«Այսօր Բաքվի բանտերում է գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը․ այդ մարդիկ այնտեղ են հայտնվել միայն ու միայն արցախցիներին ներկայացնելու համար։ Երբ տեսնում ենք Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ այդ մարդիկ անազատության մեջ են, սա ճիշտ բնութագիր չէ, եթե շատ մեղմ ասեմ։ Վերջին օրերին մենք Ազգային ժողովում հանդիպման էինք մասնակցում․ կառավարության լիազոր ներկայացուցիչները լքեցին դահլիճը և որևիցե հարցի չպատասխանեցին։ Սրանք այն բոլոր ցուցիչներն են, որոնք ցույց են տալիս օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը։ Գիտեք, որ առաջիկայում նաև վերցնելու են Արցախի ներկայացուցչության շենքը, ինչը վերջին շրջանում ծառայում է որպես արցախցիների համար ապաստարան․ կարելի է այսպես բնութագրել։ Եվ այն մարդիկ, ովքեր կարող էին Հայաստանի Հանրապետությանը փոփոխություններ բերել, այսօր բանտերում են․ Հանրապետության երկրորդ նախագահը կալանավորված է, երրորդ նախագահն անցնում է ինչ-որ անհեթեթ քրեական գործերով, Գագիկ Ծառուկյանը կալանավորված է, Սամվել Կարապետյանը տնային կալանքում է, և այս բոլոր բաղադրիչները վերլուծելով՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի հանրապետության օրվա իշխանությունները Հայաստանը տանում են այլ ուղղությամբ»,- «Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Նա վստահություն հայտնեց, որ քննարկումից հետո կստեղծվի նաև հարթակ, որտեղ կունենանք ռազմավարություն՝ ինչպե՞ս ենք շարժվելու․ «Խնդիրը մեկն է բոլորիս համար․ ակնհայտ է, թե ինչ պետք է մենք անենք, և օր առաջ պետք է ազատվենք այս իշխանություններից։ Տիկին Հակոբյանը, քանի որ հանգամանորեն նշեց այն բոլոր խնդիրները, ես կարիք չեմ գտնում շեշտադրումներ անել սոցիալական խնդիրների մասին․ միայն մեկ փաստ․ բենզինի պահեստի հետևանքով զոհված մեր հայրենակիցները այսօր կարգավիճակ չունեն, ինչը ցավալի է։ Բայց նաև մեկ այլ հանգամանք․ առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ բենզինի պահեստի դեպքը տեղի է ունեցել ռազմական գործողության հետևանքով, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանությունները դիտավորյալ, կարող եմ ասել, քաղաքական կամք չեն դրսևորում և այդ մարդկանց կարգավիճակի հարցը չեն լուծում։ Միայն կարող եմ ասել, որ արցախցիներն անցել են բոլոր արհավիրքներով, այս մեկը ևս կհաղթահարեն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































