«Հայաստանի ներկայիս իշխանությունն ամբողջությամբ ազատում է Ադրբեջանի բռնապետին բոլոր հանցանքներից, որոնց համար Ալիևն ու իր ամբողջ վարչակազմը պետք է կանգնեն Միջազգային դատարանի առջև»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը՝ անդրադառնալով Բաքվի հանցավոր վարչակազմի ցեղասպան գործողություններին ու դրանց ՀՀ իշխանությունների արձագանքին։
–Տիկին Քարամյան, Բաքվի հանցավոր վարչակազմը հիմա էլ միջազգային հանրության ներգրավմամբ փորձում է բռնայուրացնել Արցախի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Ինչպե՞ս կարձագանքեք այս իրադարձություններին։
-Դեռ 2020 թվականի պատերազմից հետո ես ասում էի, որ Բաքվի նպատակն է գրավել ամբողջ Արցախը: Եվ նույնիսկ դա իրենց չի բավարարում: Բաքուն պետք է ապացուցի ամբողջ աշխարհին, որ Արցախի հայերը ոչ թե բնիկ ժողովուրդ են, այլ եկվորներ: Միայն այդ դեպքում Բաքուն կարող է հիմնավորել իր պնդումները, թե «Արցախն իր տարածքն է, և Ադրբեջանն այն գրավել է իրավունքով»:
Որպեսզի դա ապացուցվի, Արցախում պետք է ջնջվեն հայերի բնակության բոլոր վկայություններն ու հետքերը: Քանի որ Շուշիի Ղազանչեցոցը, Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը հիմնովին քանդելը կամ յուրացնելը առերևույթ վանդալիզմ կդիտվեր համաշխարհային ասպարեզում, այդ ֆաշիստական երկրի ղեկավարությունը որոշել է վերանվանել հայկական կոթողները կամ «ալբանական» կամ «ուդիական»:
Կարդացեք նաև
Բազմիցս ենք նշել, որ Ադրբեջանը հիմնված է ստի վրա, այդ իսկ պատճառով արհեստական ազգը՝ ադրբեջանցիները, չունենալով սեփական պատմություն, մշակույթ և ճարտարապետություն, կեղծիքների միջոցով փորձում են հիմնավորել իրենց արհեստական պետության գոյությունը:
–Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ դատական հայցեր չեն ներկայացնելու միջազգային դատական ատյաններ՝ Արցախի տարածքում տեղի ունեցող մշակութային ցեղասպանության փաստերով։ Եվ օրերս արդեն, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը հայտարարեց աշխատանքային խմբի ձևավորման մասին, որն իբր ուսումնասիրելու է Հայաստանի տարածքում՝ Սյունիքում, Վայոց ձորում և Սեւանա լճի ավազանում գտնվող եկեղեցիների, տաճարների և վանքերի պատմությունը։ Այսինքն՝ ՀՀ իշխանության քաղաքականությունը կանաչ լո՞ւյս է վառում հանցագործների համար՝ շարունակելու իրենց հանցագործությունն այս անգամ արդեն ՀՀ տարածքում։ Եվ սրա դեմ պայքարելու ի՞նչ մեխանիզմներ եք տեսնում։
-Բնական է, որ եթե Հայաստանի իշխանությունները «կուլ են տալիս» Արցախի, նրա պատմության և ժառանգության ոչնչացումն ու յուրացումը, դրանով հասկացնում են Ադրբեջանին, որ նույնը կարող են շարունակել նաև Հայաստանում: Մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ Ադրբեջանի համար Արցախն ու Հայաստանը նույն հայերի երկիրն են: Այսինքն՝ իրենք չեն բավարարվելու միայն Արցախով, նրանց նպատակը հայկական պետականության ոչնչացումն է: Քանի որ միջազգային ասպարեզում չկա այն կոնսենսուսը, որը թույլ կտար Ադրբեջանին պատերազմով գրավել Հայաստանը, ինչպես դա եղավ Արցախի պարագայում, ֆաշիստ Ալիևը այլ ձևեր է գտնում. նրանք օգտագործում են միջազգային իրավունքն ու օրենքներն իրենց ոճրագործությունները քողարկելու և Հայաստանը խաղաղ ճանապարհով գրավելու համար: Ձեր նշած ծրագիրը հենց այդ շարքից է: Յուրացնելով պատմամշակութային ժառանգությունը՝ նրանք հաստատվելու են Հայաստանում և ժամանակի ընթացքում փորձելու են փոխել դեմոգրաֆիկ պատկերը: Նույն ծրագիրն է, որն իրականացվում էր Արցախում ԽՍՀՄ տարիներին:
Ինչ վերաբերում է Սևանի ավազանին, ապա այս դեպքում ադրբեջանցիները այլ նպատակ են հետապնդում: Նրանք ուզում են ստանալ Սևանի քաղցրահամ ջրերը և լուծել իրենց տնտեսական և բնակչության ջրամատակարարման խնդիրները: Ընդհանրապես, Ադրբեջանի բոլոր ծրագրերը հետապնդում են իրենց երկիրն ու ժողովրդի բարեկեցությունը զարգացնելու նպատակը: Իսկ հայկական ժառանգության յուրացումն այդ ծրագրերի իրականացման ուղիներից մեկն է:
–Եթե անդրադառնանք արցախցիների խնդիրներին՝ էթնիկ զտումից անցավ երեք տարի, ի՞նչ իրավիճակ է այսօր, ի՞նչ հնարավորություններ եք տեսնում արցախցիների իրավունքների վերկանգնման ուղղությամբ։
-Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները վարում են Արցախի հարցը փակելու և արցախցիների իրավունքները ոտնահարելու քաղաքականությունը: Կիսատ-պռատ սոցիալական ծրագրերն աստիճանաբար դադարեցվում են, բնակապահովման ծրագիրը ստեղծել է արտագաղթի նոր ալիք: Արցախի պետական մարմինները սպառնալիքների ներքո գրեթե չեն աշխատում: Անհատներին խնդիրներ բարձրացնելու և հարցեր տալու համար բանտարկում են:
Այսինքն՝ Հայաստանի ներկայիս իշխանությունն ամբողջությամբ ազատում է Ադրբեջանի բռնապետին բոլոր հանցանքներից, որոնց համար Ալիևն ու իր ամբողջ վարչակազմը պետք է կանգնեն Միջազգային դատարանի առջև:
Բայց դա չի նշանակում, որ արցախցիները հրաժարվում են իրենց իրավունքներից և դրանց պաշտպանությունից: Փոքրաթիվ արցախյան կազմակերպություններ միշտ թեժ են պահում բոլոր խնդիրները՝ թե իրավաքաղաքական, թե սոցիալական: Մեզ մնում է ուղղակի սպասել, մինչև կփոխվեն այս իշխանությունները և միջազգային խառնաշփոթը: Բոլորս տեսնում ենք, որ միջազգային իրավունքն ու ատյանները կոլապսի են ենթարկված: Համաշխարհային ճգնաժամը թույլ չի տալիս արցախցիներին իրենց իրավունքների խնդիրները բարձրացնել: Բայց այսօրվա աշխարհում իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ մեկ օրվա մեջ ամեն ինչ կարող է գլխիկոր փոխվել:
Ասեմ նաև, որ արցախցիներն ու իրավաբանները ձեռքները ծալած չեն նստել՝ բազմաթիվ իրավաբաններ ու իրավաբանական կազմակերպություններ անհատական հայցեր են ներկայացնում ՄԻԵԴ և ՄՔԴ, ինչպես կորցրած գույքի, այնպես էլ գերեզմաններ այցի պահանջներով: Դժվար է դիմանալ այս պառակտման, լուտանքների կեղտաջրերին, բայց մենք սա էլ կհաղթահարենք: Լցվենք համբերությամբ ու սպասենք լավ ժամանակներին:
Ռոզա Հովհաննիսյան
«Առավոտ» օրաթերթ
26.09.2026



















































