Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԿԱՅԻՑ» ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 01,2003 00:00

«ՄԻԿԱՅԻՑ» ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ Առայժմ բենզին ներկրող կազմակերպությունները դա անում են մասնակիորեն Բենզինի շուկայում տեղի ունեցող զարգացումներն այս տեմպերով շարունակվելու դեպքում Միխայիլ Բաղդասարովը շուտով կարող է դուրս մղվել այդ շուկայից: Սակայն առայժմ դուրս չի մղվի. պարզապես արտաքին մատակարարի իր ծավալները կնվազեն մինչեւ 40 տոկոսի, նախկինում ունեցած 78-ի փոխարեն: Ինչպես հայտնի է, 2000 թվականից ի վեր ներկրմամբ զբաղվող հայաստանյան ընկերությունները բենզինի շուրջ 78 տոկոսը ձեռք էին բերում արտաքին մեկ մատակարարից՝ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «MIKA LTD»-ից: Այնուհետեւ 2002 թվին այդ ծավալները նվազել են, կազմելով շուրջ 64 տոկոս: Մեր աղբյուրների վկայությամբ, Բաղդասարովի ծավալներն էլի կնվազեն, իջնելով մինչեւ 40 տոկոսի: «Առավոտի» ուսումնասիրությունները հաստատեցին, որ, իրոք, Բաղդասարովի ներկայությունը բենզինի շուկայում սահմանափակվում է: Պատգամավոր Հարություն Փամբուկյանին պատկանող շուկայում որոշակի կշիռ ունեցող «Մաքս ֆյուել» ընկերությունը գործունեության հենց սկզբից էլ այլ աղբյուրից է ձեռք բերել իր ներկրելիք բենզինը՝ «Սվիֆթ էնթերպրայզիսից»: Այնուհետեւ նույն «աղբյուրից» սկսեցին օգտվել «Ագրոպետրոլսերվիսը», «Էքսիմ Պետրոլ գրուպը», «Ֆլեշը»: Այդպես վարվեցին շուկայում էական կշիռ ունեցող բոլոր ընկերությունները՝ բացի Բաղդասարովին պատկանող «Միկա Արմենիա թրեյդինգից»: Մեր աղբյուրների տեղեկություններով, «Միկայից» մասնակիորեն հրաժարվելու գործընթացը հրահանգավորված էր «վերեւից»: Սակայն առայժմ Բաղդասարովին շուկայից դուրս մղելու խնդիր չկա, ինչը հաստատում է այն հանգամանքը, որ բոլորն էլ Բաղդասարովից, որպես արտաքին մատակարարից, հրաժարվել են մասնակիորեն, եւ մյուս մատակարարի հետ աշխատում են մի տեսակ որպես այլընտրանքային գործընկեր: Ուշագրավ է նաեւ, որ բոլորն էլ որպես նոր գործընկեր ընտրել են միեւնույն ընկերությունը՝ «Սվիֆթ էնթերպրայզիսին»: Հարցին, թե ինչու են հրաժարվել հին գործընկերոջից, «Ագրոպետրոլսերվիս» ընկերության նախագահ Արարատ Դավթյանը նշեց. «Միկայի» հետ մենք աշխատում ենք, աշխատելու ենք: Բիզնեսի մեջ չկան մշտական գործընկերներ: Այստեղ չի կարելի կոնստանտ մտքեր արտահայտել: Գործի շահն է թելադրում»: «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը չբացատրեց իր ընտրության պատճառները, միայն նշեց, որ նախկինում ոչ թե «Միկայից» էր գնում, այլեւ մի քանի ներկրողներով «Միկային» լիազորել էին իրենց անունից բանակցություններ վարել: Իսկ այժմ, ըստ նրա, երբ ամեն մեկն ինքնուրույն է բանակցություններ վարում եւ ինքնուրույն գործում, տոննայի մեջ 8-10 դոլար են կորցնում: Այսինքն, ստացվում է, որ «Միկայի» հետ չաշխատելը բիզնեսին վնաս է բերում։ «Էքսիմ Պետրոլ գրուպից» հայտնեցին, որ «Միկայից» «հրաժարվելու խնդիր չկա: Շարժվում ենք զուտ գնի եւ բիզնեսի շահերով: Եթե նպատակահարմար լինի հետագայում եւս կհամագործակցենք այդ ընկերության հետ»: Իսկ «Մաքս ֆյուելի» տնօրեն Ալեքսանդր Միրումյանը նշեց. «10 տարուց ավելի է, մեր ընկերությունն այդ ֆիրմայի հետ է աշխատում: Մինչեւ 2000 թիվը այդ ֆիրմայից էին բենզին գնում նաեւ հայաստանյան մյուս ընկերությունները, սակայն հետո փոխեցին գործընկերոջը»: Եւս մի հետաքրքիր հանգամանք, տեղեկություններ կային, թե «Սվիֆթ էնթերպրայզիսը» Հարություն Փամբուկյանին է պատկանում, ինչը, սակայն, գործարարը հերքեց, նշելով, որ իրենց միջեւ միայն գործընկերային հարաբերություններ են: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել