Լրահոս
Օրվա լրահոսը

Փիլիսոփան «բնիկ» գյումրեցի՞ է

Նոյեմբեր 19,2003 00:00

Փիլիսոփան «բնիկ» գյումրեցի՞ է 20-րդ դարի միստիկ փիլիսոփա եւ «էզոթերիկ քրիստոնեության» հիմնադիր Գեորգի Գյուրջիեւը ծնունդով գյումրեցի է: Դրանում վստահ են գյումրեցիները: Երկար տարիներ նրա անձի ու կենսագրության շուրջ պտտվող հակասական ու վիճահարույց պատմություններին ի պատասխան, 1997թ. հիմնադրված Գյումրիի Գյուրջիեւյան հայկական կենտրոնը ձգտում է ապացուցել այս փաստը եւ աշխարհին ներկայացնել նրա կյանքի հայկական հատվածը: Հայ գյուրջիեւագետների ենթադրմամբ, նա այստեղ է ապրել մինչեւ 30 տարեկան հասակը. չնայած անընդմեջ փնտրտուքի մեջ է եղել դեպի Արեւելյան իմաստասիրական կենտրոններ, Տիբեթ, Եգիպտոս: Գյուրջիեւի կենսագրական գրքերում սխալ ինֆորմացիա է հաղորդվում նրա ծննդավայրի ու ծննդյան թվի մասին (օրինակ, «ծնվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի սահմանին, մի խուլ բնակավայրում»): «Պրիմիտիվ, ոչ գիտական կենսագրություն են գրել, իսկ մեր ուսումնասիրությունները խառնեցին աշխարհի տարբեր Գյուրջիեւյան գիտական կենտրոնների խաղաթղթերը»,- վստահեցնում է հայկական կենտրոնի հիմնադիր, պատմաբան Ավետիք Մելիք-Սարգսյանը: «Պատվախնդիր» գյումրեցիներն իրենց համաքաղաքացու կյանքը սկսեցին ուսումնասիրել 1994172ից հետո, երբ բրիտանական «Էլեմենտ բուքս» հրատարակչությունը նամակ հղելով Գյումրիի Մերկուրովի տուն172թանգարանի տնօրինությանը՝ հետաքրքրվում էր, թե ինչ տեղեկություններ կան պահպանված Գյուրջիեւի մանկության ու պատանեկության, Գյուրջիեւ-Մերկուրով ազգակցական կապի մասին: Այստեղից էլ սկսվեց գյումրեցիների գիտական փնտրտուքը: Հայ գյուրջիեւագետներին հաջողվեց ձեռք բերել Ալեքսանդրապոլի քաղաքապետարանի («Գորոդսկայա ուպրավայի») 1907թ. արխիվային փաստաթղթերը, որտեղ արձանագրված է Գյուրջիեւների ընտանիքի յուրաքանչյուր անդամի ծննդյան թիվը, ազգությունը, դավանած կրոնն ու սոցիալական դրությունը: Ըստ այդ փաստաթղթի, փիլիսոփան ծնվել է 1880-ին: Ավետիք Մելիք-Սարգսյանի վստահեցմամբ, թե Գյուրջիեւները, թե Մերկուրովները հունադավան հայեր են, եւ պատահական չէ նրանց Ալեքսանդրապոլ տեղափոխվելու հանգամանքը: Մեկ այլ փաստաթուղթ օգնեց կենտրոնի աշխատակիցներին գտնելու Գյուրջիեւների ապրած տունը: Նա ծնվել է Ալեքսանդրապոլի հունական թաղամասում կամ գյումրեցիների խոսքերով՝ «Ուռմի յապույում», այսինքն՝ Հռոմից եկածների փոս: Խաղաղ փողոցի վրա գտնվող նրանց տան նկուղային հարկը մինչեւ օրս անփոփոխ պահպանված է: Գյուրջիեւը «Հանդիպումներ ականավոր մարդկանց հետ» գրքում հիշատակում է իրենց փողոցն ու թաղամասը: Կենտրոնի անդամները հայտնաբերեցին նաեւ նրա հոր՝ Աշուղ Ադաշի (նշանակում է եղբայր) գերեզմանը: Նա թաղված էր Ալեքսանդրապոլի հին գերեզմանոցում: Նրա երգերը մինչեւ օրս կատարում են Գյումրիում: Գյուրջիեւի գիտական ժառանգորդները հասցրել էին կատարել նրա կտակը ՝ գերեզմանի քարին փորագրելով հետեւյալ միստիկական խոսքերը. «Ես այդ դու եմ, դու այդ ես եմ, նա մերն է, մենք նրանը եւ թող այդպես լինի մեր մերձավորի համար»: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Գյումրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել