Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 26,2003 00:00

ՊԵՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Երեկ կառավարությունը որոշել է մանկավարժներին խրախուսելու նպատակով լավագույնը ճանաչված մանկավարժին ու դաստիարակին պետական միջոցների հաշվին տարին մեկական «Վազ 2106» ավտոմեքենա նվիրել: Լավ նախաձեռնություն է, բայց մեր բարձրաստիճան պաշտոնյաները իրենց այդ նույն պետական միջոցների հաշվին ավտոմեքենա են նվիրում առանց լավագույնը ճանաչվելու, առանց որեւէ շնորհակալ գործ անելու, այն էլ ոչ թե «Վազ 2106», այլեւ «Մերսեդես», BMW կամ «Պեժո»: Պետական մտածելակերպ է: Կառավարությունը երեկ որոշել է նաեւ սահմանամերձ շրջաններում ուսուցիչների պակասը լրացնելու նպատակով այնտեղ կամավոր աշխատանքի գնացողներին դրամական փոխհատուցում տրամադրել. տեղափոխման համար՝ 15000 դրամ, ճանապարհածախսի համար՝ 4 անգամվա համար, բնակարանի համար՝ ամսական 10000 դրամ, որպես կեցության ծախսեր՝ 5000 դրամ: Այսպիսով, նախատեսվում է լրացնել հանրապետությունով մեկ 680 ուսուցչի պակասը: Սրանից 136-ը օտար լեզվի գծով է, այդ պատճառով էլ ձեռնարկին աջակցելու պատրաստակամություն են հայտնել նաեւ Գերմանիայի ու Ֆրանսիայի դեսպանատները: Արդեն մարզերում գտնվող ու աշխատող ոչ տեղացիների համար փոխհատուցում նախատեսված չէ, այդ պատճառով էլ, չի բացառվում, որ այդպիսի ուսուցիչների որոշակի տեղաշարժ լինի: Սակայն Կրթության եւ գիտության նախարար Սերգեյ Երիցյանը լրագրողներին հայտնեց, որ դրա դեմն առնելու մեխանիզմներն էլ ունեն: ԿԳ նախարարը «չգիտեմ ում թելադրանքով ցույցի ելածներ» որակեց հանրակացարանի խնդրով բողոքի ցույց անող ուսանողներին, եւ հավաստիացրեց, որ հանրակացարանի խնդիր չունեն: Այնուամենայնիվ, հանրակացարանի մի քանի ուսանող-բնակիչներ «Առավոտին» բառացիորեն մեկ օր առաջ ոչ պաշտոնապես հայտնել էին, որ մասնավորապես արտասահմանցի ուսանողները շատ սենյակներում 3-3 են բնակվում՝ խոստացված 2-2-ի փոխարեն: Ս. Երիցյանը այսպիսի տեղեկությունները ճիշտ չի համարում եւ նշում է, որ մտադիր են ազատ սենյակներն այլ բուհերի ուսանողներով բնակեցնել: Ա. ՈՒ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930