Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Միտինգավորները» համերգ կտան

Ապրիլ 15,2004 00:00

«Միտինգավորները» համերգ կտան Ջութակահարուհի Էլիզաբեթ Վեբերը (Գերմանիա) եւ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը (Դանիա) այսօր, Ա. Խաչատրյան համերգասրահում հանդես կգան «Սերենադ» կամերային նվագախմբի ընկերակցությամբ, իսկ ապրիլի 19-ին՝ Կամերային երաժշտության տանը՝ դուետով։ Զրույցի սկզբում, «Առավոտի»՝ «Ո՞վ է ձեր երեւանյան համերգների կազմակերպիչը» հարցին երաժիշտները պատասխանեցին, որ Երեւան են ժամանել «Սերենադ» կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հրավերով։ Երկու տարիների համագործակցության արդյունքում արվեստագետները մասնակցել են երաժշտական փառատոների ոչ միայն Գերմանիայում ու Դանիայում, նաեւ Շվեյցարիայում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում։ Երիտասարդ երաժիշտներն իրենց ստեղծագործական կյանքի ճանապարհին կարեւորում են մասնակցությունը միջազգային մրցույթներին։ Էլիզաբեթը՝ 3, իսկ Մարիաննան 5 միջազգային մրցույթների մրցանակակիրներ են։ «Առավոտի» հարցին՝ «Երբեւէ մրցույթներից չե՞ք ունեցել հիասթափություն եւ ի՞նչ են տվել դրանք ձեզ», երաժիշտները պատասխանեցին. «Յուրաքանչյուր երիտասարդ արվեստագետի ստեղծագործական կյանքում պարզապես անհրաժեշտություն է մասնակցությունը մրցույթներին։ Սա չենք ասում նրա համար, որ մենք մշտապես մրցանակներ ենք շահել։ Միայն մասնակցության դեպքում ես տեսնում՝ ինչ է կատարվում աշխարհում, այսինքն, մրցույթներին տարբեր երկրների երաժիշտների մասնակցությունից անգամ կարող ես պատկերացում կազմել տվյալ երկրի երաժշտական կյանքի ու մշակութային քաղաքականության մասին»։ Մեր հաջորդ՝ «Ի դեպ, զուտ քաղաքականության մասին. ձեր այցի առաջին օրը ականատես եղաք բազմամարդ հավաքի։ Ինֆորմացիա ստացա՞ք ինչ հավաք էր դա՝ ով ինչ էր ուզում, չվախեցա՞ք, չանհանգստացա՞ք արդյոք» հարցի առնչությամբ Էլիզաբեթն ու Մարիաննան տեղեկացրին, որ իրենց համար նման հավաքները նորություն չեն։ Դրանց ականատեսն են եղել Եվրոպայի շատ երկրներում։ Էլիզաբեթը նույնիսկ տեղեկացրեց, որ ինքը 15 տարի առաջ ներկա է եղել հայտնի Բեռլինի պատի քանդման «արարողությանը»։ Նա հավելեց նաեւ, որ Գերմանիայում իր հայազգի կոլեգաներից՝ դաշնակահարուհի Տաթեւիկ Մոկացյանից, թավջութակահար Միքայել Հախնազարյանից, ջութակահարուհի Անի Կուրտիկյանից ու, վերջապես, Մարիաննայից, որոնց, բնականաբար, չի կարող չհուզել հայրենիքում կատարված ամեն մի նեգատիվ երեւույթ, «ժամանակ առ ժամանակ տեղեկացվում եմ «հայկական անցուդարձին» ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում։ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել