Ամերիկայում բնակվող մարզիկ, ջրագնդորդ Դավիթ Թովմասյանի անունը հայտնի է ոչ միայն հայ համայնքում, այլ՝ hայաստանյան մարզաշխարհում։ Նա պարբերաբար է լինում Հայաստանում, մասնակցում տարբեր միջոցառումների։ Վերջերս նա կրկին Հայաստանում էր:
Հայաստանում ամեն տարի անցկացվող ջրագնդակի մրցումները կազմակերպում է նրա ընկեր Համիկը՝ իր որդու՝ Հենրիկի ծննդյան օրվա առթիվ (տես նաև «Ջրագնդակի Հայաստանի պատմության մեջ թերեւս մի նոր ու հաստատուն ուղի է գծում «Բարձունքի Հենոն» )։ Այդ օրը տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Թբիլիսիից, Ամերիկայից և այլ վայրերից, հրավիրվում են ջրագնդակի ակումբներ, որոնք մասնակցում են Հայաստանի թիմերի հետ կազմակերպվող մրցումներին՝ ի հիշատակ նրա որդու։
Դավիթ Թովմասյանը Հայաստանյան մրցումների ժամանակ ծանոթացել է «Զինվորի տուն» կազմակերպության տղաների հետ, որոնք նույնպես մասնակցում էին մրցումներին։ Անգամ մտերմացել և այլևս կապվել է պատերազմին մասնակցած երիտասարդների հետ։ Մահը տեսած տղաների հետ ընկերությունը, հանդիպումները Դավիթին փոխեցին, նա ավելի հասուն է նայում կատարվածին, գնահատում ազգային արժեքները, ավելի կապվել է հայրենիքի հետ։
Բացի «Զինվորի տան» տղաների հետ իր մտերմությունից, Դավիթը շատ սերտ շփումների մեջ է նաև Հայաստանի ջրագնդակի տարբեր թիմերի մարզիկների հետ։ Հայաստան այցելելիս Դավիթը շարունակում է պահպանել կապն իր ընկերների հետ։ Բացի այդ, նրա ORWP ակումբն ամեն տարի կազմակերպում է մարզական ճամբարներ Ծաղկաձորի սպորտային համալիրում, որոնց Դավիթը և իր եղբայրը մասնակցում են։ Այս ճամբարները ևս հնարավորություն են տալիս նրանց միասին ժամանակ անցկացնելու, մարզվելու և ամրապնդելու իրենց ընկերական կապերը։
Կարդացեք նաև
Մի փոքր Դավիթի մասին: Ըստ հարազատների, մտերիմների՝ Դավիթը շատ ընկերասեր և մարդամոտ երիտասարդ է, սիրում է շփվել մարդկանց հետ և հեշտությամբ նոր ընկերներ է ձեռք բերում։ Միևնույն ժամանակ նա շատ հանգիստ, լուռ և հասուն բնավորություն ունի։ Դավիթ Թովմասյանը միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մեծ սպասումներ ուներ և շատ ոգևորված էր, որ պետք է խաղար Hoover High School-ի թիմում, որտեղ խաղում է նաև իր եղբայրը։ Նրա համար շատ կարևոր էր այն հնարավորությունը, որ եղբոր հետ միասին կարող էին լինել նույն թիմում և միասին հանդես գալ։ Սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց, քանի որ Դավիթը ստացավ հետաքրքիր առաջարկներ, որոնք նոր հնարավորություններ բացեցին նրա մարզական ճանապարհին։ Նա միշտ լրջորեն է վերաբերվել իր նպատակներին և մեծ ջանքեր է գործադրել ուսման մեջ՝ լավ սովորելու և իր առջև դրված նպատակներին հասնելու համար։ Նրա համար կարևոր է ոչ միայն սպորտում հաջողության հասնելը, այլև կրթության միջոցով իր ապագան կառուցելը։
Դավիթ Թովմասյանը ընդգրկված է նաև ջրագնդակի ոլորտում հայտնի DUCKO ընկերության Test Pilot ծրագրում։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս տարբեր ակումբներից ընտրված երիտասարդ ջրագնդորդներին ներգրավվել DUCKO-ի հատուկ ծրագրում՝ փորձարկելու ընկերության արտադրանքը, ներկայացնելու իրենց կարծիքն ու փորձը և իրենց մարզական գործունեությամբ ներկայացնելու այդ ծրագրի մասնակիցների համայնքը։ Դավիթը ընտրվել է այդ ծրագրի մասնակիցներից մեկը և այնտեղ հանդես է գալիս 47 համարով։ Նրա ընդգրկվելը DUCKO Test Pilot ծրագրում կարևոր ձեռքբերում է, քանի որ այն վկայում է նրա մարզական ակտիվության և ջրագնդակի նկատմամբ նվիրվածության մասին:
Ի դեպ, DUCKO-ն ջրագնդակի մասնագիտացված ամերիկյան ապրանքանիշ/արտադրող է, որի արտադրանքը ներառում է կանանց և տղամարդկանց ջրագնդակի լողազգեստներ, գլխարկներ, սրբիչներ, պոնչոներ, խալաթներ, պարկաներ և թիմային համազգեստ։ Ընկերությունը նշում է՝ իր արտադրանքը նախագծվում և պատրաստվում է Հարավային Կալիֆոռնիայում։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.09.2026




















































