Լրահոս
Օրվա լրահոսը

Չզարթնես, լաո

Սեպտեմբեր 26,2003 00:00

Չզարթնես, լաո Օրերս Յալթայում կայացած ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը, թվում է՝ գոնե հայ կոմունիստների համար աննկատ չպիտի անցներ։ ԽՍՀՄ հիմնակմախքը կազմող երբեմնի չորս ամենահզոր հանրապետությունները՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը եւ Ղազախստանը, իհարկե, առաջինի թամադայությամբ, որոշեցին ձեւավորել ընդհանուր տնտեսական տարածք։ Դժվար է ասել, թե ինչու այդ իրադարձությանն անմիջապես չհետեւեց մեր բոլշեւիկների «բայաթին»՝ Հայաստանն անհապաղ այդ նոր միության մեջ խցկելու թեմայով։ Գուցե պատճառն այն է, որ հայ լենինյաններն այլեւս խորհրդարանում չեն եւ հարմար ամբիոն չունեն, կամ թե բավարար չափով տեղեկացված չեն «քառյակի» հրապույրների մասին, թեեւ խոսքը մեր մեջ, հայ կոմունիստները մեծ հաշվով ոչինչ չգիտեին նաեւ «Ռուսաստան-Բելառուս» կոչվող թյուրիմացության մասին։ Ինչեւէ, խոսքը, համենայնդեպս, այս նոր ու դեռեւս մեծ չափով անհասկանալի ձեռնարկման հեռանկարների մասին չէ։ Այս հարցի շուրջ տեսական բանավեճերի պակաս առաջիկայում, վստահաբար, չի զգացվի։ Սակայն, առանց սխալվելու մեծ հավանականության կարելի է ենթադրել, որ ընդհանուր տնտեսական տարածք ձեւավորելու մասին չորս նախագահների ստորագրած փաստաթուղթն ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական բովանդակություն ունի։ Ուստի՝ դրա ենթադրած արդյունքներն ավել կամ պակաս շոշափելի չափով իրենց զգացնել կտան շատ տարիներ անց կամ գուցե առհասարակ որեւէ արդյունք չարձանագրվի։ Միեւնույն ժամանակ, տառացիորեն երկու օր առաջ տեղի ունեցավ մեկ այլ իրադարձություն, որն ի վիճակի է արդեն առաջիկա ամիսներին զգալի ազդեցություն ունենալ ԱՊՀ անդամ երկրների ու, մասնավորապես, Հայաստանի բնակչության վրա, քանզի այն անմիջականորեն առնչվելու է կոնկրետ մարդկանց ճակատագրերին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Ռուսաստանի մի շարք օրենքներում։ Ըստ այդմ, կձեւավորվեն օրենսդրական հիմքեր, ինչը ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիներին հնարավորություն կտա պայմանագրային հիմունքներով ծառայել Ռուսաստանի զինված ուժերում։ Ներքին մեծ հակազդեցության պայմաններում ՌԴ իշխանություններն, այնուամենայնիվ, գնացին այդ քայլին, քանզի փորձագետների գնահատումներով ռուսական բանակի թերհամալրումն արդեն վիթխարի չափերի է հասել։ Ընդ որում, ռուսական բանակում ծառայել ցանկացող «մերձավոր» օտարերկրացիներին սպասվում է զգալիորեն բարձր աշխատավարձ եւ ընդամենը 3 տարվա ընթացքում հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու հնարավորություն։ Դիտորդներն արդեն իսկ ԱՊՀ ոչ այնքան բարեկեցիկ երկրներից ու, մասնավորապես, Հայաստանից պոտենցիալ «լեգեոներների» մեծ հոսք են կանխանշում, եւ ներկա դրությամբ տակավին դժվար է գնահատել Ռուսաստանի այս աննախադեպ ռազմաքաղաքական ակցիայի դեմոգրաֆիական հետեւանքները՝ գոնե մեր հանրապետության համար։ Այս թեմային մենք առաջիկայում կանդրադառնանք, իսկ մինչ այդ նշենք, որ ԱՊՀ մի շարք հանրապետությունների օրենքներով այլ երկրների զինուժում ծառայելը համարվում է քրեորեն պատժելի արարք։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930