«Մենք չպետք է կիրառենք վատագույն տարբերակները՝ արդարացնելու մեր անգործությունը։ Իրավունքը պահանջում է, որ ռազմական գործողությունների ակտիվ ավարտից հետո գերիները պետք է վերադարձվեն»,- «Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ, մարդասիրական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը՝ անդրադառնալով Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի հարցով ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին։
Մասնավորապես, հարց հնչեց, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն ասել էր, թե երկրորդ աշխարհամարտից հետո գերիների վերադարձը 10 տարի է տեւել։ Իսկ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը նշել էր, թե պետք է զգուշորեն մոտենալ վերադարձի հարցին եւ «իմիջային վնաս» չպատճառել Ադրբեջանին։
Աննա Մելիքյանի խոսքով՝ Ադրբեջանը շատ լավ օգտագործում է միջազգային իրավունքի այն դրույթները, որոնք կարող է մեկնաբանել իր օգտին։ Եվ երրորդ կողմի համար, որն անտեղյակ կարող է լինել որոշ հանգամանքներից, դա շատ համոզիչ կարող է թվալ, որովհետեւ Ժնեւյան կոնվենցիան եւ միջազգային մարդասիրական իրավունքը թույլ են տալիս, անգամ պահանջում են, որ պատերազմական հանցագործությունների, ցեղասպանության համար անձինք դատապարտվեն։
Կարդացեք նաև
«Հենց դրանով է պայմանավորված այն մեղադրանքը, որն Ադրբեջանը փորձել է ներկայացնել այնտեղ պահվող հայերին եւ դատապարտել։ Ու հենց դա է օգտագործում տարբեր հարթակներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում եւ այլն, թե հայերը «պատերազմական հանցագործ են, պետք է դատապարտվեն, մենք մեր միջազգային պարտավորությունն ենք կատարում, ի՞նչ եք ուզում մեզանից»։ Մենք պետք է ավելի ակտիվորեն՝ եւ իշխանությունները, եւ այլ դերակատարներն ամեն օր ջանք թափենք՝ ցույց տալու, որ Բաքվում արդար դատաքննություն տեղի չի ունեցել։ Այսինքն՝ այդ մեղադրանքները հիմնավորված չեն, անհատականացված չեն, ուստի, մենք չենք կարող խոսել այդ պարտավորության կատարման մասին, մենք պետք է խոսենք, որ անարդար դատավարության հետեւանքով այդ դատավարությունները որեւէ հիմք ու քաշ չունեն միջազգային իրավունքի տեսանկյունից։ Նրանք պետք է վերադարձվեն»,- ասաց Աննա Մելիքյանը։
Նրա խոսքով՝ միջազգային ատյաններում ՀՀ իշխանությունները պահանջեր չեն հնչեցնում գերիների վերադարձի հարցով, ավելի մեղմ հայտարարություններ են անում։ «Հենց նույն միջազգային կառույցները Ադրբեջանին պարբերաբար հիշեցրել են, որ պետք է արդար դատաքննություն լինի, բայց այլեւս չեն հիշեցնում։ Ինչո՞ւ, որովհետեւ մենք չենք հիշեցնում։ Ինչո՞ւ ենք մենք ասում, որ Հայաստանի իշխանությունները պետք է ավելի ջանասիրաբար այս հարցերը բարձրացվեն, որ կարողանանք գոնե երրորդ կողմի միջնորդությամբ ունենալ ինչ-որ արդյունք, եթե ուղիղ չեն կարողանում խնդրի լուծմանը հասնել»,- հավելեց Աննա Մելիքյանը։

Representatives of the NGO Protection of Rights Without Borders Anna Melikyan, humanitarian affairs expert Taron Simonyan, international law specialist and Founding Partner of ELL PARTNERSHIP Hrayr Paleyan, and a peacebuilding and conflict resolution specialist hold a discussion organized by CivilNet in Yerevan, Armenia
Միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանն էլ, անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին, ասաց․ «Ես ուզում եմ, որ մենք չափազանց խիստ լինենք պաշտոնատար անձանց հայտարարությունների նկատմամբ, որովհետեւ առանձին դեպքերում դրանք վերագրելի են պետությանը։ Նաեւ կա միջազգային դատական պրակտիկա, թե որ պաշտոնատար անձի խոսքն է վերագրելի պետությանը։ Բայց անգամ պատգամավորի խոսքն անուղղակիորեն կարելի է վերագրել պետությանը։ Եվ անկարողությունից կամ անգործությունը հիմնավորելու համար չի կարելի տգիտության քարոզ իրականացնել, որովհետեւ այդ տգիտության քարոզը հավասարվում է անբարոյականությանը։ Եթե ասում եք, որ երկրորդ աշխարհամարտից հետո գերիներ եղել են, եւ նորմալ է դա, մի քիչ ավելի հետ գնացեք, մի 1000 տարի հետ գնացեք կամ 100 տարի հետ գնացեք, ասեք՝ առաջ էլ գերիներին տանում ստրուկ էին դարձնում կամ գնդակահարում էին, նորմալ է։ Սա ինչ է, եթե ոչ անբարոյականություն կամ տգիտության քարոզ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Տարոն Սիմոնյանի խոսքով՝ այսօր իրավական մեծ գործիքակազմ կա հայ գերիների վերադարձի համար։ Անգամ Հայաստանի կարող է դիմել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան եւ Ադրբեջանին պատասխանատվության կանչել այս հարցով։ Մի քանի միջազգային կոնվենցիաներ էլ կան, որոնք Հայաստանն այսօր կարող է օգտագործել, բայց չի օգտագործում։
«Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ անգամ դատավարությունների ժամանակ մենք տեսնում էինք, որ մեր գերիներին դեմքերին կային կապտուկներ, եւ դա հենց խոշտանգման հետեւանք է։ Մարդկանց հոգեբանական եւ ֆիզիկական խոշտանգումների են ենթարկում, ինչո՞ւ մենք որպես պետություն չենք օգտագործում դա։ Փոխարենը խոսում են, որ պետք է միջազգային հայցերը հետ վերցնենք՝ ուղղակիորեն խախտելով Սահմանադրությունը։ Իհարկե, անձինք կարող են իրենց իրավունքների պաշտպանության գործիքակազմն իրացնել դատարաններում, բայց դրանք սահմանափակ են։ Մենք տվյալ պարագայում ունենք միայն ՄԻԵԴ-ը։ Իսկ երբ պետությունն է գնում նույն ՄԻԵԴ կամ Արդարադատության միջազգային դատարան, պետության տարած հայցապահանջները նախ ավելի շուտ են քննվում եւ ավելի մեծ պատասխանատվության լծակներ են առաջացնում»,- նշեց Տարոն Սիմոնյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































