի՞նչ է, դուրներդ չի՞ գալիս, որ ՕԵԿ-ը ժողովրդի հետ է եւ՝ ժողովրդի համար։ Իսկ ՕԵԿ-ի հասցեին թթու խոսք ասողները որակվեցին այսպես. «իրենց քաղաքական գործիչներ հորջորջողներն ընդամենը գործիքներ են»։ Շարունակության մեջ ասվեց. «վարկաբեկման նմանատիպ տեխնոլոգիաների եւ պրոցեսների մեծ վարպետները, ովքեր, որպես կանոն, հաճախակի դավաճանելով եւ վարկաբեկելով իրենց՝ իբր, գաղափարակիցներին, հայտնվում են մի կուսակցությունից մյուսում, կամ՝ այսպես ասած՝ մեծ հմտությամբ եւ արագությամբ ընկնում են գրկից գիրկ»։ Պրն Մարգարյանը խոստացավ այսուհետեւ հանդես գալ «հայտարարությունների սերիալով՝ խափանելու համար այդ ազգակործան երեւույթը»։ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հոգնած ձայնը խնդրեց, որ պետք է կազմակերպել երեք րոպեանոց «սերիալներ», քանի որ հայտարարությունների համար հենց այդքան է նախատեսված։ Պրն Հովհաննիսյանը երեկ մեկ ուրիշ թեմայով եւս հոգոց հանեց. «ինչպե՜ս է զգացվում պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի բացակայությունը»։ Երեւի նկատի ուներ, որ այս խորհրդարանից իսպառ բացակայում է պոեզիան եւ ամեն ինչ չափազանց պրոզայիկ է։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել